Անաստասիա Գալուստյան. Կարիերայիս ժամանակավոր դադարի պատճառը ֆինանսական է

10:55   29 հոկտեմբերի, 2017

Ժամանակից շուտ եմ ավարտում մարզական կարիերաս՝ գումար վաստակելու, ընտանիքիս օգնելու եւ ինձ ապահովելու համար, որպեսզի ծնողներիցս կախված չլինեմ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Մոսկվայից ասաց գեղասահքի Հայաստանի հավաքականի առաջատար մենասահորդուհի, մոսկվացի Անաստասիա Գալուստյանը, ով Մոսկվայում անցկացված Rostelecom Cup մրցաշարում հանդես գալուց հետո հայտնել է մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտելու մասին:

Անաստասիա, դու հայտարարել ես, որ ժամանակից շուտ ես ավարտում այս  մրցաշրջանը:

Այն տեղեկությունը, որ ես ժամանակից շուտ եմ ավարտում մրցաշրջանը, շատ արագ տարածվեց, հանրության կողմից շատ կտրուկ ընդունվեց: Ես բազմաթիվ նամակներ, հաղորդագրություններ եմ ստացել, հարցերով, թե ինչու, ինչ է պատահել: Մի պահ նույնիսկ վախեցա մարդկանց այդ արձագանքից, կարծեցի, թե սխալ քայլ եմ անում: Բայց իրականում ժամանակից շուտ մրցաշրջանն ավարտելն իր պատճառներն ու հիմքերն ունի:

Մինչեւ պատճառներին անդրադառնալը, ինչպիսի՞ն էր այս մրցաշրջանը քեզ համար:

Մրցաշրջանը հաջողված չէր, քանի որ ես չկարողացա նվաճել օլիմպիական ուղեգիր, չնայած, որ ունեի երկու հնարավորություն: Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում մասնակցեցի օլիմպիական վարկանիշային մրցաշարի: Այն ժամանակ  ես գիտեի, թե Գերմանիայում անցկացվող Nebelhorn Trophy 2017  մրցաշարը վերջին վարկանիշայինն է Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի համար: Այստեղ ես կանանց մենասահքի կարճ ծրագրից հետո 15-րդն էի, իսկ ազատ ծրագրում գրանցեցի 7-րդ արդյունքը: Ընդհանուր հաշվարկում գրավեցի 8-րդ տեղը: Իսկ օլիմպիական ուղեգիր նվաճում էին 1-6 տեղերը զբաղեցրած գեղասահորդները: Ես շատ էի ուզում, բայց ինչ-որ մի բան երեւի չբավարարեց: Գերմանիայում, երեւի, հոգեբանորեն լիարժեք պատրաստ չէի, ինչ-որ մի բան խանգարեց, որ ես լավագույն  6-ի մեջ հայտվեմ: Բացի այդ, միջազգային մրցաշարերում մենք չունենք միջազգային հայ մրցավար: Դա մեզ շատ է խանգարում: Մենք չունենք տեխնիկական անձնակազմ, միայն մեկ մրցավար ունենք, ով այդ մրցմանը մեզ հետ չէր:

Օրերս Մոսկվայում դու մասնակցեցիր նաեւ Rostelekom Cup-ին, որը նույնպես վարկանիշային էր:

Ինձ համար էլ էր անակնկալ, որ Գերմանիայից հետո, փաստորեն, մենք ունենք եւս  մեկ հնարավորություն: Բայց ես այնքան ուշ տեղեկացա Մոսկվայում կայանալիք վարկանիշային մրցաշարում մեր մասնակցության մասին, որ հոգեպես երեւի պատրաստ չէի սառույց դուրս գալուն եւ պայքարելուն: Մոսկվայի  մրցաշարում զբաղեցրի 12-րդ տեղը:

Գերմանիայի մրցաշարում դու զբաղեցրիր 8-րդ տեղը, բայց մեծ հնարավորություն ունեիր որպես պահեստային Օլիմպիական խաղերին մասնակցել: Մրցավարների գործոնը կա՞ր քեզ պահեստայինների մեջ չընդգրկելու հարցում, թե քո արդյունքը 8-րդ տեղի արդյունք էր:

