Ամիրան Ամիրխանով. Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի հետ ընդհանուր լեզու չգտա (ֆոտո)

19:36   26 դեկտեմբերի, 2017

Շուտով կշարունակվեն Եվրո-2021-ի որակավորման փուլի խաղերը, սակայն չգիտեմ, թե ինչ է սպասվելու ինձ` կհրավիրվեմ նորից հավաքական, թե ոչ…  Հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչի հետ ընդհանուր լեզու չգտանք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Ռուսաստանի «Գազպրոմ» ակումբի խաղացող Ամիրան Ամիրխանովը` ամփոփելով անցնող տարին եւ խոսելով հավաքականի գլխավոր մարզիչի հետ ունեցած տարաձայնության մասին:

Հայկական բասկետբոլի համար 2017-ը շրջադարձային եղավ: Ինչպես Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանն է նշում, հայկական բասկետբոլը վերածնվել է: Հայաստանի ազգային հավաքականը առաջին անգամ ելույթ ունեցավ աշխարհի առաջնության ընտրական փուլում՝ տանելով 4 տպավորիչ հաղթանակներ եւ կրելով 4 պարտություն: Այժմ հավաքականը ելույթ է ունենում Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: 2018-ին հավաքականի գլխավոր խնդիրը կլինի Եվրո-2021 նախընտրական առաջին փուլի արգելքը հաղթահարելը:

Ամիրան, ինչպիսի՞ն էր անցնող տարին քեզ եւ հավաքականի համար:

Տարին շատ արդյունավետ ստացվեց ազգային հավաքականի համար: Գտնում եմ, որ մենք շատ արժանի խաղեր ցուցադրեցինք, վատ արդյունք ցույց չտվեցինք: Շատ քիչ էր պակասում, որ հաղթահարեինք աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլը: Մեր առաջին պաշտոնական խաղը աշխարհի առաջնությանում Սլովակիայի հետ էր, որը կայացավ Հայաստանում: Այդ ժամանակ, իրականում, մեզ ոչ ոք չէր հավատում, հաղթանակի հույս, որպես այդպիսին, չկար: Առաջին խաղում հաղթանակ տոնեցինք եւ հենց այդտեղից ծնվեց հայկական բասկետբոլի նկատմամբ երկրպագուների հավատը:

Հաջորդ խաղում հաղթանակ տոնեցինք Շվեդիայի հավաքականի նկատմամբ եւ վերջնական ապացուցեինք, որ արժանի թիմ ենք աշխարհի առաջնությունում խաղալու համար, կարող ենք լավ խաղ ցույց տալ: Պարտություն կրեցինք Բոսնիա եւ Հերցեգովինայի թիմից, բայց չհուսահատվեցինք: Բոսնիայի թիմին պարտվեցինք արտագնա խաղում, բայց կարծում եմ, եթե խաղայինք տանը, երկրպագուների օգնությամբ այս խաղում էլ հաղթանակ կտանեինք: Բոսինան հեշտ մրցակից չէր, ի դեպ` վերջերս Բոսնիային պարտվել է նաեւ Ռուսաստանի թիմը:

Մենք աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլում տարանք մի շարք գեղեցիկ հաղթանակներ, որոնցում մեզ շատ աջակցեցին երկրպագուները, լեփ-լեցուն տրիբունաները: Իմ եւ հավաքականի անունից ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել հայ երկրպագուներին` մեր խաղերին գալու, մեզ հավատալու եւ այդպես երկրպագելու համար: Եթե չեմ սխալվում մեր մարզադահլիճը 1500 տեղանոց էր, բայց յուրաքանչյուր խաղին բոլորիս մոտ այնպիսի տպավորություն էր, ասես` մեզ շուրջ 5-6 հազար մարդ է երկրպագում: Շատ հաճելի է, երբ մարզիկին, թիմին այդպես երկրպագում են, աջակցում խաղերի ընթացքում: Յուրաքանչյուրիս դա մեծ էներգիա եւ ուժ է տալիս:

Իսկ ինչպիսի՞ն էր տարին քեզ համար, որպես հավաքականի ավագ:

