Արմեն Գյոզալյան. Լավ աշխատանքի դեպքում Էդգար Ստեփանյանը կհասնի օլիմպիական ուղեգրի

23:28   24 հոկտեմբերի, 2017

Լավ աշխատանքի եւ նորմալ ֆինանսական ներդրումների դեպքում Էդգար Ստեփանյանը կհասնի օլիմպիական ուղեգրին:

Այս կարծիքը NEWS.am Sport-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանի անձնական մարզիչ, հեծանվային սպորտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը, ում գլխավորությամբ Էդգար Ստեփանյանը հոկտեմբերի 18-22-ը Բեռլինում առաջին անգամ մասնակցեց հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը: Սկրեչ մրցաձեւոմ Ստեփանյանը մրցելույթներն ավարտեց 11-րդ տեղում եւ 4 կմ հետապնդումով վազքում՝ 18-րդ: Օմնիում մրցաձեւում Ստեփանյանին չհաջողվեց մտնել եզրափակիչ։

Պարոն Գյոզալյան, ամփոփեք Եվրոպայի առաջնությունը:

Մենք հանդես եկանք այնքան, որքան պատրաստվել էինք: Մի փոքր ավելի լավ կարող էր լինել, բայց այդ փոքրիկ հնարավորությունը, որը բաց թողեց Էդգարը, կփորձենք հետ բերել աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում: Սկրեչ մրցաձեւում 11-րդ տեղ գրավեց: Ես, որպես Էդգար Ստեփանին լավ ճանաչող մարդ, փաստում եմ, որ արեց ամեն ինչ, ավելի լավ մասնակցելու համար, բայց ավարտեց 11-րդ տեղի արդյունքով, որի համար գոհ եմ: Այս արդյունքով Ստեփանյանն իր վարկանիշային միավորները միանգամից 245-ով ավելացրեց: 4 կմ հետապնդումով վազքում ցույց տվեց 4։26 վայրկյան արդյունք, որն իր մարզական կարիերայի լավագույն արդյունքն էր: Մինչ այս,  նրա լավագույն արդյունքը 4:32 վայրկյան էր: Սա արդեն մեծ հույս է տալիս, որ մյուս կարեւոր վարկանիշային մրցաշարերում էլ ավելի բարձր միավորներ կվաստակենք եւ կկարողանանք աշխարհի առաջնության մասնակցության իրավունք ձեռք բերել:

Այս պահին Էդգար Ստեփանյանի վարկանիշային միավորները որքա՞ն են:

Աշխարհի առաջնության համար 459 միավոր ունենք: Մեր օլիմպիական ծրագիրը մեկնարկում է 2018 թվականի աշխարհի առաջնությունից հետո: Մենք այժմ անում ենք ամեն ինչ, որպեսզի առաջին անգամ, երկար տարիների դադարից հետո, աշխարհի մեծահասակների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ ունենանք: Իսկ նախորդ անգամ աշխարհի առաջնությունում ներկայացուցիչ ունեցել ենք 1995 թվականին: Արդեն աշխարհի առաջնությանը մասնակցելով՝ իրավունք ձեռք կբերենք օլիմպիական ծրագրում պայքարելու Տոկիո-2020 ուղեգրի համար: Պետք է ամեն ինչ անենք, որ կարողանանք աշխարհի առաջնությանը նորմալ միավորներով մասնակցության իրավունք ձեռք բերենք եւ մեր ամբողջ ուժերը ներդնենք արդեն աշխարհի առաջնությունում լավ հանդես գալու համար:

Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորություն ուներ միայն Էդգար Ստեփանյա՞նը:

Այն, որ այս պահին միայն Էդգար Ստեփանյանն էր պատրաստ Եվրոպայի առաջնությունում մեկնարկի դուրս գալ, որոշել է Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիան եւ մարզչական շտաբը: Տարվա կտրվածքով լավագույն արդյունքները նրանն էին: Բացի այդ, քանի որ չէր թույլատրվում մրցաձեւերում երկու մարզիկ հայտարվորել, որոշվեց, որ Էդգարը հանդես կգա երկու մրցաձեւում: Միայն թույլատրվում էր երկու մարզիկ հայտավորել 4 կմ հետապնդումով մրցավազքում: Բայց այդ ձեւում էլ այս պահին չունեինք մարզիկ, որը Էդգարի չափ, կամ Էդգարից լավ արդյունք ցույց տար: Եթե մեր առաջատարներից Մհեր Մկրտչյանի ոտքի վնասվածքը չլիներ, նրան կհայտավորեինք խմբակային մրցավազքում: Ֆեդերացիան ամեն ինչ կաներ, կֆինանսավորեր, որ մենք երկու ներկայացուցիչով մասնակցենք: Իսկ Մհեր Մկրտչյանը դեռ մրցաշրջանի սկզբից վնասվածք ստացավ, փորձեց ուժերը Աֆրիկայի մրցաշարում, բայց այդքան լավ հանդես չեկավ: Այդ պատճառով ֆեդերացիան որոշեց, որ այս պահին միայն Էդգար Ստեփանյանն է պատրաստ Եվրոպայի առաջնությանը:

Այս տեմպերով Էդգար Ստեփանյանը կարո՞ղ է հասնել օլիմպիական ուղեգրին:

Ամեն ինչ էլ հնարավոր է. լավ աշխատանքի դեպքում եւ նորմալ ֆինանսներ ներդնելու դեպքում, բոլորիս համար այդքան բաղձալի օլիմպիական ուղեգիրը կարող ենք ձեռք բերել: Եվրոպայի առաջնությունում սկրեչ մրցաձեւում Էդգարից առաջ 10 մարզիկներն էլ Եվրոպայի, աշխարհի չեմպիոններ էին, բայց մեր հեծանվորդն այդ փաստից չընկճվեց եւ լավագույն արդյունքով հանդես եկավ: Նույն սկրեչ մրցաձեւում Էդգար Ստեփանյանը գերազանցեց աշխարհի չեմպիոն լեհ հեծանվորդին:

Էդգար Ստեփանյանը բնավորությամբ մարտիկ է, չի սիրում պարտվել: Նա լիարժեք գիտակցում է՝ ինչ մեծ պատասխանատվություն է իր վրա դրված, պատրաստ է օլիմպիական մրցաշրջանն անցնելու եւ պայքարելու օլիմպիական ուղեգրի համար: Էդգարի անունից ինձ թույլ կտամ ասել, որ պատրաստ է ցանկացած բարդություն հաղթահարել եւ բոլորիս ու իր երազանքն իրականացնել: 

Առաջիկայում ի՞նչ մրցաշարերի եք պատրաստվում:

Հոկտեմբերի 30-ին մեկնում ենք Լեհաստան, որտեղ կայանալու է աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը: Շատ կարեւոր է աշխարհի գավաթի առաջին փուլի արդյունքը, որից հետո վերջնական պարզ կլինեն մեր հնարավորությունները: Աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ փուլը կայանալու է Անգլիայում, բայց վիզաները չհասցրեցինք եւ, ստիպված բաց ենք թողնելու 2-րդ փուլը: Հույսներս 3-րդ եւ 4-րդ փուլերն են, որոնք կայանալու են Կանադայում եւ Չիլիում: Ֆինանսական խնդիր չունենք: Ֆեդերացիան հնարավոր ամեն բան անում է, որ 2018 թվականի աշխարհի առաջնության վարկանիշային միավորներ տվող բոլոր մրցաշարերին մասնակցենք: Նաեւ հավաքներ ենք ունենում, մարզումային գործընթացը լիարեժ կազմակերպվում է: Մնում է՝ այսպես շարունակական մնա ֆեդերացիայի աջակցությունը:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.