Յանա Եգորյան. Այս տարի ամենահիշարժանը Երեւանում հորս հետ հանդիպման օրն էր (ֆոտո)

09:12   30 դեկտեմբերի, 2017

Ռիո-2016-ի կրկնակի օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի սուսերամարտիկ Յանա Եգորյանն այս տարի անակնկալ այցելեց Հայաստան, այնպես, որ գրեթե ոչ ոք չիմացավ: Նա NEWS.am Sport-ի թղթակցին պատմել էր, որ հորը անակնկալ մատուցելու համար էր եկել Հայաստան: Մինչ Յանան կփորձեր 17 տարվա սպասումից հետո անակնկալը մատուցել, օլիմպիական չեմպիոնի հայրը, երեւանաբնակ Կարապետ Ալավերդյան արդեն տեղեկացել էր դստեր այցի մասին եւ աղջկա անակնկալը ձախողել: Որպես տարվա ամենատպավորիչ իրադարձություն, օլիմպիական չեմպիոնը կառանձնացնի հենց այդ հանդիպումը հոր հետ:

NEWS.am Sport-ի ընթերցողների համար Յանա Եգորյանն ամփոփել է մարզական եւ անձնական տարին:

Կրկնակի օլիմպիական չեմպիոնի 2017 թվականը…

Ինձ համար մրցաշրջանը լավ սկսվեց, բայց տարվա վերջում անկում էր: Ինքս ինձանից եւ այն պատկերից, որը հիմա տեսնում եմ` ամփոփելով իմ տարին, միանշանակ, գոհ չեմ: Պատճառները պարզ են` աշխարհի առաջնությունը ձախողեցի: Վատ էի մարզվում, կային վնասվածքներ, իսկ գլխումս, անկեղծ ասած, սպորտը եւ լավ մարզավիճակ ձեռք բերելը չէր. ուղեղս ամբողջ տարվա ընթացքում այլ տեղում էր:

Չեմ կարող ասել, թե ինչու այսպես ստացվեց. գուցե, Օլիմպիական խաղերից հետո հոգնածությունն իր դերն ունեցավ, գուցե, այլ պատճառներ կային, չգիտեմ: Առհասարակ, Օլիմպիական խաղերից հետո մարզիկներն հոգնում են, բայց նրանք նաեւ հաղթում են կարեւոր մրցաշարերում, որքան էլ ունենում են այդ հոգնածությունը: Բայց երեւի ես այդպիսին չեմ, ես օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո երեւի հաղթող չեմ…

Ռիոյից հետո լրիվ ուժասպառ էի եղել, բայց անմիջապես վերսկսեցի մարզումներս: Դադար չունեցա, ինչի հետեւանքով ժամանակի ընթացքում ամեն ինչ գնաց դեպի անկում, իսկ այդ ժամանակ արդեն հետ կանգնելու, դադար տալու հնարավորություն ուղղակի չունեի. սկսել էի, պետք է շարունակեի: Հենց այս վիճակից ելնելով, մրցումներից հաճախակի վերադառնում էի վնասվածքներով: Ունեի ոտքի վնասվածք, կոտրված էր ոտքիս մատը, բայց հավաքականի հետ մեկնեցի Եվրոպայի առաջնության, որտեղ մենք նվաճեցինք արծաթե մեդալ: Այս վիճակում մրցահարթակ դուրս գալը ավելի բարդացրեց վնասվածքս, չկարողացա համապատասխան մարզավիճակ ձեռք բերել աշխարհի առաջնությունից առաջ: ԱԱ-ում պարտվեցի, ուղղակի ձախողեցի: Բայց ոչ թե վնասվածքիս պատճառով, այլ որովհետեւ ես իսկական «հավ» էի:

Կյանքը` սպորտից դուրս…

Սպորտից դուրս շատ արդյունավետ տարի ունեցա: Վերջապես ավարտեցի իմ բնակարանի վերանորոգումը, ինչն ինձ համար շատ կարեւոր իրադարձություն էր: Բացի այդ, 17 տարի անց վերջապես եկա Հայաստան, հանդիպեցի ընտանիքիս հետ, հորս հետ: Եթե տարին գնահատեմ սպորտից դուրս,  ապա 2017-ն ինձ համար իրականում շատ լավ անցավ ու հետաքրքիր:

