Գոռ Երիցյան. Պրոֆեսիոնալ ռինգում ինձ ավելի լավ եմ զգում, քան սիրողականում

20:46   8 նոյեմբերի, 2017

Պրոֆեսիոնալ ռինգում ինձ ավելի լավ եմ զգում, քան սիրողականում: Կարծում եմ, որ մի քիչ ուշացել եմ. պետք է ավելի շուտ տեղափոխվեի պրոֆեսիոնալ:

Այս մասին NEWS.am Sport-ի հետ զրույցում ասաց պորֆեսիոնալ բռնցքամարտիկ, բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի նախկին անդամ, 69 կգ քաշային Գոռ Երիցիյանը:

Բռնցքամարտիկն արդեն 3 մենամարտ ունի պրոֆեսիոնալ ռինգում: Հանդես է գալիս մոսկովյան PUNCH boxing promotion ակումբի հետ: Պրոֆեսիոնալ ռինգում տարել է 3 հաղթանակ: Իսկ այս օրերին պատրաստվում է իր հերթական մենամարտին, որը տեղի է ունենալու Իսպանիայում նոյեմբերի 24-ին:

Գոռ, ինչպե՞ս է սկսվել բռնցքամարտիկի կարիերադ: Ինչո՞ւ որոշեցիր սիրողականից անցնել պրոֆեսիոնալ ռինգ:  

Բռնցքամարտով սկսել եմ զբաղվել 10 տարեկանից՝ հայրիկիս խորհրդով: Հայրս էլ է զբաղվել բռնցքամարտով մարզիչ Մարտուն Մելիքյանի մոտ: Ես էլ առաջին քայլերս բռնցքամարտում նրա մոտ եմ արել: Սկզբում կարատեի էի հաճախում: 4 տարի մարզվելուց հետո հայրս հետաքրքրվեց, թե կուզեմ բռնցքամարտ փորձել: Մի քանի մարզումներից հետո հասկացա, որ սիրում եմ այս մարզաձեւը եւ այն իմն է: 12 տարեկանում արդեն դեռահասների Հայաստանի չեմպիոն էի: Սիրողական բռնցքամարտում ունեցել եմ արդյունքներ՝ երիտասարդների Եվրոպայի կրկնակի մեդալակիր, մեծասակների կազմում աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր, շատ միջազգային մրցաշարերի մրցանակիր եմ: Բայց մեծահասակների կազմում լուրջ արդյունքներ այդպես էլ չունեցա՝ աշխարհի, Եվրոպայի առաջնություններում: Որոշեցի ուժերս փորձել պրոֆեսիոնալ ռինգում: Խորհրդակցեցի Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի հետ, ապա նաեւ հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի հետ եւ այժմ արդեն չորրորդ մենամարտին եմ պատրաստվում:

Ինչո՞ւ չշարունակեցիր սիրողականում:

Ես միշտ ձգտել եմ եւ մեծ ցանկություն եմ ունեցել արդյունքներ գրանցել Եվրոպայի, աշխարհի առաջնություններում, ուժերս փորձել Օլիմպիական խաղերում: Լիարժեք պատրաստ էի պայքարի մեջ մտնել: Ես մեծ նպատակներով պատրաստվում էի Ռիո-2016 Օլիմպիական խաղերին, Արթուր Գեւորգյանն ասել էր, որ պետք է փորձեմ ուժերս օլիմպիական վարկանիշային մրցաշարերում: Բայց հետո ինչ-որ խնդիրներ եղան եւ իմ փոխարեն Թուրքիայում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարին գնաց իմ ընկերը՝ 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը: Նա ուղեգիր նվաճեց, ինչի համար շատ ուրախ էի, եւ արդեն նա պետք է պայքարեր արդեն Օլիմպիական խաղերում:

Այսինքն՝ Ռիոյից հետո որոշեցի՞ր տեղափոխվել պրոֆեսիոնալ ռինգ:

Անմիջապես Ռիոյից հետո չէր: Բայց արդեն այդ ժամանակ զգում էի, որ ես գուցե ինձ ավելի լավ զգամ պրոֆեսիոնալ ռինգում: Այդպես էլ եղավ: Նույնիսկ, մտածում եմ, որ դեռ ավելի շուտ պետք է այս որոշումը կայացնեի եւ տեղափոխվեի պրոֆեսիոնալ: Այստեղ ամեն ինչ շատ լավ է, այնքան լավ է, որ նույնիսկ չեմ էլ ուզում մտածել սիրողականի մասին:

Իսկ դժվա՞ր չէր անցումը սիրողականից պրոֆեսիոնալ:

Դժվար էր, հատկապես առաջին մենամարտը: Բայց աստիճանաբար սովորեցի, հարմարվեցի, հետո արդեն ամեն ինչ սովորական դարձավ: Մի քիչ լարվածություն կար, բայց աստիճանաբար անցնում է: Այժմ հստակ կարող եմ ասել, որ ես ինձ որպես բռնցքամարտիկ պրոֆեսիոնալում ավելի լավ եմ զգում, քան սիրողական ռինգում: Այստեղ ռաունդների քանակը շատ է, հանգիստ ես մենամարտում, չես լարվում, չես շտապում եւ չես անհանգստանում, որ 3 ռաունդում չես հասցնելու քո բոլոր հնարավորությունները դրսեւորել: Երկար ռաունդներում մենամարտելիս ներաշխարհդ ավելի հանգիստ է: Ես դանդաղ մենամարտերում ավելի լավ եմ զգում ինձ, քան արագ 3 ռաունդների մեջ: Այս ամենի ապացույցը նախորդ երեք մենամարտերս են, երեքն էլ հաղթանակով՝ նոկաուտով:

Պրոֆեսիոնալում նախապես գիտես՝ ում դեմ ես պայքարելու, ինչը միանշանակ լավ է: Քանի որ նախապես արդեն հնարավորություն ունենում ես պատրաստվել նրա դեմ: Մրցակիցդ էլ է քո դեպ պատրաստվում, քեզ ուսումնասիրում: Երբ իմանում ես, թե ում հետ ես ռինգ դուրս գալու, նախապես իմանում ես նրա թույլ կողմերը եւ արդեն կարողանում ես նախապես մշակել մենամարտիդ տակտիկան: Իսկ սիրողականում կշեռքից հետո ես իմանում, թե ում ես հանդիպելու: Հայաստանում սա չի աշխատում, քանի որ այստեղ մեկը մյուսին շատ լավ ճանաչում են: Իսկ արդեն դրսի մրցաշարերում որոշակի բարդություններ է տալիս:

Առաջիկայում չորրորդ մենամարտդ է լինելու: Ո՞վ է լինելու մրցակիցդ:

Մրցակիցս մարոկկացի է, բայց ներկայացնում է Իսպանիան: վեց մենամարտ է ունեցել, վեցն էլ հաղթանակով: Բավական բարձր վարկանիշով բռնցքամարտիկ է: Ուսումնասիրել եմ նրան եւ հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի: Այն մարզումները, որ մենք ենք անում, պետք է միայն լավ արդյունք տա: Մեր աշխատանքային թիմը շատ ուժեղ է, մեր մարզիչը եւ մարտավկան Դավիթ Թորոսյանն է, եւ նա մեծ ներդրում ունի պրոֆեսիոնալ ռինգում իմ եւ իմ ընկերների կայացման հարցում:

Եթե բռնցքամարտիկ չլինեիր, ի՞նչ կդառնայիր:

Չգիտեմ: Չեմ կարող ասել: Երեւի բռնցքամարտիկ (ծիծաղում է): Ապրում եմ սպորտով: Իմ առօրյան է: Սպորտը դաստիարակում է մարդուն: Կարգապահություն է սովորեցնում: Սա կենսակերպ է, որից ուղղակի չես կարողանում հրաժարվել: Եթե ռինգում եղար խելացի բռնցքամարտիկ, կլինես նաեւ խելացի մարդ ռինգից դուրս: Այն, ինչ սովորում ես ռինգում, շատ է օգնում նաեւ կյանքում:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.