17:45 28 դեկտեմբերի, 2017Օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը Հայաստանի համար 2017-ում նվաճել է 12 մեծ եւ փոքր ոսկե մեդալ: Բոլոր մրցաշարերից 20-ամյա ծանրորդը վերադարձել է չեմպիոնական տիտղոսներով: Ինչպես Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն է ծանրորդին որակում` «գերհզոր Սիմոնը» 2017-ի Եվրոպայի չեմպիոնն է` 414 կգ (184+230), աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոնը` 426 կգ (191+235), Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոնը` 401 կգ, մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոնը եւ ռեկորդակիրը` 433 կգ (197+236):
Այս բարձր նվաճումներից հետո մնում էր միայն աշխարհի առաջնության ոսկե մեդալը, սակայն ծանրամարտի Հայաստանի հավաքականի որակազրկման պատճառով օլիմպիական փոխչեմպիոնը չկարողացավ պայքարել ԱԱ-ի չեմպիոն կոչման համար:
NEWS.am Sport-ի ընթերցողների համար Սիմոն Մարտիրոսյանն ամփոփել է չեմպիոնական տարին:
Սիմոն Մարտիրոսյանի «ոսկե» 2017-ը…
2017-ը շատ լավ տարի էր ինձ համար: Սկիզբը շատ հաջող ստացվեց: Պատրաստվում էի աշխարհի առաջնությանը, որին, ցավոք, չմասնակցեցինք: Չեմ հուսահատվում: Հաջորդ տարի կմասնակցենք: Անցնող տարում անձնական եւ սպորտային կյանքում անհաջողություններ չունեցա: Միայն աշխարհի առաջնությանը չմասնակցելը կհամարեմ անհաջողություն: Իսկ մնացած բոլոր մրցաշարերում եւ առաջնություններում շատ հաջող մասնակցություն ունեցա: Այս տարի յուրաքանչյուր մրցման ինչ ակնկալիքով մեկնում էի, դրանով հետ էի վերադառնում. խոսքը ոսկե մեդալների մասին է:
Առաջնություններն ու մրցաշարերը չեմ առանձնացնում: Բոլորն էլ կարեւոր են ինձ համար, բոլորն էլ իրենց դերն ու տեղն ունեն իմ մարզական կարիերայում: Յուրաքանչյուր մրցաշարում, որտեղ ինձ հաջողվեց չեմպիոն հռչակվել, հիշարժան օր եմ համարում ինձ համար: Երեւի թե կառանձնացնեմ երիտասարդների աշխարհի առաջնությունը, որտեղ չեմպիոնի տիտղոսը նվաճելուց բացի, նաեւ երիտասարդների աշխարհի ռեկորդ սահմանեցի` 197 կգ պոկում վարժությունում: 246 կգ հրում վարժությունում երկրորդ մոտեցումի պահեցի գլխավերեւումս:
Տարվա բացթողումը…
Տարվա բացթողումս աշխարհի առաջնությանը չմասնակցելն էր: Սա մեր պատճառով չէր, բոլորն էլ գիտեին: Բայց համոզված եմ, որ մասնակցության դեպքում մեդալներով կվերադառնայինք:
Սիմոն Մարտիրոսյանը` հայկական ծանրամարտի «դեմք»…
Երբեք այսպիսին չեմ պատկերացրել ծանրորդի ապագան, չեմ մտածել, որ կարող եմ ռեկորդներ սահմանել, օլիմպիական փոխչեմպիոն դառնալ: Յուրաքանչյուր հաղթանակ ավելի մեծ նպատակի եւ հաղթանակի է բերում, նպաստում է, որ էլ ավելի ոգեշնչված մարզվեմ եւ դուրս գամ մրցահարթակ, էլ ավելի ծանր կիլոգրամներ բարձրացնեմ: Բայց երբեք չէի պատկերացնի, որ մարզական կարիերայումս կլինի այնպիսի շրջան, որ լավագույն մարզավիճակում գտնվելով, պատրաստ լինելով մեծահասակների աշխարհի առաջնությունում մեդալային պայքարին, հանկարծ մեզ կարգելեն մասնակցել ԱԱ-ին: Գուցե հենց այս պատճառով սա չի եղել իմ պատկերացրած ծանրորդի ապագան: Հույս ունեմ, որ ապագան ավելի լավը կլինի:
Երբ ամեն մրցումից վերադառնում ես մեդալով, այն էլ ոսկե մեդալով, պարտավորվածության զգացումն էլ ավելի է մեծանում, որ հաջորդն էլ, դրանից հետոյինն էլ կրկին ոսկե վերադարձ ունենաս հայրենիք: Պարտավորեցնող է, երբ մի ամբողջ ազգ քեզ հետ հավասար ապրում է պայքարիդ վայրկյանները եւ ցնծում ուրախությամբ, երբ ոսկե մեդալը փայլում է կրծքիդ: Որպես պրոֆեսիոնալ մարզիկ, ուղղակի իրավունք չունես «թուլանալ», քո ազգին դադարել ուրախացնել: Պարտավորեցնող է նաեւ քեզնից հետո եկող սերնդի համար առաջատարի դիրքը պահպանելու համար: Նոր եկող սերունդը մեզ է նայում, մեզնից է օրինակներ վերցնում: Պետք է այնպես քեզ դրսեւորես, որ օրինակելի լինես:
Այն հաջողությունները, որ կարողացել եմ գրանցել մինչ օրս, սա ես համարում եմ իմ մարզական կարիերայի դեռ միայն սկիզբը: Սկզբի համար այս ամենն իհարկե խոստումնալից է, բայց ապագան էլ ավելի լավ եմ պատկերացնում:
