Ժոզե Մոուրինյո. Երեւի, չեմպիոնական մրցավազքն ավարտվեց

00:10   11 դեկտեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» կրած տնային պարտությունը 1:2 հաշվով:

«Իմ առաջին արձագանքն այն է, որ ցավում եմ մրցավար Մայքլ Օլիվերի համար, քանի որ նա լավ աշխատեց, բայց թույլ տվեց կարեւոր սխալ:

«Մանչեսթեր Սիթին» արդյունքի հասավ առանց ակնհայտ 11 մետրանոցի, որը պետք է մրցակցի դարպասին նշանակվեր Անդեր Էրերայի նկատմամբ խախտումից հետո: Հաշիվը պետք է լիներ 2:2: Բացի այդ, կունենայինք 20 րոպե՝ եւս մեկ գոլ խփելու համար: Մայքլ Օլիվերի բախտը չբերեց, քանի որ կար ակնհայտ 11 մետրանոց:

Երեւի, չեմպիոնական մրցավազքն ավարտվեց: «Մանչեսթեր Սիթին» շատ լավ թիմ է: Բացի այդ, հաջողությունը եւ ֆուտբոլային աստվածները նրանց կողմն են»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» շարունակում է անպարտելի մնալ Անգլիայի ընթացիկ առաջնությունում եւ արդեն 11 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին»:

Մինչեւ մանչեսթերյան դերբին «Մանչեսթեր Յունայթեդը» բոլոր մրցաշարերում չէր պարտվել նախորդ 40 տնային խաղերում՝ կրկնելով ակումբային ռեկորդը: Հենրիխ Մխիթարյանը դարձյալ չէր հայտավորվել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Հայաստանի հավաքականի 28-ամյա կիսապաշտպան հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 7 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման: 

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բոլոր մրցաշարերում 9-րդ անգամ հաղթեց Մոուրինյոյին: Նման ցուցանիշ ունի միայն կատալոնացի մասնագետը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.