Անգլիայի Գավաթ. «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ կորզեց

01:50   6 հունվարի, 2018

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում 2:0 հաշվով դժվարին հաղթանակ տարավ Չեմպիոնշիփի երկրորդ տեղում գտնվող «Դերբիի» նկատմամբ եւ դուրս եկավ հաջորդ փուլ:

Հայաստանի հավաքականի 28-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսել էր Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի մեկնարկային կազմում: 

Առաջին խաղակեսում «Մանչեսթեր Յունայթեդն» անցկացրեց բազմաթիվ գրոհներ, որոնց մի մասը վտանգավոր էին ստացվում, սակայն դարպասը գրավել չհաջողվեց: Չնայած մեծ առավելությանը՝ մանչեսթերցիները պաշտպանությունում անթերի չէին գործում, եւ «Դերբին» եւս ստեղծեց մի քանի վտանգավոր պահեր: Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին:

Ընդմիջմանը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն փոխարինեց Հենրիխ Մխիթարյանին, որի փոխարեն դաշտ դուրս եկավ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, որը դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

Երկրորդ խաղակեսում մանչեսթերցիների առավելությունը հսկայական էր, սակայն դաշտի տերերը չէին կարողանում օգտագործել գոլային պահերը: Այնուամենայնիվ, վերջնամասում հաջողվեց հաղթանակ կորզել: 84-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդին» գեղեցիկ հարվածով առաջ մղեց անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը, իսկ վերջին րոպեին Ռոմելու Լուկակուն հակագրոհի արդյունքում նաեւ երկրորդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը: «Դերբին» լքեց պայքարը՝ թողնելով լավ տպավորություն:

1/16 եզրափակիչի ուղեգիր նվաճեց նաեւ «Լիվերպուլը», որը լիվերպուլյան դերբիում 2:1 հաշվով տնային հաղթանակ տարավ «Էվերտոնի» նկատմամբ: Յուրգեն Կլոպի թիմի հաղթական գոլը վերջնամասում խփեց «Սաութհեմփթոնից» օրեր առաջ տեղափոխված հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը, որը նորամուտը նշեց «Լիվերպուլի» կազմում:

Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակիչի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ:

Անգլիայի Գավաթ, 1/32 եզրափակիչ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Դերբի»՝ 2:0

Ջեսի Լինգարդ, 84, Ռոմելու Լուկակու, 90

«Մանչեսթեր Յունայթեդ». Սերխիո Ռոմերո, Վիկտոր Լինդելյոֆ, Քրիս Սմոլինգ, Դեյլի Բլինդ, Լյուկ Շոու, Անդեր Էրերա, Պոլ Պոգբա, Խուան Մատա (Անտոնի Մարտիալ, 67), Ջեսի Լինգարդ, Հենրիխ Մխիթարյան (Ռոմելու Լուկակու, 46), Մարկուս Ռեշֆորդ (Մարուան Ֆելաինի, 80):

«Լիվերպուլ» - «Էվերտոն»՝ 2:1

Ջեյմս Միլներ, 35 (11մ), Վիրջիլ վան Դեյկ, 84 – Գիլֆի Սիգուրդսոն, 67



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։