Ինձ համար տարին հավաքականում մի փոքր փոփոխական ստացվեց: Վերջին  շրջանում, եթե նկատելի է եղել, ես քիչ եմ խաղացել: Դա ինձ մի փոքր անհանգստացնում էր, քանի որ ուզում էի ավելի շատ օգնած լինել մեր հավաքականին: Խնդիրը անձնական էր. հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչի հետ ընդհանուր լեզու չգտանք: Սա ավելի շատ ներքին անձնական տարաձայնություն էր: Սա սպորտ է, եւ մարզիչներն ու մարզիկները հաճախ են հայտնվում նման իրավիճակներում: Միշտ չէ, որ մարզիչի կարծիքը համապատասխանում է մարզիկի կարծիքին եւ հակառակը: Մարզիչն իր պատկերացումներն ունի թիմի կազմի վերաբերյալ, մարզիկն՝ այլ: Ստացվեց այնպես, որ մի շարք խաղերում Նիկշա Բավցեւիչը չտեսավ ինձ հավաքականի կազմում: Բայց ես չեմ նեղանում, քանի որ նա է թիմի «դիրիժորը», եւ ինքը լավ գիտի` որ կազմով է ճիշտ հանդես գալ: Այս իրավիճակից եմ մի փոքր հիասթափված, իսկ մնացած առումներով գոհ եմ իմ մրցելույթներից, խաղերից:

Նիկշա Բավցեւիչն իրականում հավաքել է շատ լավ թիմ: Անչափ հաճելի է այդ կազմում լինելը, այդ բասկետբոլիստների հետ մարզվելը, նրանց հետ մի վայրում գտնվելը: Հավաքականում շատ լավ մթնոլորտ է, բոլորս կապի մեջ ենք միմյանց հետ, ընկերություն ենք անում:

Իսկ ի՞նչն էր Նիկշա Բավցեւիչի հետ անհամաձայնության հիմնական պատճառը:

Իրականում, չգիտեմ ինչն է պատճառը: Բայց այս տարվա իմ միակ բարդությունը եւ հիասթափությունը այս կոնֆլիկտն էր, որն ինձ անչափ ճնշել է: Ինքս գիտեմ իմ հնարավորությունները, հավատացել եմ սեփական ուժերիս եւ միշտ վստահ եմ եղել, որ կարող եմ օգտակար լինել հավաքականին: Բոլորին հայտնի է, որ ես հավաքանում խաղում եմ առաջին համար ներքո: Հասկանում եմ, որ Ռայան Բոաթրայթը շատ ուժեղ բասկետբոլիստ է, եւ ես իսկզբանե իմ առջեւ խնդիր էի դրել նրա հանսգտի րոպեներին փոխարինել, իր դիրքում խաղալ: Իսկ առաջին համարի դիրքում թիմակիցներս ինձ օգնեին: Բավցեւիչը դա չնկատեց եւ չհասկացավ իմ ցանկությունը, սկսեց ինձ խաղացնել այլ դիրքերում, այնպիսի, որոնցում ես առհասարակ ինձ լավ չեմ զգում, քանի որ միշտ խաղացել եմ առաջին համար: Ես ինձ անհարմար էի զգում մարզիչի նշանակած դիրքերում: Ես հայտնեցի իմ դժգոհությունը եւ արդյունքում հայտնվեցի կամ ոչ այն դիրքում, որում խաղում եմ, կամ պահեստայինում:

Տոներից հետո կշարունակվեն Եվրո-2021-ի որակավորման փուլի խաղերը, սակայն չգիտեմ թե ինչ է սպասվում ինձ` կհրավիրվեմ նորից հավաքական, թե ոչ… Գիտեմ, որ Նիկշա Բավցեւիչը շարունակելու է գլխավորել Հայաստանի հավաքականը եւ չգիտեմ` կլինեմ ես նորից հավաքականի կազմում, թե ոչ: Ինքս շատ եմ ուզում նորից խաղալ Հայաստանի հավաքականից: Եթե ինձ հրավիրեն, ես սիրով կմիանամ թիմին, քանի որ կոնֆլիկտային մարդ չեմ, բայց թույլ չեմ տա նորից համարս փոխվի, նորից տարաձայնություն լինի: Շատ եմ ուզում օգտակար լինել մեր հավաքականին, աջակցել տղաներին, բայց սովոր չեմ նստել պահեստայինում եւ կողքից հետեւել խաղերին: Ամբողջ կյանքիս ընթացքում ես միշտ եղել եմ խաղահրապարակում, առաջին համարի ներքո եւ չեմ կարող այդպես մնալ… Չեմ ուզում տպավորություն ստեղծվի, թե ես բողոքում եմ, ասում եմ` նա այսպիսին է, ես ամենալավն եմ, կամ ամենաուժեղն եմ. բնավ… Ես նրա հետ զրուցել եմ, ունեի բազմաթիվ հարցեր նրան, որոնք ուղղել եմ նրան, բայց չեմ ստացել ինձ բավարարող պատասխաններ: Իսկ եթե քո մեջ կան հարցեր ու դու չես ստանում դրանց պատասխանները, ուրեմն կա խնդիր…

