Ռուբեն Հայրապետյան. Հայաստանում կան Մխիթարյանից տաղանդավոր 10-ից ավելի ֆուտբոլիստներ (ֆոտո)

15:22   12 հունվարի, 2018

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հունվարի 12-ին կայացած ասուլիսում կարծիք է հայտնել, որ Հայաստանում կան անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից ավելի տաղանդավոր ֆուտբոլիստներ: ՀՖՖ-ի նախագահին հարցրել են, թե ինչու չի սահմանում Հայաստանի առաջնությունում հանդես եկող տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակ՝ հաշվի առնելով, որ Հենրիխ Մխիթարյանը մրցակցությունից դուրս է վերջին տարիներին:

«Մենք ունենք լավագույն հայ ֆուտբոլիստի մրցանակ: Մեկն էլ մի օր կարող է ասել՝ լավագույն պաշտպան, լավագույն կիսապաշտպան կամ լավագույն հարձակվող: Թող մյուս ֆուտբոլիստները երազեն եւ Մխիթարյանից առաջ անցնեն: Ամբողջ ինտրիգը պետք է դա լինի, որ մեկը փորձի Մխիթարյանից առաջ անցնել: Ես տեսնում եմ, որ պոտենցիալ կա, ֆուտբոլիստներ կան, թող գնան եւ դառնան: Պետք է դառնան Մխիթարյանի պես աշխատասեր ֆուտբոլիստներ: Կաշխատե՞ն Մխիթարյանի պես, կնվիրվեն ֆուտբոլին Հենրիխի պես, կլինեն նրա պես կարգապահ, նրանք էլ կդառնան Մխիթարյան եւ ավելի»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը:

Հարցին, թե ՀՖՖ նախագահը հայկական ֆուտբոլում տեսնում է այնպիսի խաղացողներ, որոնք նոր Մխիթարյաններ դառնալու հեռանկարներ ունեն, Հայրապետյանը պատասխանել է.

«Ես Մխիթարյանից ավելի տաղանդավոր ֆուտբոլիստներ եմ տեսնում: Հաստատ տեսնում 10-ից ավելի այդպիսի խաղացողներ, բայց արդյոք նրանցից մեկը կդառնա Մխիթարյանի նման: Շատ կարեւոր է լինել նրա պես աշխատասեր, պրոֆեսիոնալ ու կարգապահ եւ, ամենակարեւորը, սիրել ֆուտբոլը Մխիթարյանի նման: Եթե այդ 4 բաները կունենան այդ խաղացողները, որոնց ես տեսնում եմ, կդառնան Մխիթարյանից ավելի ուժեղ ֆուտբոլիստներ»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Հենրիխ Մխիթարյանը 8-րդ անգամ եւ 7-րդ տարին անընդմեջ ճանաչվել էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.