«Բարսելոնան» վերջապես հաղթեց «Անոետայում». «Քամբեք»՝ 0:2-ից հետո

01:37   15 հունվարի, 2018

Իսպանական Պրիմերայի 19-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4:2 հաշվով կամային հաղթանակ տարավ Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ: Բասկերը չկարողացան պահպանել 2 գոլի առավելությունը, որը ստացել էին առաջին խաղակեսում:

Հատկանշական է, որ վերջին 10 մրցաշրջաններում «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության խաղում «Ռեալ Սոսյեդադին» չէր հաղթել Սան Սեբաստիանի «Անոետա» ստադիոնում:

Հանդիպման սկզբնամասում կատալոնական ակումբն ավելի շատ էր գրոհում, բայց հաշիվը 11-րդ րոպեին բացեցին դաշտի տերերը: Մինչ «Բարսելոնան» փնտրում էր մրցակցի դարպասի բանալին, «Ռեալ Սոսյեդադը» 34-րդ րոպեին խփեց նաեւ երկրորդ գոլը: Հյուրերը հաշիվը կրճատեցին քիչ անց: Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի փոխանցումից հետո բրազիլացի կիսապաշտպան Պաուլինյոյին մնում էր միայն հարմար դիրքից գրավել դարպասը՝ 1:2:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հաշիվը դարձավ 2:2: 50-րդ րոպեին արտակարգ հարվածով աչքի ընկավ Լուիս Սուարեսը: Ընդմիջումից հետո «Բարսելոնան» ուներ նկատելի առավելություն, որը գոլի վերածեց 71-րդ րոպեին: Լուիս Սուարեսը դարձավ դուբլի հեղինակ, իսկ խաղի վերջակետը 85-րդ րոպեին տուգանային հարվածով դրեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին՝ 4:2:

«Բարսելոնան» 51 միավորով առաջատարն է եւ 9 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյից»: Լավագույն եռյակը եզրափակող «Վալենսիան» ունի 40 միավոր:

Հատկանշական է, որ չորրորդ տեղում գտնվող եւ այս տուրում պարտություն կրած Մադրիդի «Ռեալը» «Բարսելոնային» արդեն զիջում է 19 միավոր, թեեւ մեկ խաղ պակաս է անցկացրել: Վտանգավոր գոտու 18-րդ տեղում գտնվող «Դեպորտիվոյից» «Ռեալն» առաջ է 16 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Ռեալ Սոսյեդադ» - «Բարսելոնա»՝ 2:4

Ուիլիան Խոսե, 11, Խուանմի, 34 – Պաուլինյո, 39, Լուիս Սուարես, 50, 71, Լիոնել Մեսի, 85

«Ալավես» - «Սեւիլիա»՝ 1:0

Մանու Գարսիա, 52

Հեռացում՝ Ռուբեն Դուարտե, 85 («Ալավես»)

«Լեւանտե» - «Սելտա»՝ 0:1

Պիոնե Սիստո, 37

«Էսպանյոլ» - «Աթլետիկ»՝ 1:1

Խերարդ Մորենո, 29 – Ինիակի Ուիլյամս, 35



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։