Այս երկու մրցաշարերում բոլորը մրցավարական անարդարություն են տեսնում: Բայց ես որեւէ դժգոհություն չունեմ: Ես ցույց տվեցի այն արդյունքները, որոնց պատրաստ էի: Համաձայն եմ, որ հնարավորություն ունեի պահեստայինում լինել, բայց ինձ մրցավարները անարդար չդատեցին: Ստացա այն գնահատականը, որը հավաքել էի: Գեղասահքում մրցավարների համար մեծ ուշադրության են արժանանում ավելի մեծ եւ գեղասահքը զարգացած երկրներին: Մենք փոքր երկիր ենք, այսինքն մարզաշխարհում, որպես գեղասահորդ ինձ, Սլավիկ Հայրապետյանին եւ պարային զգույգին են ճանաչում: Մենք այսքանս ենք փորձում մեր ուժերով Հայաստանում առաջ տանել գեղասահքը: Եվ ես նորմալ եմ ընդունում այն փաստը, որ նույնիսկ հավասար միավորներով եթե 7-րդ՝ պահեստային տեղը կիսեմ որեւէ այլ երկրի ներկայացուցչի հետ, միանշանակ առավելությունը ինձ չեն տա:

Մրցաշրջանը վաղ ավարտելու մասին քո հայտարարությունը եղավ անմիջապես Rostelekom Cup-ից հետո:

Այն, որ ես որոշել էի ժամանակից շուտ ավարտել այս մրցաշրջանը, Գերմանիայի վարկանիշային մրցաշարից հետո էր: Այդ ժամանակ ես արդեն հստակ որոշել էի, որ ոչինչ չի ստացվում եւ ինձ դադար է պետք: Գերմանիայի մրցաշարից հետո երկար ժամանակ չէի սահում, սառույց դուրս չէի գալիս, երբ պատահական իմացա, որ Մոսկվայում կա եւս մեկ վարկանիշային մրցաշար: Գերմանիայի մրցաշարից հետո դեռեւս միայն ինքս ինձ համար էի մտածում, որ այդ մրցաշարով կավարտեմ մրցաշրջանը: Իսկ երբ իմացա եւս մեկ վարկանիշային մրացաշարի մասին, ուղղակի չէի կարող այն ձեռքիցս բաց թողնել: 12-րդ տեղի արդյունքը թերեւս սպասելի էր ինձ համար, քանի որ ես լիարժեք պատրաստ չէի պայքարի դուրս գալու, քանի որ վերջին 10 օրերի ընթացքում միայն տեղեկացա Rostelekom Cup-ի մասին եւ մրցումային ծրագրին չհասցրեցի պատշաճ պատրաստվել: Չնայած, նշեմ, որ Մոսկվայի մրցաշարում ես անհամեմատ լավ հանդես եկա, չկար լարվածություն, ինձ ավելի ազատ էի զգում, այնպես, ինչպես չէի զգացել ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Սա երեւի պայմանավորված էր նրանով, որ ես Մոկսվայում էի հանդես գալիս. ինչպես Երեւանը, Հայաստանը, այնպես էլ Մոսկվան, Ռուսաստանը ինձ համար տուն են, հարազատ քաղաքներ:

Ինչո՞ւ որոշեցիր հրաժարվել մրցաշրջանը ավարտին հասցնելուց: Օլիմպիական ուղեգիր չնվաճելու հիասթափությո՞ւնն է պատճառը:

