Վաղինակ Գալստյան. Շատ ենք բարդացնում այն վիճակը, որը ստեղծվել է ըմբշամարտի ֆեդերացիայի շուրջ

19:48   12 հունվարի, 2018

Արայիկ Բաղդադյանը միառժամանակ չի զբաղեցնի Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Նրան փոխարինել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանը:

Այս տեղեկությունը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Վաղինակ Գալստյանը, ով Հայաստանի սպորտի նախարարության աշխատակազմի մարզական կազմակերպությունների եւ մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետն է: 

Օրերս Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում նոր նշանակումներ են եղել: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը հեռացել է պաշտոնից սեփական դիմումի համաձայն:

«Արայիկ Բաղդադյանն առողջական խնդիրներ ունի: Անորոշ ժամանակով նրան կփոխարինեմ ես: Ինքս շատ ծանրաբեռնված եմ, բայց քանի որ լավ քաջատեղյակ եմ մարզաձեւի խնդիրներին, այդ պատճառով ես ընտրվեցի որպես Արայիկ Բաղդադյանին փոխարինող: Քանի որ ֆեդերացիան գտնվում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո, իսկ նախագահի պաշտոնը ժամանակավորապես ստանձնել է Հրաչյա Ռոստոմյանը, ինձ հանձնարարվեց միառժամանակ զբաղեցնել Արայիկ Բաղդադյանի պաշտոնը:

Համաձայնեցի եւ գտնում եմ, որ իրավունք չունեմ հետ կանգնելու, քանի որ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր մարզաձեւում խնդիրներ չլինի: Կարծում եմ այս պաշտոնում իմ նշանակումը վերջնական չէ, եւ որ Արայիկ Բաղդադյանը շուտ կապաքինվի եւ կվերադառնա իր աշխատանքին: Այս պահին ես ժամանակավոր պաշտոնակատար եմ:

Երբեք որեւէ պաշտոն չեմ զբաղեցրել ըմբշամարտի ֆեդերացիայում, բայց տեղյակ եմ, որ համաշխարհային ըմբշամարտում օր օրի նոր կանոններն են առաջ գալիս, նոր փոփոխություններ են լինում: Որոշ ժամանակ կուսումնասիրեմ դաշտը եւ արդեն ինձ համար պարզ կլինի, թե մեր հավաքականներն ինչ բացթողումներ ունեն, ինչ լուծումներ տանք խնդիրներին:

Ինչ վերաբերում է ֆեդերացիայի անվան շուրջ պտտվող խնդիրների մասին տեղեկություններին, այդ ամենը միայն լարվածություն ստեղծելու միտում ունի: Այսպիսի մի խնդիր կա. մենք շատ ենք բարդացնում այն վիճակը, որը ստեղծվել է ըմբշամարտի ֆեդերացիայի շուրջ: Պետք չէ ավելի սրել հարաբերությունները, որովհետեւ իրականում որեւէ մեկը մեզ պարտական չէ: Այսօր այնպիսի վիճակ է, որ մեր տղաները պետք է խնդիրներ չունենան: Դեռ մեծ աշխատանք ունենք անելու, եւ բոլորս միասնական պետք է աշխատենք, որ մեր հաղթանակները կրկնապատկվեն, եռապատկվեն»,- ասաց Վաղինակ Գալստյանը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։