Արթուր Պետրոսյան. Եթե երկրպագում ես թիմին, պետք է կողքին լինես նաեւ դժվար պահերին

20:19   13 նոյեմբերի, 2017

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Երեւանում կայացած հետխաղյա ասուլիսում մեկնաբանեց Կիպրոսի թիմի նկատմամբ 3:2 հաշվով հաղթանակն ընկերական խաղում:

«Ինչ ծրագրել էինք, ստացվեց: Ինձ միայն դուր չեկավ, որ չիրացրեցինք մի շարք գոլային պահեր: Կարող էինք առաջին խաղակեսում վճռել խաղի ելքը: Պաշտպանությունում հաջող հանդես եկանք, թեեւ բաց թողեցինք 2 գոլ: Ստանդարտների վրա շատ ենք աշխատում, եւ տղաները լավ են կատարում իրենց գործը դաշտում:

Այս 2 խաղերում էլ լավ պահեր ունեինք, ստացվում էր կոմբինացիոն խաղը մեկ-երկու հպումով փոխանցումներով ու արագ տեղաշարժերով: Այսօր ավելի շատ պահեր ունեցանք, քան Բելառուսի դեմ նախորդ խաղում: Կարելի է ասել՝ ճիշտ ճանապարհի վրա ենք: Ինչ վերաբերում է նորեկներին, նրանց խաղից գոհ եմ:

Այս խաղերի երկրորդ խաղակեսերում փորձարկեցինք նաեւ 5 պաշտպաններով սխեման, քանի որ լինելու են խաղեր, երբ հաղթելու ենք մեկ գնդակի առավելությումբ եւ, հնարավոր է, որ առաջիկայում եւս կանենք դա: Կարծում եմ՝ 2 խաղերում էլ 5 պաշտպաններով սխեմային անցումը շատ հաջող ստացվեց:

Այս խաղերին մասնակցեց միայն Արսեն Բեգլարյանը, քանի որ մյուս 2 դարպասապահներն ինձ չապացուցեցին, որ պատրաստ են հոգեբանական առումով: Մենք ծրագրել էինք խաղացնել նրանց: Բեգլարյանը շատ վստահ հանդես եկավ 2 խաղում էլ, միայն սխալվեց երկրորդ գոլի դրվագում: Ըստ ինձ՝ Հայաստանում Արսեն Բեգլարյանը համար առաջինն է, սակայն դա չի նշանակում, որ նա ապահովել է իր տեղը մեկնարկային կազմում:

Շատ վատ եմ վերաբերվում երկրպագուների կողմից անցկացված լռության ակցիային: Եթե երկրպագում ես թիմին, պետք է նրա կողքին լինես նաեւ դժվար պահերին: Նախորդ խաղին նաեւ սուլում էին մեր խաղացողներին, ինչը շատ վատ է: Մեր խաղացողներն արժանի չեն դրան:

Ինչ վերաբերում է հավաքականում իմ հետագա աշխատանքին, ապա իմ մարզչական շտաբում փոփոխություններ չեն լինելու»,- նշեց Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում հայկական թիմից աչքի էին ընկել Հայկ Իշխանյանը, Վարազդատ Հարոյանը եւ Հենրիխ Մխիթարյանը: Նոյեմբերի 9-ին Հայաստանի հավաքականը Երեւանում ընկերական խաղ էր անցկացրել նաեւ Բելառուսի հավաքականի հետ եւ հաղթել 4:1 հաշվով: Դրանից առաջ Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը չէր հաղթել 5 հանդիպում անընդմեջ՝ կրելով 4 պարտություն:

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։