Լոնդոն-2012. 30-րդ Խաղերը համեմատելի են Սիդնեյի եւ Պեկինի Խաղերի հետ

17:56   27 հուլիսի, 2012

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն չգիտի, թե ով է բոցավառելու օլիմպիական ջահը, հարգում է Եվրահանձնաժողովի որոշումը՝ արգելել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մուտք գործել Մեծ Բրիտանիայի տարածք եւ դրվատանքի խոսքեր է ասել հակադոպինգային պայքարի կապակցությամբ։

Հուլիսի 27-ի երեկոյան կայանալիք Օլիմպիական խաղերի բացման արարողությունից մի քանի ժամ առաջ ՄՕԿ-ի նախագահը Խաղերի մամուլի կենտրոնում պատասխանել է լրագրողների հարցերին։

Ժակ Ռոգեն առայժմ չի բախվել տրանսպորտային խնդիրների Լոնդոնում, սակայն խոստացել է մետրոյով գնալ օլիմպիական ավան։

«Լոնդոնի Խաղերը համեմատելի են Սիդնեյի եւ Պեկինի Խաղերի հետ, սակայն ավելի լավ է գնահատական տանք Խաղերի փակումից հետո»,- ասել է Ռոգեն։

Խաղերի մեկնարկից առաջ երկու ամսվա ընթացքում 70 մարզիկ չի անցել դոպինգ-թեստը։
«Մենք շարունակում ենք դոպինգ-ստուգումները եւ շարունակելու ենք։ Թվերը խոսում են, որ հակադոպինգային համակարգն աշխատում է»,- նշել է Ռոգեն։

1972թ. Մյունխենի Օլիմպիական խաղերի ժամանակ պաղեստինցի ահաբեկիչների զոհ դարձած 11 իսրայելցի օլիմպիականների մահվան 40-ամյա տարելիցի կապակցությամբ լռության րոպե բացման արարողության ժամանակ չի լինի, հայտնել է Ռոգեն։

ՄՕԿ-ի նախագահը խորհուրդ է տվել բրիտանացիներին չկրկնել չինացիների՝ չորս տարվա վաղեմության փորձը եւ բացման արարողությունն այդքան լայնածավալ չանցկացնել։

«Ես լավ հիշում են Պեկինի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։ Լոնդոնում այլ կերպ կլինի։ Բանական է չկրկնել Չինաստանի արածը։ Պեկինում ցուցադրվեց, որ Չինաստանը խիտ բնակեցված երկիր է, Լոնդոնում այդ մոտեցումը կրկնել պետք չէ։ Սակայն Լոնդոնը կարող է իր ներդրումն ունենալ։ Բրիտանիան համաշխարհային սպորտի բնօրրանն է»,- նկատել է Ռոգեն։

ՄՕԿ-ի նախագահը նաեւ հայտնել է, որ տեղյակ չէ, թե ով է բոցավառելու օլիմպիական գլխավոր ջահը.

«Ես ինքնս կցանկանայի իմանալ, բայց դա կազմկոմիտեի պատասխանատվությունն է։ Հրաշալի կլիներ, թե այդ պատիվը տրվեր օլիմպիական չեմպիոնի, բայց դա էլ պարտադիր չէ։ Զարմանալի է, որ բրիտանական մամուլը դեռ չգիտի այդ մասին։ Տեսնում եք, որ երբեմն օլիմպիական կոմիտեն ավելի զորեղ է»,- կատակել է Ռոգեն։

ՄՕԿ-ի նախագահը պատրաստվում է ներկա լինել ավելի քան 20 մրցումների։ Ռոգեն բաց չի թողնի տղամարդկանց 100 մետր վազքի եզրափակիչը, ներկա կլինի առագաստանավային սպորտի մրցումներին։ Երիտասարդ տարիքում Ռոգեն առագաստանավորդ է եղել։ Նա նաեւ ցանկություն ունի դիտել Էնդի Մարեյ – Ռոջեր Ֆեդերեր թենիսի խաղը, հայտնում է Լոնդոնի Խաղերի կայքը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։