Սիմոն Մարտիրոսյանի հաջողության ուժը…
Հաջողության միայնակ չեն հասնում: Յուրաքանչյուր մարդ իր դերն ունի այդ հաջողության մեջ` սկսած մերսողից, բժշկից… Իմ հաջողությունների հիմքը մարզիչներս են` Փաշիկ Ալավերդյանը, Վիգեն Խաչատրյանը եւ անձնական մարզիչ, ինձ, որպես ծանրորդի ծնած, մեծացրած Աշոտ Փիլոսյանը: Հաջողության ուժը անսպառ աշխատանքն է եւ մարզիչներին լսելու կարողությունը:
Չեմպիոն դառնալու գաղտնիքը…
Եթե ուզում ես չեմպիոն դառնալ, նախ պետք է ինքդ քեզ չխնայես եւ ամեն օր անդադար մարզվես, զրկես քեզ շատ բաներից ու նվիրվես սպորտին, պետք է շատ մեծ ցանկություն ունենաս` չեմպիոն դառնալու, պետք է շատ ուզես: Պետք է նաեւ շատ վստահ լինես քո վրա, քո ուժերի վրա, որ դու կարող ես չեմպիոն դառնալ: Բայց նախքան այդ լավ մարզավիճակի պետք է հասնել քրտնաջան աշխատանքի շնորհիվ:
2017-ի չիրակացված երազանքը…
Որպես այդպիսին երազանք չեմ ունեցել այս տարի: Նպատակ է եղել. այս տարում գլխավոր նպատակս աշխարհի առաջնության ոսկե մեդալ նվաճելն էր, ինչն այդպես էլ չիրականացավ: Մնացած բոլոր նպատակներս, որոնք իմ առջեւ դրել էի 2017-ի սկզբին, իրականացավ` Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի չեմպիոն, ռեկորդակիր, Ունիվերսիադայի չեմպիոն եւ մյուս միջազգային մրցաշարերի հաղթող: Ես վստահ էի, որ այս բոլոր մրցաշարերում կհաղթեմ, ինչպես որ վստահ էի, որ աշխարհի չեմպիոնի տիտղոսը կնվաճեմ: Գերնպատակս հենց դա էր, բայց…
2018-ի երազանքներն ու նպատակները…
2018-ի նպատակս աշխարհի առաջնությունն է: Եկող տարում շատ կուզեմ աշխարհի առաջնությունում լավ մասնակցություն ունենալ եւ հաղթել:
Ինչպես միշտ Նոր Տարին ընտանիքիս հետ կդիմավորեմ: Սա այն տոնն է, որ պետք է ընտանիքի հետ, ընտանեկան միջավայրում քո տանը դիմավորես:
Օլիմպիական փոխչեմպիոն դառնալուց 1,5 տարի անց…
Կարծում եմ` իմ կյանքում ոչինչ չի փոխվել օլիմպիական փոխչեմպիոն դառնալուց հետո, աստղային հիվանդությունով չեմ վարակվել, կարծում եմ՝ դրա մասին հանրությունն էլ ավելի լավ կփաստի: Միայն ոգեւորությունս է ավելացել, ներքին վստահությունս ու հավատս իմ նկատմամբ: Օլիմպիական մեդալը յուրաքանչյուր մարզիկի ներքին ուժ է տալիս եւ հավատ, որ դու կարող ես յուրաքանչյուր մրցաշարում ավելի լավ մասնակցություն եւ մեդալային պայքար մղել: Օլիմպիական արծաթե մեդալը գուցե իմ կյաքում փոխել է այն, որ ես կարող եմ հաղթող լինել, ինչն էլ ուժ է տալիս ավելի մեծ ընթացքով առաջ շարժվել:
Անձնական կյանքումս դեռ փոփոխություններ չկան: Դեռեւս 20 տարեկան եմ, ու դեռ իսկական մեծ սերը, լուրջ սիրահարվածությունը չեմ ապրել: Չեմ շտապում սիրո հարցում, ամեն ինչն էլ իր ժամանակն ունի: Կարճ սիրահարվածություններ, համակրանք լինում է, ինչպես բոլորի մոտ, բայց ես սպասում եմ մեծ սիրուն: Կան մարզիկներ, որոնց սիրահարված վիճակը խանգարում է սպորտում, բայց ինձ հետ նման դեպքեր չեն եղել. թույլ չեմ տալիս, որ անձնականը խանգարի սպորտին:
Հույզերից հեռու Սիմոնը…
Էմոցիոնալ մարդ չեմ. շատ հանգիստ մարդ եմ: Դա զգացվում է իմ մրցումների վերջում պատվո հարթակ դուրս գալուց հետո: Վճռորոշ քաշը բարձրացնելուց հետո շատ ծանրորդներ լի էմոցիաներով ուրախանում են, լացում են, պարում, իսկ ինձ համար կարեւորն այնտեղ հաղթելն է: Եթե գնում ես հաղթելու նպատակով ու հաղթում ես, այդքան էմոցիա չի արթնացնում մեջդ: Լինում են դեպքեր, երբ մարզիկները գալիս են եւ բախտի բերմամբ կամ պատահմամբ չեմպիոն դառնում, իրենց էմոցիաները, գուցե, հասկանալի է: Ես չեմ հիշում, որ պատվո հարթակին երջանկության արցունքներ լինեն աչքերիս, բայց անսահման ուրախ եղել եմ. Օլիմպիական խաղերի ժամանակ էի շատ ուրախ: Կարծում եմ` երջանկության արցունքներ կլինեն, երբ հասնեմ իմ կյանքի մեծ նպատակին` օլիմպիական չեմպիոնի տիտղոսին:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.