Էդգար Բաբայան. Հայաստանի առաջնությունում հանդիպեցինք մեծ խնդիրների

17:40   18 դեկտեմբերի, 2017

Հայաստանի ազգային հավաքականի եւ «Ուրարտուի» բասկետբոլիստ Էդգար Բաբայանը լրագրողների հետ հանդիպմանը խոսել է Հայաստանում բասկետբոլի զարգացման եւ խնդիրների մասին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Այս հանգստյան օրերին ավարտվել է բասկետբոլի Հայաստանի «Ա» լիգայի կանոնավոր առաջնության առաջին շրջանը, իսկ առաջատարը «Ուրարտու» թիմն է: Ըստ ՀԲՖ-ի կազմած վիճակագրության՝ «Ա» լիգայի ամենաարդյունավետ բասկետբոլիստներ են ճանաչվել Ալեքսա Սիմովիչը («Արցախ»), Արման Հակոբյանը («Արթիկ») եւ Էդգար Բաբայանը («Ուրարտու»):

«Հայաստանում բասկետբոլը սկսել է մեծ զարգացում ապրել: Դրան բոլորն ականատես եղան անցնող տարում: Երկու-երեք տարի առաջ մենք չունեինք այսպիսի հետաքրքրություն այս մարզաձեւի նկատմամբ: Ես ծնվել եւ ապրել եմ Օմսկում, խաղացել եմ այնտեղ, բայց ինքս որոշել եմ, որ պետք է հանդես գամ Հայաստանի հավաքականի կազմում: Այս պահին Ռուսաստանում ընդունվել է մարզիկի համար հատուկ լեգեոնականների օրենք, որը դեռ չի կիրառվում: Կան որոշ խոչընդոտներ, որոնք դեռ վերջնական լուծված չեն:

Եթե այս տեմպերով շարունակվի, հայկական բասկետբոլը մեծ հաջողությունների կհասնի: Իրականում, կան մեծ խնդիրներ, որոնց հետ մենք առնչվեցինք Ա լիգայի հանդիպումների ընթացքում: Նախ կա մրցավարների մեծ խնդիր: Մրցավարների բանիմացությունը դեռ այն մակարդակի չէ, ինչն այսօր պահանջում է միջազգային բասկետբոլը: Մարզադահլիճներն անմխիթար վիճակում են: «Շիրակի» դեմ արտագնա խաղի ժամանակ դրսում ավելի տաք էր, քան դահլիճում: Էլ չեմ խոսում դահլիճի հատակի մասին, գնդակներն իրենք իրենց «թռնում» էին: Բոլոր դահլիճներում գնդակները տարբեր են, ինչն ընդունված չէ համաշխարհային բասկետբոլում: Պետք է խաղալ նույն` բասկետբոլի համար նախատեսված գնդակներով»,- ասաց Էդգար Բաբայանը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։