ESPN. Մխիթարյանն այլեւս գոլեր չի ստեղծում, ընդամենը զբաղեցնում է իր տեղը խաղադաշտում

18:55   10 նոյեմբերի, 2017

ESPN-ն անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դժգույն խաղին «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ մի քանի հանդիպումներում եւ անգլիական ակումբի երկրպագուների դժգոհությանը հայ ֆուտբոլիստի խաղից:

«Վերջին շրջանում Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է սուր քննադատության թիրախում: 5 գոլային փոխանցումներով մրցաշրջանը սկսելուց հետո շատերը սկսեցին քմծիծաղով խոսել Մոուրինյոյի մասին, որը անցած մրցաշրջանի մեկնարկում Մխիթարյանին չէր ընդգրկում կազմում: Սակայն Մխիթարյանի արդյունավետ գործողությունները ուրախացնում էին անցած տարվա քիչ արդյունավետության ֆոնին: Նույնիսկ այն խաղերում, որտեղ Մխիթարյանը գոլային փոխանցում էր կատարում, նրան ինչ-որ բան պակասում էր:

Նախորդ շաբաթների ընթացքում դժվար է հիշել մի դեպք, երբ երկրպագուները պահանջեին Ռեշֆորդի կամ Մարտիալի փոխարինումը, իսկ Մխիթարյանի դեպքում, դա հաճախ է տեղի ունենում: Նա հաճախ է լինում աննկատ խաղադաշտում եւ հազվադեպ է նրան գնդակ հասնում: Բայց մի քանի անհաջող խաղերից հետո կարող է աչքի ընկել փայլուն փոխանցումով: Այո, Մխիթարյանի դիրքի խաղացողի համար շատ կարեւոր է խաղի մեջ ակտիվ ներգրավված լինելը, սակայն խաղարկողի խաղի մասին դատում են հանդիպման արդյունքով: Նա կարող է 90 րոպե չփայլել, բայց ապահովել արդյունքը մեկ գործողությամբ:

Այդուհանդերձ, վերջին շրջանում Մխիթարյանն այդ գոլերը չի ստեղծում: Նա ընդամենը զբաղեցնում է իր տեղը խաղադաշտում, եւ դրանից հետո Ջեյմի Կարագերն ասում է, որ «Չելսիի» դեմ «Մանչեսթեր Յունայթեդը» խաղում էր 10 ֆուտբոլիստներով:

Անցյալում են ժամանակները, երբ երկրպագուները Մոուրինյոյին խնդրում էին Մխիթարյանին ընդգրկել մեկնարկային կազմում: Ռեշֆորդն ու Մարտիալը անհաջող խաղից հետո մնում են պահեստայինների նստարանին, իսկ Հենրիխին ինչ-որ կերպ հաջողվում է Մոուրինյոյին համոզել, որ ինքն օգտակար է:

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները սիրում են Մխիթարյանի ոճի խաղացողների, որոնք կարող են մեկ շարժումով հրաշք գործել: Երբ Հենրիխը լավ տրամադրություն ունի, գնդակից անբաժան է եւ կարողանում է անմոռանալի պահեր ստեղծել ոչնչից:

Խոսքը Մխիթարյանին տրանսֆերի հանելու մասին չէ: Խնդիրն այն է, որ մի քանի ամիս հետո նա կդառնա 29 տարեկան: Այնպես որ, «կամ հիմա, կամ  երբեք»: Հայ ֆուտբոլիստը պետք է փայլի այս մրցաշրջանում, այլապես նրա տեղը կգա ավելի կայուն խաղ ցուցադրող կիսապաշտպան»,- ամփոփում է ESPN-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» 16 հանդիպումներում դարձել է 2 գոլի եւ 6 գոլային փոխանցման հեղինակ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.