Որակազրկված ձյուդոիստ Գրիգոր Սահակյան. Միշտ էլ մասնակցել եմ սամբոյի մրցաշարերի, խնդիր չի եղել

21:20   31 հոկտեմբերի, 2017

Այն, որ որակազրկվել եմ, տեղեկացել եմ լրատվամիջոցներից: Բայց սա չի նշանակում, որ դադարեցնում եմ ձյուդոյի մարզումներս: Եթե ֆեդերացիան գտնում է, որ ճիշտ է ինձ որակազրկելը, թող այդպես լինի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ձյուդոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, սամբոյի երիտասարդների Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն Գրիգոր Սահակյանը:

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած ընդլայնված նիստում որոշել է ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականի առաջատար, 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանին մեկ տարով որակազրկել: 2 օր անց մարզիկի որակազրկումը պաշտոնապես հաստատվեց:

Գրիգոր, մեկ տարով որակազրկվել ես: Տեղյակ եղե՞լ ես, որ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան քեզ որակազրկելու է: Իրականում, ինչո՞ւ են քեզ որակազրկել:

Ես տեղյակ չեմ եղել, որ ինձ որակազրկել են: Ֆեդերացիայի նիստին ներկա է եղել իմ անձնական մարզիչը: Բայց այն, որ մեկ տարով որակազրկվել եմ, այդ մասին տեղեկացել եմ լրատվամիջոցներից: Ինձ որեւէ մեկը չի տեղեկացրել: Պատճառն էլ իմացել եմ լուրերից՝ այն, որ ես մասնակցել եմ սամբոյի աշխարհի առաջնությանը եւ բաց եմ թողել ձյուդոյի երիտասարդների աշխարհի առաջնությունը: Այսքանը գիտեմ:  

Ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի առաջնությունից հետո, որտեղ նվաճեցի բրոնզե մեդալ, պետք է նախապատրաստվեի հոկտեմբերի 18-22-ը Խորվաթիայում կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնությանը: Այդ միջակայքում էր նաեւ սամբոյի աշխարհի առաջնությունը: Հոկտեմբերի 14-ին Հայաստանի թիմի հետ Սերբիայի Նովի Սադ քաղաքում մասնակցեցի սամբոյի երիտասարդների աշխարհի առաջնությանը եւ դարձա չեմպիոն: Հոկտեմբերի 15-ին վերադարձա Հայաստան եւ ցանկանում էի պատրաստվել ձյուդոյի երիտասարդների աշխարհի առաջնությանը, բայց ինչ-ինչ պատճառներով չստացվեց: Ես ցանկանում էի մասնակցել ձյուդոյի երիտասարդների աշխարհի առաջնությանը, այնպես չէ, որ խուսափել եմ ձյուդոյի մրցաշարերից, բայց ինձ չտարան:

Իսկ ո՞վ է որոշում, թե դու որ մարզաձեւի մրցաշարին պետք է մասնակցես:

Որոշումը, թե որ մարզաձեւի մրցաշարերին պետք է մասնակցել, կայացնում ենք ես եւ անձնական մարզիչս: Ես մշտապես մասնակցել եմ երկու մարզաձեւրի մրցաշարերին էլ: Ձյուդոյի ֆեդերացիան չի արգելել հանդես գալ նաեւ սամբոյի մրցաշարերում:

Իսկ այդ շրջանում ինչո՞ւ բաց թողեցիր ձյուդոյի երիտասարդների աշխարհի առաջնությունը եւ ինչո՞ւ նախապատվությունը տվեցիր սամբոյին:

Ընտրությունն այսպես է եղել. ես կուզեի երկու մրցաշարերին էլ մասնակցել, երկուսում էլ պատրաստ էի պայքարի մեջ մտնելուն: Բայց հնարավոր չեղավ, չստացվեց:

Ժամանակային առումով հնարավորություն չունեցա՞ր նախապատրաստվել:

Հնարավոր էր հասցնել, քանի որ հոկտեմբերի 15-ին ես վերադարձել էի, իսկ ձյուդոյի երիտասարդների աշխարհի առաջնությունը մեկնարկում էր հոկտեմբերի 18-ին: Ուղղակի չստացվեց:

Իսկ նախապես պայմանավորվածություն չկա՞ր ֆեդերացիայի հետ, որ այդ արանքում կա սամբոյի աշխարհի առաջնություն եւ դու պետք է հանդես գաս նաեւ այնտեղ:

Ես միշտ էլ մասնակցել եմ սամբոյի մրցաշարերին: Մինչ այս խնդիր չի եղել իմ մասնակցության հետ կապված: Որեւէ տեղ փաստաթղթով հաստատված կամ կնքված չէ, որ մենք իրավունք չունենք մասնակցել սամբոյի մրցաշարերին:

Իսկ ինչպե՞ս ես արձագանքել այս որակազրկմանը: Ճի՞շտ է արդյոք վարվում ֆեդերացիան՝ քեզ որակազրկելով:

Եթե իրենց կարծիքով ինձ որակազրկելը ճիշտ է, թող այդպես լինի... Չգիտեմ... Ինձ համար շատ տարբերություն չկա, անկեղծ ասած: Եթե որակազրկել են եւ գտնում են, որ այդպես ճիշտ է, ուրեմն՝ ճիշտ է: Մեկ տարի չեմ կարող մասնակցել ձյուդոյի մրցաշարերին: Առաջին անգամ է ինձ հետ նման բան պատահում: Միայն գիտեմ, որ արդեն պաշտոնապես հաստատված է, որ ես որակազրկված եմ:

Ես գիտակցում եմ, որ ձյուդոյի մարզումների, հավաքների շնորհիվ դարձա սամբոյի աշխարհի չեմպիոն, բայց մի նրբություն էլ կա՝ սամբոյի արդյունքների շնորհիվ է, որ ես կարողացել եմ ձյուդոյով մարզվել բանակում ծառայությանս ընթացքում: Սամբոյի արդյունքների շնորհիվ ես զորակոչվեցի բանակ ու ինձ տարան սպորտային վաշտ: Այնպես, որ սամբոն ինձ, որպես ձյուդոիստի, քիչ բան չի տվել: Միակողմանի պետք չէ նայել հարցին: Ձյուդոյի ֆեդերացիան միակողմանի է գնահատում իրավիճակը: Ես կորցնելու բան չունեմ: Որակազրկումն էլ իմ կյանքում ոչինչ չի փոխել:

Նախքան նիստը եւ քեզ որակազրկելու որոշումը որեւէ մեկը ֆեդերացիայից քեզ հետ չի խոսե՞լ, չի տեղեկացրե՞լ, որ նիստի ընթացքում քվեարկության է դրվելու քեզ որակազրկելու հարցը: Կամ որեւէ մեկը չի նախազգուշարցե՞լ, որ օլիմպիական մարզաձեւի Եվրոպայի երիտասարդների առաջնությանը չմասնակցելու համար քեզ սպառնում է որակազրկում:

Որեւէ մեկն ինձ նախապես չի զգուշացրել, նախքան նիստը եւ նիստից հետո էլ ոչ ոք ինձ տեղյակ չի պահել, որ ես որակազրկված եմ: Նույնիսկ մարզիչս ինձ հետ այս թեմայով չի խոսել: Իմ որակազրկման մասին, ինչպես արդեն սկզբում ասացի, տեղեկացել եմ լրատվամիջոցներից:

Մեկ տարի բաց ես թողնելու ձյուդոյի մրցաշարերը, այն դեպքում երբ դու համարվում ես առաջատարներից: Մեկ տարին բացասական ազդեցություն չի ունենա՞ ձյուդոիստի  կարիերայիդ վրա:

Բնական է, որ այս մեկ տարին իր բացասական ազդեցությունը կունենա: Բայց սա չի նշանակում, որ ես մեկ տարով դադարեցնելու եմ ձյուդոյի մարզումներս: Նորմալ, ըստ կարգի ես շարունակելու եմ ձյուդոյի մարզումներս: Մարզիկի կարիերաս սկսել եմ հենց ձյուդո մարզաձեւում: Ձյուդոյով զբաղվում եմ 9 տարեկանից: Սամբոն համատեղում եմ եւ երկու մարզաձեւում էլ ինձ լավ եմ զգում. չեմ կարող որեւէ մեկն առանձնացնել:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.