18:05 29 դեկտեմբերի, 2017Ինձ համար բացարձակ կարեւոր չէ՝ ես լավագույն տասնյակի առաջին տեղում եմ, թե 10-րդ: Թող տպավորություն չստեղծվի, որ արժանիների ասելով՝ նկատի եմ ունեցել Հենրիխ Մխիթարյանին: Բազմիցս նշել եմ ու կրկնում եմ, որ Հենրիխ Մխիթարյանը միանշանակ արժանի է լինել 10 լավագույնների մեջ: Իմ կազմած տասնյակում նա վստահ կլիներ: Բայց նրա կողքին կլինեին նաեւ Գոռ Մինասյանը, Գեորգի Կետոեւն ու Լեւան Բերիանիձեն:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ով «Տարվա 10 լավագույն մարզիկների» ընտրության արդյունքների հետ չէր համաձայնվել: Օլիմպիական չեմպիոնի դժգոհությունը բուռն քննարկումների առիթ դարձավ:
«Ես դժգոհել եմ այս տասնյակից զուտ այն պատճառով, որ կային արժանի մարզիկներ, ովքեր պետք է լինեին այս տասնյակում: Բնավ, խոսքս չի վերաբերում Հենրիխ Մխիթարյանին: Իմ կազմած տասնյակը լիովին այլ պատկեր կունենար: Ինձ միայն մտահոգել է այն փաստը, որ կային ավելի արժանի մարզիկներ, ովքեր դուրս են մնացել տասնյակից: Կրկնում եմ, որ խոսքս Մխիթարյանին չի վերաբերվում: Նա պետք է լինի այս տասնյակում: Հանրությունը սխալ հասկացավ իմ դժգոհությունը. ես մնում եմ իմ նույն տեսանկյունին, որ մենք ունեինք աշխարհի մեդալակիրներ, ովքեր արժանի էին այս տասնյակում հայտնվել, ծանրամարտում ավելի բարձր հարգի մեդալներ նվաճած Գոռ Մինասյան:
Ինձ չի հետաքրքրում՝ ես լավագույն տասնյակում առաջինն եմ, թե 10-րդը: Կարեւորն այն է, որ տարվա ընթացքում իր արած աշխատանքը գնահատվել է, եւ ես լավագույն 10 մարզիկների ցանկում եմ, ինչն ինձ համար մեծ պատիվ է: Բայց ավելի պատվաբեր կլիներ, որ մյուս արժանի մարզիկներն էլ չանտեսվեին, քանի որ ամբողջ տարվա ընթացքում մեծ ծավալով աշխատանք են կատարել:
Այս քննարկումները տհաճ են եւ կուզեի, որ վերջ դրվեր սխալ ու անհիմն մեկնաբանություններին»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:
Լուսինե Շահբազյան

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.