22:24 2 նոյեմբերի, 2017Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը թուլացել է, կորցրել ենք 4 ուժեղ խաղացողների, բայց հույսեր ունենք, որ Եվրո-2021-ի նախընտրական առաջին փուլը կհաղթահարենք եւ դուրս կգանք հաջորդ փուլ: Իսկ մինչ այդ Հայաստանում կստեղծենք մեր լիգան, որպեսզի ազգային հավաքականի անդամները ներքին լիգայի խաղացողներից լինեն:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը:
Հայկական բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը վերջին շրջանում անհամեմատ աճել է. ապացույցը աշխարհի առաջնության ընտրական առաջին տուրի խաղերում հայ երկրպագուների հոսքն էր մարզադահլիճ, իսկ այս օրերին նաեւ Հայաստանում անցկացվող բասկետբոլի տղամարդկանց Ա լիգայի կանոնավոր առաջնության նկատմամբ մարզասերների հետաքրքրությունը:
Հոկտեմբերի 21-ին մեկնարկած առաջնությունը մասնակցում է 7 ակումբ՝ «Ուրարտու» (Երեւան), ՖԻՄԱ (Երեւան), «Շիրակ» (Գյումրի), «Արթիկ» (Արթիկ), «Ինժիներ» (Երեւան), «Արցախ» (Ստեփանակերտ), «Գրանդ Սպորտ» (Երեւան):
Պարոն Պողոսյան, երկար տարիներ Հայաստանում բասկետբոլի ակումբները լիգա չեն ունեցել: Ինչպե՞ս ստեղծվեց գաղափարը:
Նախ նշեմ, որ սա Հայաստանի առաջնություն չէ: Բոլորի կողմից խաղարկությունը ներկայացվում է որպես Հայաստանի առաջնություն, բայց իրականում սա Հայաստանի ակումբային անկախ լիգա է եւ մասնակցում են թիմեր ոչ միայն Հայաստանից, այլեւ Արցախից:
Սա ոչ թե նոր ծնված գաղափար է, այլ թերություն, որը հայկական բասկետբոլում բացակայում էր: Ցանկացած երկրում, որտեղ զարգացած է սպորտը, բասկետբոլը եւ իրեն համարում է բասկետբոլային երկիր, պարտադիր ունենում է նման լիգա: Ես իսկապես մեծ բացթողում եմ համարում հայկական բասկետբոլում, քանի որ նույնիսկ քիչ զարգացած երկրներն են ունենում լիգա, այն էլ՝ մի քանիսը:
Իսկ չենք ունեցել լիգայի խաղարկություններ, քանի որ թույլ էինք, չունեինք համապատասխան քանակությամբ բասկետբոլիստներ, չունեինք նաեւ լիգան ստեղծելու հնարավորություններ: Հիմա էլ ակումբները պատրաստ չէին այսպիսի լիգա անցկացնելու համար: Բայց մենք որոշում ընդունեցինք պարտադիր կազմակերպել եւ անցկացնել Ա խմբի լիգա: Այս ամենը մի քիչ արհետսական ստացվեց, բայց ամեն դեպքում ստեղծեցինք: Թե ինչ արդյունք կունենա լիգա ստեղծելու մեր ցանկությունը, ցույց կտա ընթացքը, մարդկանց հետաքրքությունը այս խաղերի նկատմամբ:
Արդեն անցկացրել ենք 2 տուր, մեկնարկել է 3-րդ տուրը: Համարում եմ, որ հաջողությունների հասել ենք՝ ինչ-որ հետաքրքրություն կա հանրության կողմից, լրատվամիջոցների կողմից: Եվ մեզանից է կախված, թե ինչ կյանք կունենա այս լիգան ապագայում:
Ա լիգային զուգահեռ մենք նախաձեռնեցինք նաեւ մինչեւ 16 տարեկանների Հայաստանի առաջնություն, որին մասնակցում է 12 ակումբ Երեւանից եւ մարզերից: Ունենք նաեւ թիմ Արցախից: Մինչեւ 16 տարեկանների Հայաստանի կանոնավոր առաջնությունը մեկնարկել է հոտեմբերի 1-ից եւ արդեն հասցրել է մեծ հետաքրքրություն վայելել: Հանդիպումները շատ հետաքրքիր եւ լարված են:
