Լեւոն Հայրապետյան. Գրիգոր Սահակյանը աշխարհի առաջնությունից մեդալ կբերեր, եթե մասնակցեր

10:28   4 նոյեմբերի, 2017

Ինչպե՞ս կարող է Թաթուլ Հովհաննիսյանը Գրիգոր Սահակյանի հնարավորությունների մասին խոսել՝ կկարողանար մարզիկը եւս մեկ մեդալ նվաճել ձյուդոյի աշխարհի առաջնությունում, թե ոչ. նա առհասարակ տեղեկություն չուներ մարզիկից:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը՝ անդրադառնալով ՀՁՖ նորանշանակ գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանի մեկնաբանությանը Գրիգոր Սահակյանին որակազրկելու մասին:

Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդներ բրոնզե մեդալակիր, սամբոյի երիտասարդների Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն Գրիգոր Սահակյանին 1 տարով որակազրկելու որոշման շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվել: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը ձյուդոյի ֆեդերացիայի որոշման մեջ միտումնավորություն է տեսնում: Ըստ նրա, այդ որոշումը ոչ թէ ֆեդերացիան է կայացրել, այլ...

«Ձյուդոյի ֆեդերացիայի տարեկան բյուջեն 71 մլն դրամ է: Եվ ես վստահեցնում եմ, որ ֆեդերացիան շատ չնչին գումար է վատնել այդ 71 մլն դրամից Գրիգոր Սահակյանի վրա: Այնպես չի, որ մենք օգտվում ենք ձյուդոյի պետբյուջեից: Դեռ ավելին, հնարավորինս փորձում ենք օգտակար լինել մարզաձեւին մեր մարզիկներով: Ունենք եւս մի քանի մարզիկներ, ովքեր երբեք ձյուդոյի մրցաշարերի չեն մասնակցել, ձյուդոյի ֆեդերացիան կանչել է իրենց հետ հավաքի եւ մեր մարզիկներին տարել է մրցաշարերի: Երբ իմացել եմ, որ առանց ինձ տեղեկացնելու, առանց ֆեդերացիայի թույլտվությունը ստանալու մեր մարզիկներին տարել են ձյուդոյի մրցաշարերի, ասել եմ՝ դե լավ, մեր ձյուդոն է, օլիմպիական մարզաձեւ է:

Թաթուլ Հովհաննիսյանն արտահայտվել է, որ մեծ գումարներ են ծախսել Գրիգորի վրա, բայց նույնիսկ հաշվապահությունից հեռու մարդն էլ կհասկանա, որ խոսքը առնվազն 1000 դոլարի մասին է, այն էլ ծախսվել է ոչ միայն Գրիգոր Սահակյանի, այլեւ մի քանի սամբիստների վրա, որոնք հանդես են գալիս նաեւ ձյուդոյում: Իսկ ծախսերը փոխհատուցվել են, քանի որ մեր մարզիկները ձյուդոյի մրցաշարերում մրցանակակիրներ են դարձել այնպես, ինչպես Գրիգոր Սահակյանը Եվրոպայի առաջնությունում

Իրականում մենք երբեք դեմ չենք եղել ձյուդո մարզաձեւին, հակառակը. ինքս միշտ կողմ եմ եղել, որ իմ սաները զբաղվեն նաեւ ձյուդոյով, արդյունքներ անեն նաեւ ձյուդոյում, հասկանալով, որ  օլիմպիական մարզաձեւ է: Մեզ նույնիսկ օգուտ է, որ մեր լավագույն մարզիկները ձյուդո մարզաձեւում ունենան հաջողություններ եւ գնան Օլիմպիական խաղեր»,-ասաց Լեւոն Հայրապետյանը:

Անդրադառնալով  ՀՁՖ գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանի հայտարարությանը, թե ֆեդերացիան ունի առաջին համարներին «ձեռք չտալու» հստակ կանոնակարգ, ՀՍՖ նախագահը հերքեց կանոնակարգի առկայության փաստը:

«Գրիգոր Սահակյանը ինչպես ձյուդոյի, այնպես էլ սամբոյի առաջին համարն է: Մարզիկը նոր է զորացրվել, ծառայել է սպորտային վաշտում: Նախքան նման հայտարություններ անելը, պետք է ճշտել, թե մարզիկին զինծառայությունը սպորտային վաշտում անցնելու հնարավորություն տվողն ո՞վ է, ազատողն ո՞վ է... Զինծառայության ընթացքում մասնակցած ձյուդոյի մրցաշարերի համար սամբոյի ֆեդերացիան էր Գրիգոր Սահակյանին ազատում ծառայությունից: Իսկ ինչ վերաբերում է ֆեդերացիայի «հստակ» կանոնակարգին, նման բան չկա. կա զուտ պայմանավորվածություն, որի առաջարկողը եղել եմ ես, որ եթե նույն ժամկետներում համընկնի սամբոյի եւ ձյուդոյի մրցաշարերը, մենք առաջնայնությունը կտանք ձյուդոյին՝ որպես օլիմպիական մարզաձեւ»,- նշեց Լեւոն Հայրապետյանը:

Իսկ թե ինչո՞ւ է խախտվել պայմանավորվածությունը եւ ինչպե՞ս է իրականում եղել Գրիգոր Սահակյանի՝ ձյուդոյի երիտասարդների աշխարհի առաջնությունը բաց թողնելու հարցը, սամբոյի ֆեդերացիայի նախագահը պարզաբանեց.

«Գրիգորը նախ դարձավ սամբոյի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, ապա ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, դրան հաջորդեց Սերբիայում կայացած սամբոյի աշխարհի առաջնությունը, որտեղ կրկին նվաճեց ոսկե մեդալ: Սերբիա գնալուց առաջ ոչ մեկ ընդհանրապես ոչ մի օր մեզ չնախազգուշացրեց,  որ մենք առաջին համարներին իրավունք չունենք «ձեռք տալու»: Ավելին՝ Թաթուլ Հովհաննիսյանը, այդ ժամանակ դեռ չէր նշանակվել ֆեդերացիայի գլխավոր քարտուղար: Նույնիսկ մարզիչներից որեւէ մեկը մեզ չի զգուշացրել, որ պետք է մարզիկը անպայման մասնակցի ձյուդոյի աշխարհի առաջնությունը: Խոսել եմ նաեւ Գրիգոր Սահակյանի անձնական մարզիչի հետ, ումից հետաքրքրվել եմ, թե ինչպես է լինելու մարզիկի՝ ձյուդոյի աշխարհի առաջնության մասնակցության հարցը: Ես կողմ էի, պատրաստ էի ամեն ինչով աջակցել, որ երկու աշխարհի առաջնություններում էլ մասնակցեր: Ամենայն անկեղծությամբ եմ ասում՝ Գրիգոր Սահակյանի՝ ձյուդոյի երիտասարդների աշխարհի առաջնության հետ կապված ոչ մի խոսկացություն չի եղել ոչ ինձ հետ, ոչ իր անձնական մարզիչ Մարտին Սարգսյանի հետ: Ես անհանգստանում էի, քանի որ առանձնապես մեծ ծախսեր չէր պահանջվելու Գրիգորին Սերբիայից Խորվաթիա ուղարկելու համար: Շատ քիչ ծախսեր կպահանջվեր, որը մենք էլ կարող էինք հոգալ: Գրիգոր Սահակյանը ձյուդոյի աշխարհի առաջնությունից մեդալ կբերեր, եթե մասնակցեր»:

ՀՁՖ գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանի դիտարկմանը, թե մարզիկն իր մարզավիճակի գագաթնակետին կարող է հասնել տարվա ընթացքում առավելագույնը երկու անգամ, ՀՍՖ նախագահն արձագանքեց.

«Թաթուլ Հովհաննիսյանը նշում է, որ ինքը վաստակավոր մարզիչ է եւ ըստ այդմ էլ անում իր այդ դիտարկումը, բայց նա մոռանում է, որ վաստակավոր մարզիչի կոչումը նա ստացել է իմ ղեկավարած սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մարզադպրոցում որպես սամբոյի մարզիչ՝ աշխատելով 14 տարի: Ես եմ նրան վաստակավորի կոչումը շնորհել: Նա նույնպես մեր կոլեկտիվի անդամ էր եւ երբեք նրանից սամբո մարզաձեւի նկատմամբ վատ բան չեմ լսել: Ուղղակի զարմացած եմ, որ նա որոշակի արտահայտություններ է հնչեցրել սամբոյի ֆեդերացիայի հասցեին: Այս ամենը էմոցիաներ են... Այս 5-6 տարիների ընթացքում Գրիգոր Սահակյանն առաջին անգամ ձյուդո մարզաձեւից մեդալ է նվաճել եւ դա սարքել են դրոշ: Չի կարելի... Ուրեմն՝ այդ մեր երկար տարիների աշխատանքը արհամարհո՞ւմ են»:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։