2017-ի ամենահիշվող օրը…

Այս տարին իսկապես շատ հիշարժան կլինի ինձ համար, քանի որ ես վերջապես եկա Հայաստան: Իսկ ամենահիշվող օրս հայրիկիս հետ հանդիպումն էր` հոկտեմբերի 9-ը:

2017-ի չիրականացած երազանքը…

Ունեի այդպիսի մի երազանք, որը շատ էի ուզում` իրականանար, բայց… չստացվեց: Անձնական հարց է, եւ չէի ցանկանա դրա մասին բարձրաձայնել: Մասնակի կասեմ, որ որոշ իրադարձություններ պետք է տեղի ունենային անձնական կյանքում, բայց չստացվեցին: Իհարկե, չեմ տխրում չիրականանալու համար…

2018-ի երազանքներն ու նպատակները…

Երազել սիրում եմ, երազանքներ պահում եմ, շատ են երազանքներս: Բայց 2018-ի համար նպատակներ ունեմ: Սպորտում իմ առջեւ խնդիր եմ դրել 2018-ում լավ մարզվել, մրցաշարերում հանդես գալ իմ հնարավորությունների առավելագույն չափով, մասնավորապես Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում ամենաբարձր արդյունքները գրանցել:

Սպորտից դուրս ցանկանում եմ մեծ փոփոխություն անել կյանքում՝ Մոկսվայից տեղափոխվել Սոչի: Դեռեւս չեմ հասկանում, արդյոք վերջնական ուզում եմ տեղափոխվել, թե ոչ: Բայց ծրագրերում կան: Սոչի քաղաքը սիրում եմ, այնտեղի եղանակային պայմաններն են ինձ դուր գալիս: Եթե որոշեմ տեղափոխվել, կշարունակեմ մարզվել եւ մարզումներս անցկացնել Մոսկվայում: Մեր հավաքականում քննարկվում է Սոչիում մեծ թվով ուսումնամարզական հավաքներ անցկացնելը, եթե հաստատվի այն, ես կտեղափոխվեմ:

Յանա Եգորյանը եւ Նոր Տարին…

Նոր Տարին ինձ համար սովորական տոն է: Այս օրերին Մոսկվան ուղղակի պայթում է, բոլորը վազում են նվերներ գնելու, ամանորյա սեղանի գնումներ են անում: Ինձ մոտ նման  խուճապային վիճակներ չկան, քանի որ մայրիկիս տանը, ընտանիքիս, տատիկիս հետ պետք է դիմավորեմ Նոր Տարին: Նրանք պատրաստությունները տեսնում են, իսկ ինձ մնում է միայն գնալ նրանց մոտ:

Ես միայնակ եմ ապրում, իմ բնակարանը շատ փոքր է, այդ պատճառով տոնածառ չունեմ: Նույնիսկ տեղ չկա տոնածառ դնելու: Բայց մայրիկիս տանը կզարդարեմ տոնածառ:

Մանկությանս տարիներից լավ հիշողություններ ունեմ, քանի որ շատ ուրախ էինք նշում մեր ընտանիքում Նոր Տարին: Հավատում էի, որ գոյություն ունի Ձմեռ պապ, բայց նամակներ նրան չէի գրում, քանի որ Երեւանում այն ժամանակ լույս չկար: Մայրս միշտ պատմում է, որ մի Նոր Տարի ես քնած եմ մնացել, Ամանորյա պատրաստություններին օգնել եմ նրան եւ հոգնածությունից քնել եմ: Այդ ժամանակ եղել եմ 4 տարեկան:

Ամանորյա նվերներին այդքան մեծ ուշադրություն չեմ դարձնում, քանի որ հարազատ մարդուն նվեր տալու համար սովորաբար չեմ սպասում տոն լինի: Ինձ շրջապատողները բոլորն էլ գիտեն, որ իմ յուրաքանչյուր ճամփորդությունից վերադառնում եմ նվերներով: Օրերս եմ վերադարձել Մեքսիկայից, որտեղ մասնակցեցի սուսերամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը, այտեղից նվերներ եմ բերել, որոնք իրենց հասցեատերերին կհասնեն դեկտեմբերի 31-ին:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.