Մինչեւ 16 տարեկան բասկետբոլիստների համար մեծ հնարավորություն ենք ստեղծել, որ փորձեն իրենց ուժերը եւ արդեն հաջորդ տարի համալրեն Ա լիգայի թիմերը:
Հնարավո՞ր է Ա լիգայի հաղթող բասկետբոլիստներ համալրեն Հայաստանի ազգային հավաքականը:
Այնպես չէ, որ չեմպիոնի կոչումը նվաճած ակումբի սաները միայն իրավունք կստանան համալրել ազգային հավաքականը: Ա լիգայի մրցաշրջանը դեռ չի ավարտվել, բայց ես արդեն տեսնում եմ լիգայում մասնակից թիմերի մեջ ուժեղ բասկետբոլիստներ, ովքեր կամ կհամալրեն ազգային հավաքականը, կամ թեկնածու են:
Մեր նպատակը Հայաստանի ազգային հավաքականի համար ուժեղ բասկետբոլիստներ պատրաստելն է, իսկ դրանում մեզ կօգնի ներքին լիգան: Հայտնի է, որ ազգային հավաքականի խաղացողները բոլորը Հայաստանից դուրս ապրող երիտասարդներ են, իսկ հաճախ մարզումներ, հավաքներ կազմակերպելու համար ուղղակի հնարավորություն չենք ունենում բոլորին Հայաստան բերել: Իսկ մենք մեծ դժվարություն ունենք հավաքականը մի տեղ հավաքելու: Օրինակ՝ բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը նոյեմբերին մեկնարկելու է 2021 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական առաջին փուլում: B ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցները լինելու են Ալբանիայի եւ Դանիայի թիմերը: Այժմ կանգնած ենք խնդրի առաջ՝ թիմն ամբողջական Հայաստանում կլինի նոյեմբերի 20-ին: Մենք մարզումներ անելու եւ պատրաստվելու համար ունենք 2 օր ժամանակ, քանի որ առաջին հանդիպումը Ալբանիայի հետ նոյեմբերի 23-ին է: Այսպես նաեւ տնային խաղը՝ Դանիայի հետ կայանալու է նոյեմբերի 26-ին, որին պատրաստվելու համար կրկին 2 օր ունենք: Իսկ եթե մեր հավաքականի հիմնական խաղացողները լինեին լիգայի խաղացողներ, մենք հավաք, մարզումներ կազմակերպելու խնդիր չէինք ունենա:
Անդրադառնալով ազգային հավաքականի առաջիկա խաղերին, ի՞նչ փոփոխություններ կան թիմում՝ աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլից դուրս մնալուց հետո:
Մեծ փոփոխություններ ունենք: Կորցրել ենք մեր 4 լավագույն խաղացողներին՝ Անդրե Սպայթ Մկրտչյանը, Կարեն Չիվիչյանը, Արտյոմ Թավակալյանը եւ Արկադի Մկրտիչյանը: Նրանք այդ շրջանում չենք կարող միանալ մեր հավաքականին, իսկ դա նշանակում է, որ մենք 4 շատ ուժեղ խաղացողների կորուստ ունենք: Մեր նախկին խաղացողներից մի քանիսը կվերադառնան հավաքական:
Չնայած թիմը թուլացել է, բայց հույսեր ունենք, որ Եվրո-2021-ի նախընտրական առաջին փուլը կհաղթահարենք եւ դուրս կգանք հաջորդ փուլ:
Ու նաեւ մեծ հույս ունենք, որ Ա լիգան կաճի, կզարգանա եւ ազգային հավաքականի խաղացողներ կտա:
Պարոն Պողոսյան, երկար տարիներ հայկական բասկետբոլը «քնած» էր: Սա վերածնու՞նդ է:
Քնած չէր, մեռած էր. մենք նորից ծնվեցինք: Մարդիկ սկսել են հետաքրքրվել, ապրել մեր խաղերով, մեր հաղթանակներով ու պարտություններով, սպասում են մեր խաղերին: Ամեն ինչ դեռ առջեւում է:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.