Չեմ ուզում վատ զգացողությունների մասին խոսել, միայն կասեմ, որ ինձ շատ հաճելի է խաղալ Հայաստանի դրոշի ներքո:

Ինչպե՞ս ընտրեցիր բասկետբոլը քեզ համար որպես կյանքի ուղի:

Պատահական եմ ընտրել բասկետբոլը: Դպրոցական տարիքում հիշում եմ, մի անգամ հեռուստացույցով բասկետբոլային խաղի հետեւեցի, ինձ շատ դուր եկավ, իսկ այդ շրջանում մեր դպրոցում բասկետբոլի խումբ էին հավաքում: Այդ ժամանակ ես 9 տարեկան էի, ընդգրկվեցի խմբում: Սկզբում Խիմկիի դպրոցական առաջնություններին էինք մասնակցում, հետո խաղացի քաղաքի առաջնությունում: Դպրոցն ավարտելուց հետո ընդգրկվեցի ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմում: Իմ առաջին լուրջ պայմանագիրը եղել է հենց ԲԿՄԱ-ի հետ 18 տարեկանում: Ակումբում խաղացի 2 տարի: Դրանից հետո խաղացի Սամարայում, ապա նաեւ մոսկովյան «Դինամոյում»: Շուրջ 6 տարի էլ խաղացել եմ Ղազախստանում: Ծնվել եւ ապրում եմ Ռուսաստանի Խիմկի քաղաքում: Ծնողներս հայեր են, Թբիլիսիից են:

Ի՞նչն է քեզ գրավում այս մարզաձեւում:  

Բասկետբոլում ինձ գրավում է ռիթմը… Ասես կյանքի ընթացք լինի բասկետբոլի խաղը` ամեն վայրկյանին ինչ-որ բան փոխվում է, ամեն ինչ միշտ շարժման մեջ է եւ չգիտես՝ հաջորդ վայրկյանին ինչպես կփոխվի խաղը: Անընդհատ պետք է խաղալուց բացի, շատ արագ որոշումներ կայացնես, եթե մի պահ ուշացար, խաղը ձեռքիցդ բաց կթողնես: Հենց այս ռիթմն է դուր գալիս, արագությունը, այն վայրկյանները, երբ ուղղակի մտածելու ժամանակ եւ հնարավորություն չունես, ու պետք է շատ արագ անես ամեն ինչ: Իմ կյանքում էլ է այդպես։ Ամեն ինչ սիրում եւ փորձում եմ անել շատ արագ: Եթե ես ինչ-որ բան ունեմ անելու, դա այնքան արագ եմ անում, որ կարծես ինչ-որ բանից ուշանում եմ:

Մի քանի օրից Նոր Տարին է: Սիրո՞ւմ ես Ամանորը եւ ինչպե՞ս ես պատրաստվում դիմավորել:

Շատ եմ սիրում: Բայց գիտակից տարիքում մի փոքր հիասթափվել եմ Ամանորից։ Մանկության հեքիաթային զգացողությունը, որ կար այս օրերին՝ Նոր Տարուն, հիմա վերացել է: Գուցե, շատերը ինձ հետ համաձայնեն։ Նախկինում, երբ մոտենում էր Նոր Տարին, մի տեսակ այլ զգացողությամբ էինք սպասում, իսկական տոնի էր վերածվում, հիմա սպասումը չկա: Գիտես, որ շուտով Նոր Տարի է, բայց անցյալի ոգեւորությունը եւ Նոր Տարվա շունչը չկա:

Ես ունեմ իմ ընտանիքը, ամուսնացած եմ: Բոլորի պես Նոր Տարին կդիմավորեմ տանն իմ ընտանիքում: Սիրում եմ հայկական ավանդույթները` ամանորյա շքեղ սեղանը, հյուր գնալը, բոլոր համեղ տոնական ուտեստները եւ այդպես էլ նշում եմ Նոր Տարին:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։