Դավիթ Խիթարյան. Ինձ ոչ ոք չի հեռացրել պաշտոնից, ինքս եմ ներկայացրել դիմում

00:02   19 հոկտեմբերի, 2017

Դավիթ Խիթարյանը սեփական դիմումի համաձայն է ազատվել Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնից: Այդ մասին նա ասել է NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:

Հոկտեմբերի 18-ին Սպորտի եւ երիտասարդության նախարարությունում կայացել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ընդլայնված նիստը, որի ընթացքում մի շարք պաշտոնանկություններ եւ նոր նշանակումներ են տեղի ունեցել:

«Վաղուց էի որոշում կայացրել հրաժարականի դիմում ներկայացնել: Այդ որոշման հիմքում կան բազմաթիվ պատճառներ, որոնց մասին առայժմ չէի ցանկանա խոսել:  Ինձ ոչ ոք չի հեռացրել այդ պաշտոնից, ես ինքս եմ ներկայացրել դիմում, եւ այն ներկայացնելուց մեկ ամիս անց հաստատվեց ֆեդերացիայի նիստում: Իմ փոխարեն ֆեդերացիայի գլխավոր քարտուղար նշանակվեց Թաթուլ Հովհաննիսյանը»,- ասաց Դավիթ Խիթարյանը:

Ֆեդերացիայի ընդլայնված նիստի ընթացքում Եվրոպայի առաջնության կրկնակի փոխչեմպիոն (2007, 2012), աշխարհի սուպերգավաթակիր, աշխարհի գավաթակիր, «Մեծ սաղավարտի» մրցումների հաղթող եւ մրցանակակիր, Գրան Պրի մրցաշարերի հաղթող եւ մրցանակակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (2009), 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերում 7-րդ տեղ զբաղեցրած, 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Հովհաննես Դավթյանը նշանակվել է ձյուդոյի Հայաստանի պատանեկան եւ երիտասարդական հավաքականների ավագ մարզիչ: Հովհաննես Դավթյանը (ավարտել է մարզիկի կարիերան) փոխարինել է պատանիների հավաքականի ավագ մարզիչ Հակոբ Առաքելյանին, ով ընդլայնված նիստում ազատվել է ավագ մարզիչի պաշտոնից:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։