Կամո Հովհաննիսյանը տեղափոխվել է «Ալաշկերտ»

14:14   16 հունվարի, 2018

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը տեղափոխվել է «Ալաշկերտ», հայտնում է ակումբի կայքը:

25-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի չեմպիոնի հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ 2020 թվականի օգոստոսի 1-ը: «Ալաշկերտի» նորեկն արդեն առաջին մարզումն է անցկացրել թիմի կազմում:

Կամո Հովհաննիսյանը նախորդ ակումբն էր «Տորպեդո-ԲելԱԶ»-ը, որի կազմում նա անցկացրել է Բելառուսի առաջնության 28 հանդիպում եւ դարձել էր 3-ական գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ: «Տորպեդո-ԲելԱԶ»-ի երկրպագուները հայ ֆուտբոլիստին ճանաչել էին Բելառուսի ավարտված առաջնության լավագույն խաղացող:

«Ալաշկերտի» հետ պայմանագիր կնքելուց հետո Կամո Հովհաննիսյանը կիսվել է իր տպավորություններով.

«Ուրախ եմ «Ալաշկերտի» հետ պայմանագիր ստորագրելու կապակցությամբ եւ ցանկանում եմ բազմաթիվ հաջողություններ արձանագրել իմ նոր թիմի կազմում` ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպական ակումբային մրցաշարերում: Շատ լավ եմ ճանաչում թիմակիցներիս, որոնց հետ հանդես եմ եկել տարբեր տարիքային հավաքականներում»,- նշել է Հովհաննիսյանը

Հիշեցնենք, որ մինչեւ Բելառուս տեղափոխվելը Կամո Հովհաննիսյանը հանդես էր գալիս Երեւանի «Փյունիկում»:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.