Վերջին շրջանում մարզումների ընթացքում ինձ մոտ ամեն ինչ հրաշալի է ստացվում, իսկ երբ դուրս եմ գալիս սառույց, ամեն ինչ գլխիվայր շրջվում է՝ ոչ լիարժեք ցատկեր, պտույտներ, ամեն ինչ հակառակն է ստացվում: Որոշակի լարվածություն կար այս մրցաշրջանում, որն ինձ խանգարեց բոլոր մրցաշարերում: Կարծես ամեն ինչ անիմաստ լիներ: Պատճառներից մեկը հենց սա է, որ ես չկորցնեմ այն անունը եւ համբավը, որն այս տարիների ընթացքում ձեռք եմ բերել եւ վերցնեմ փոքրիկ դադար՝ նորովի ներկայանալու միտումով: Ես ուզում եմ, որ իմ որոշումը մարդիկ, երկրպագուները, մարզասերները ճիշտ հասկանան: Բայց միայն սա չի պատճառը, որ ես որոշել եմ դադար վերցնել. իրական պատճառը ֆինանսական խնդիրն է: Ես 18 տարեկան եմ, ուսանող եմ եւ այս շրջանում ունեմ ֆինանսական խնդիրներ: Ես կուզեի բացի մեծ սպորտում նվաճումների հասնելուց, նաեւ գումար աշխատել, ինձ, ընտանիքիս ապահովել, ծնողներիս օգնել: Սովորում եմ Ռուսաստանի Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում, ծնողներս էլ այս շրջանում գումարի խնդիր ունեն: Ես արդեն հասուն տարիքում եմ եւ չեմ կարող այսպես երկար շարունակել զբաղվել միայն սպորտով, արդեն ժամանակն է, որ ես էլ գումար վաստակեմ: Ծնողներս այնքան բան են արել ինձ համար, եկել է ժամանակը, որ ես նրանց պատասխանեմ, օգնեմ, աջակցեմ գումարով:

Այս ընթացքում որոշել եմ մասնակցել շոու-ծրագրերի Մոսկվայում, գուցե այլ երկրներում, կկարողանամ գումար վաստակել:

Անաստասիա, իսկ հնարավո՞ր է, ավարտես մարզական կարիերադ եւ միայն շոուների մասնակցես, թե՞ ամեն դեպքում այս դադարը restart-ի համար է:

Այդ հարցն այժմ ինձ շատ են տալիս: Ոչ, ես չեմ ավարտում մարզական կարիեաս: Ես նորից եմ սկսում: Իմ հաջորդ start-ում կփորձեմ լինել լրիվ այլ Անաստասիա Գալուստյան: Ես շարունակելու եմ հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, ես նոր պայքարի մեջ եմ մտնելու նոր օլիմպիական շրջափուլում: Այս դադարը չի նշանակում մարզական կարիերայի ավարտ, չի նշանակում, որ ես հեռանում եմ սառույցից, պայքարից: Հենց այդ պատճառով ցանկանում եմ իմ այս որոշմանն ըմբռնումով մոտենալ: Ես այս շրջանում պետք եմ իմ ընտանիքին, իմ հայրիկին եւ պետք է կարողանամ ֆինանսով ապահովել ընտանիքս, այդ թվում նաեւ ինձ: Անհրաժեշտ է գումար վաստակել, որպեսզի կարողանամ շարունակել մարզական կարիերաս:

Հայաստանում կանանց մենասահքի միակ առաջատարը դու ես հիմա: Որոշումդ ինչպե՞ս ընդունեց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան:

Ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանն այդքան էլ լավ չընդունեց իմ որոշում: Նախքան իր հետ խոսելը, ինստագրամյան իմ գրառումն արդեն հասցրել էր հայտնվել համացանցում, եւ նա այնտեղից արդեն տեղեկացել էր: Նա, իհարկե, չհասկացավ, ինչ պատճառներ են ինձ դրդել նման որոշման համար: Մենք դեռ չհասցրեցին մանրամասն խոսել եւ հասկանալ միմյանց: Նա հասկացել էր, թե ես ավարտում եմ գեղասահորդի կարիերաս, դուրս եմ գալիս Հայաստանի հավաքականից: Ես շատ բարձր եմ գնահատում Մելանյա Ստեփանյանի աշխատանքը: Նա իսկապես ջանք չի խնայում հայկական գեղասահքը պատվով ներկայացնելու համար: Մենք մշտապես կապի մեջ ենք, նա պարբերաբար հետաքրքրվում է ինձանով, մեզանով, երբ մենք մարզումներն անում ենք տարրբեր քաղաքներում: Ես հույս ունեմ, որ նա ամեն ինչ կհասկանա, քանի որ դադարս երկար չի տեւելու: Հաջորդ մրցաշրջանի մեկնարկից ես կրկին կմիանամ հավաքականին:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.