23:38 23 հոկտեմբերի, 2017Մենք ՄՕԿ-ի դրոշի տակ ենք, ինչպես ասում են, այդպես էլ անում ենք: Ծանրորդները չեն մասնակցի աշխարհի առաջնությանը եւ կպատրաստվեն հաջորդ տարվա մրցաշարերին:
Այս մասին NEWS.am Sport-ի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը՝ ամփոփելով Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի մասնակցությունը:
Նշենք, որ ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը հոկտեմբերի 15-ից 21-ը Ալբանիայում անցկացված Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 32 մեդալով՝ 18 ոսկե, 8 արծաթե եւ 6 բրոնզե: Երիտասարդների Հայաստանի հավաքականից ոսկե մեդալակիրներ են դարձել մինչեւ 20 տարեկանների պայքարում՝ 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը (227 կգ), +90 կգ քաշային Արփինե Դալալյանը (228կգ), +105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը՝ (433 կգ) , մինչեւ 23 տարեկանների մրցապայքարում՝ 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը (360 կգ), 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը (359 կգ) եւ +105 կգ քաշային Գոռ Մինասյանը (420 կգ):
Պարոն Ալավերդյան, ինչպե՞ս կգնահատեք երիտասարդական հավաքականի մասնակցությունը Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնությունում:
Արդյունքը գոհացնող է, քանի որ մինչ այս մենք 26 մեդալով էինք վերադարձել: Այժմ 6-ով մեդալների քանակն ավելացավ: Բայց ես իմ աշխատանքից, իմ ծանրորդներից գոհ չեմ կարող լինել: Այս աշխատանքին, 32 մեդալին պետք է գնահատական տա հասարակությունը եւ մասնագետները, այլ ոչ թե մենք:
Ո՞վ ուրախացրեց այս առաջնությունում:
Կարուշ Ղուկասյանը լավ հանդես եկավ: Ես չէի ասի, թե նա մեզ բոլորիս ուրախացրեց, բայց նա շատ հաճելի անակնկալ մատուցեց: Ինձ շատ ուրախացրեց Սիմոն Մարտիրոսյանն՝ իր մեդալներով եւ ռեկորդով:
Ես չուզեցա ավելորդ բարդության առաջ կանգնեցնել Գոռ Մինասյանին: Նա նույնպես կարող էր ռեկորդով ավարտել իր մրցելույթը, բայց ես ինքս չցանկացա ռիսկի դիմել: Գոռ Մինասյանը հետաքրքիր բնավորության գիծ ունի. նա շատ դաժանաբար է վերաբերվում ինքն իրեն եւ իր արդյունքներին: Մենք կարող էինք ավել կիլոգրամների գնալ եւ ռեկորդ սահմանել, բայց վնասվածք ստանալու վտանգը մեծ էր: Ու ոչ ոք ինձ չէր ների դրա համար:
Անդրանիկ Կարապետյանը նույնպես շատ լավ հանդես եկավ, իր արդյունքը, ոսկե մեդալը եւ լավագույնը ճանաչվելն այդ տարիքային խմբում եւս մեկ անգամ ապացուցեց իր պրոֆեսիոնալ լինելը եւ մեծ կամքի ուժը:
Ի դեպ, Անդրանիկ Կարապետյանն ու Սիմոն Մարտիրոսյանը դարձան լավագույններն այս առաջնությունում՝ Սիմոն Մարտիրոսյանը 20 տարեկանների, Անդրանիկ Կարապետյանը՝ 23 տարեկանների մեջ:
Աղջիկների մասին ի՞նչ կասեք: Այն կազմը, որն ունենք այս պահին, կարո՞ղ է Տոկիո-2020-ի օլիմպիական թիմի հիմք դառնալ:
Այս աղջիկները պետք է միանշանակ մտածեն, որ պատրաստվելու են Տոկիո-2020-ի համար: Աղջիկների թիմը մեզ նույնպես շատ ուրախացրեց: Իրենք ցույց տվեցին, որ կան եւ պետք է լինեն, որ ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականը լավ փոխարինող սերունդ ունի:
Օրերս Հռիփսիմե Խուրշուդյանն իր հարցազրույցներից մեկում Հայաստանի հավաքականի որակազրկման մեղքը վերցրեց իր վրա: Համաձա՞յն եք:
Միանշանակ: Հռիփսիմե Խուրշուդյանը շատ գեղեցիկ կին է եւ իր այդ խոստովանությամբ ինքն իրեն էլ ավելի գեղեցկացրեց: Ճիշտ է ասում:
Մեր որակազրկման ժամկետները դեռ չգիտենք՝ գուցե 1 տարի է, գուցե 6 ամիս է կամ 3 ամիս: Մենք ՄՕԿ-ի դրոշի տակ ենք. ինչպես ասում են, այդպես էլ անում ենք: Այն, որ մենք մեծահասակների աշխարհի առաջնությանը չենք մասնակցելու, դա անհերքելի փաստ է: Մնացածը պարզ կլինի նոյեմբերի 16-ից հետո:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.