«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:3. Լինգարդի դուբլն ու Պոգբայի հեռացումը

23:24   2 դեկտեմբերի, 2017

Անգլիայի առաջնության 15-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում խաղաց «Արսենալի» հետ եւ առավելության հասավ 3:1 հաշվով:

Արդեն մեկնարկում հյուրերը օգտվեցին «Արսենալի» պաշտպանության անկազմակերպ խաղից եւ էկվադորցի կիսապաշտպան Լուիս Անտոնիո Վալենսիայի ու անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդի գոլերի շնորհիվ 12 րոպեում զգալի առավելություն ստացան՝ 2:0:

Ընդմիջումից հետո ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմը ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթի գոլի շնորհիվ կրճատեց տարբերությունը, սակայն Լինգարդը նաեւ իր երկրորդ գոլը խփեց եւ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի ղեկավարած թիմի համար ապահովեց հանգիստ վերջնամաս, թեեւ 74-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան կոպիտ խաղաց Էկտոր Բելյերինի դեմ եւ  հեռացվեց: Մանչեսթերյան թիմը կարողացավ մնացած ժամանակում հստակ պաշտպանվել եւ հանդիպումն ավարտել հաղթանակով:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Հայ ֆուտբոլիստի բացակայության պատճառը մանչեսթերյան ակումբը դեռ չի ներկայացրել:

«Մանչեսթեր Յունայթեդը» 35 միավորով երկրորդ տեղում է եւ 5 միավոր է հետ մեկ հանդիպում քիչ անցկացրած «Մանչեսթեր Սիթիից»: «Արսենալը» 28 միավորով 5-րդն է:

Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր

«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:3

Ալեքսանդր Լյակազեթ, 49 – Լուիս Անտոնիո Վալենսիա, 4, Ջեսի Լինգարդ, 11, 63

Հեռացում՝ Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»), 74



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։