Հայկական սպորտի աստղերի զավակները (ֆոտո)

11:25   3 հունվարի, 2018

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել հայկական սպորտի աստղերի երեխաների շարքը:

Հայաստանի հավաքականի շախմատիստ, Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանի 3-ամյա որդի Սարգիսը ծնվել է 2014 թվականի դեկտեմբերի 13-ին:

Գաբրիել Սարգսյանն ու նրա կինը՝ Լիանան, ամուսնացել էին 2013 թվականին, իսկ նրանց հարսանիքի քավորը ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար Սերժ Սարգսյանն է:

Գրոսմայստերը դեռեւս չի կողմնորոշվել որդու ապագա մասնագիտության հարցում: Կդառնա չեմպիոնի որդին շախմատիստ, թե ոչ, ծնողները դեռ չեն որոշել: Գաբրիել Սարգսյանը դեմ չէ, որ որդին գնա իր ճանապարհով: Դրան հակառակ, թոռնիկի շախմատիստ դառնալուն դեմ է Գաբրիել Սարգյանի մայրը:

Չեմպիոնի որդին դեռեւս շախմատ խաղալ չգիտի: Բայց մեծ հետաքրքրությամբ հետեւում է, թե ինչպես է հայրը խաղում: Սիրում է հորը տեսնել շախմատի խաղատախտակի առջեւ: Արդեն կարողանում է մայրիկի օգնությամբ ճիշտ դասավորել խաղաքարերը:

NEWS.am Sport-ի նկարահանման օրը Սարգիսը սիրով ցուցադրեց շախմատի խաղատախտակի առջեւ իր ունակությունները՝ խաղաքարերը դասավորելը, քայլ անելն ու խաղատախտակի վրայից քարերը շրջելը, դրան զուգահեռ նաեւ մի քանի լեզուներով հաշվելու, արտասանելու հմտությունները:  

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի որդին՝ 4-ամյա Աշոտը հստակ կողմնորոշվել է ապագա մասնագիտության հարցում՝ դառնալու է չեմպիոն «ստանգիստ»՝ մայրիկի պես: Վերջին երկու տարիներին Աշոտը հասցրել է սովորել չեմպիոն մայրիկի ներկայությանը եւ մշտապես Հռիփսիմեի հետ մարզադահլիճում գտնվելը, քանի որ որակազրկման պատճառով Հռիփսիմեի մասնակցությունը միջազգային մրցաշարերում կասեցված էր: Արդեն այս տարվա մայիսից Եվրոպայի չեմպիոնը կվերադառնա մրցահարթակ, ինչը մի փոքր վախեցնում է փոքրիկ Աշոտին. 4-ամյա տղան չի ցանկանում կրկին մորը բաց թողնել երկար ուսումնամարզական հավաքների եւ մրցումների:

Աշոտիկն արդեն շատ վստահ կարողանում է բարձրաձնել իր խաղալիք ծանրաձողը՝ նույնությամբ կրկնելով պոկումի եւ հրման դիրքերը, ծանրաձողը գլխավերեւում ճիշտ պահելու կեցվածքը:

Հռիփսիմե Խուրշուդյանը դեմ չէ, որ որդին դառնա ծանրորդ:


Բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, 2017 թվականի Հայաստանի լավագույն 10 մարզիկների շարքում ընդգրկված Հովհաննես Բաչկովի ավագ որդին՝ 2,5-ամյա Սերգեյը չեմպիոն հայրիկի մարզումների ամենօրյա հետեւողն է: Գյումրիում անցկացվող մարզումներին գրեթե ամեն օր որդու հետ է գնում մարզադահլիճ: Չեմպիոն հայրը միտումնավոր չի տանում որդուն մարզումների, փոքրիկ Սերգեյն է իր ցանկությամբ գնում հոր հետ, հետեւում ամբողջ մարզումային ընթացքին եւ փորձում կրկնել այն ամենը, ինչ անում է հայրը: Սիրում է բռնցքամարտի պարկին հարվածել:

Публикация от BACHKOV HOVHANNES (@bachkov_)

2017 թվականի սեպտեմբերի 22-ին ծնվեց նաեւ Հովհաննես Բաչկովի երկրորդ որդին: Բայց երկրորդ որդու նախասիրությունները դեռ հայտնի չեն:

Բռնցքամարտի կանանց 48 կգ քաշայինների Ռուսաստանի կրկնակի չեմպիոն,  քիկբոքսինգի Ռուսաստանի չեմպիոն Գայանա Պանյանի 3-ամյա դուստր Յանան ապագա մարզուհի է: Քանի որ չեմպիոն մոր անձնական մարզիչը հայրն է, մարզական ընտանիքում ծնված աղջիկը օրվա մեծ մասն անցկացնում է բռնցքամարտի մարզադահլիճում: Եթե նույնիսկ բռնցքամարտի Ռուսաստանի հավաքականի հետ մայրը մեկնում է ուսումնամարզական հավաքների,  Յանան նրան հավաքներին էլ է ուղեկցում:

Ռուսաստանի կանանց հավաքականի աղջիկներն ամեն օր սիրով ընդունում են փոքրիկ Յանային, զբաղեցնում, մինչ մայրը մարզվում է, սովորեցնում նաեւ բռցքամարտի նրբությունները: Ինքը՝ Գայանա Պանյանը աղջկա ապագա մասնագիտության ընտրության հարցը որոշել է թողնել դստեր ցանկությանը: Դեմ չի լինի, եթե որոշի մոր հետքերով գնալ, բայց նաեւ կուզենար աղջկան տեսնել պարուհու կամ երգչուհու դերում:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի եւ Գայանա Պանյանի VK.com Էջից



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.