«Արսենալը» «Մանչեսթեր Յունայթեդից» 10 միլիոն ֆունտ է պահանջում Մխիթարյան - Սանչես գործարքում

16:14   18 հունվարի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` Լոնդոնի «Արսենալ» տեղափոխության գործարքում միակ խնդիրը ֆինանսականն է։

Standard.co.uk-ի համաձայն՝ «Արսենալը»  չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին Հայաստանի հավաքականի ավագի հետ փոխանակելու գործարքում պահանջում է նաեւ 10 միլիոն ֆունտ ստերլինգ։ Մանչեսթերցիներն էլ ցանկանում են գործարքն իրականացնել առանց փոխհատուցում վճարելու։

Հունվարի 18-ին կայացած ասուլիսում «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել էր Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ հետաքրքրությունը։ Ֆրանսիացի մասնագետը նշել էր, որ աաջիկայում «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» կարող են փոխանակել Հենրիխ Մխիթարյանին ու Ալեքսիս Սանչեսին։ 

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մխիթարյանն «Արսենալի» հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր, իսկ նրա շաբաթական աշխատավարձը կկազմի 130 հազար ֆունտ ստերլինգ՝ գումարած բոնուսներ։ Նա 2016-ին Դորտմունդի «Բորուսիայից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում ստանում է շաբաթական 150 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ։

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Հենրիխ Մխիթարյանը հայտարարել էր, որ «Արսենալում» խաղալը եղել է իր երազանքը: 28-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականի ամառը: Անգլիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 15 խաղի եւ դարձել մեկ գոլի հեղինակ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.