Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի ամփոփում՝ հավաքականի մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանից

18:15   11 հոկտեմբերի, 2017

Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարում ինձ համար առանձնացավ երիտասարդների 61 կգ քաշայինների այս տարվա առաջին համար Ղազար Համբարձումյանը, ով նաեւ այս մրցաշարի հաղթող դարձավ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանն՝ ամփոփելով Վանաձորում անցկացված Սեուլի Oլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր Ստեփան Սարգսյանի անվան 22-րդ միջազգային մրցաշարը

«Մրցաշարին մասնակցեցին 100-ից ավելի ըմբիշներ Ռուսաստանից, Վրաստանից, Օսեթիայից, Դաղստանից, Բուլղարիայից, Ուկրաինայից: Հայաստանը մրցաշարին մասնակցեց 50-ից ավելի ըմբիշներով: Մեր հիմնական նպատակը այն էր, որ միջազգային մրցաշարին մասնակցենք մեծ թվով մարզիկներով: Նման մրցաշարերին մեծ կազմով հանդես գալն իր դրական արդյունքներն ունի: Այլ երկրներում նման կարգի մրցաշարերին մասնակցելու համար ամենաշատը ամբողջական կազմով՝ 8-10 ըմբիշով կարող ենք գնալ, քանի որ, հասկանալի է, մեծ գումարներով է պայմանավորված շատ ըմբիշներ տանելը: Իմ խնդիրն էլ հենց շատ մասնակիցներ ունենալն էր այս մրցաշարում՝ բոլոր հավաքականներից: Մեծահասակների կազմից չմասնակցեց միայն Գեորգի Կետոեւը, քանի որ այս օրերին նա Գերմանիայում ակումբային մրցաշարի է մասնակցում: Թիմի մյուս քաշային կարգերի ներկայացուցիչները լավ հանդես եկան: Ինձ գոհացնում է մեր ըմբիշների մասնակցությունը: Բայց շետը դրել էի երիտասարդական հավաքականի ըմբիշների մասնակցության վրա: Բոլորին նկատեցի, ուսումնասիրեցի՝ ով ինչպես է հանդես գալիս, ինչ թերություններ կան, ինչ սխալներ ունենք, ինչի վրա պետք է աշխատեն հավաքականների մարզիչները, անձնական մարզիչներն ինչ արդյունքներ են գրանցում:

Որպես այս ամենի ամփոփում, արդյունքները կգնահատեմ նորմալ, քանի որ աշխատանք կա, արդյունքներ եւս: Մի քանիսին ինձ համար առանձնացրեցի երիտասարդական հավաքականից, հետագայում արդեն նրանք կհամալրեն ազգային հավաքականը, բայց դա արդեն դեկտեմբերին կայանալիք Հայաստանի առաջնությունից հետո: Ինձ շատ ուրախացրեց 61 կգ քաշային կարգի հաղթող Ղազար Համբարձումյանը, ով երիտասարդական հավաքականի այս տարվա առաջին համարն է: Նա շատ լավ մասնակցեց եւ արժանի հաղթող դարձավ: 57 կգ քաշային կարգի ներկայացուցիչները եւս աչքի ընկան: Բայց այս մրցաշարում առանձնահատուկ լավ մասնակցությամբ աչքի ընկավ Ղազար Համբարձումյանը»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:

Գլխավոր մարզիչի պաշտոնակատարի խոսքով, 2018 թվականից ըմբշամարտի կանոնների փոփոխություններ կլինեն մրցումներն անցկացնելու կարգում, բայց դեռեւս հայ ըմբիշներն այդ նոր ընթացակարգը չեն փորձարկել:

«Ըստ նոր կանոնակարգի ըմբիշները կշռվելու են հենց մրցման օրը` մրցագորգ դուրս գալուց 2 ժամ առաջ։ Ստեփան Սարսգյանի անվան միջազգային մրցաշարը մենք անցկացրեցինք հին մրցակարգով. Կշեռքը մրցագորգ դուրս գալու նախորդ օրն էր:

Նոր մրցակարգը կկիրառենք դեկտեմբերին կայանալիք Հայաստանի առաջնությունում եւ կտեսնենք՝ հայ ըմբիշները պատրա՞ստ են այդ կանոններով մրցել: Որովհետեւ իրականում շատ մեծ տարբերություն կա նախորդ օրը ժամը 17:00-ին կշվել, գիշերը քնես-արթնանաս ու նոր դուրս գաս մրցագորգ, քան պայքարի մեջ մտնելուց 2 ժամ առաջ կշռվես: Այս նոր կարգը միանշանակ ավելի բարդ է, քանի որ երբ ըմբիշը 7-8 կգ քաշ է գցում, իրեն ժամանակ է պետք կշեռքից հետո հանգստանալ եւ պատրաստվել պայքարի»,- նշեց մարզիչը:

Հաբեթնակ Կուրղինյանը տեղեկացրեց, որ մինչեւ դեկտեմբերին կայանալիք Հայաստանի առաջնությունը, ազատ ոճայինները կմասնակցեն մի քանի միջազգային մրցաշարերի, որոնցից առաջինը տեղի է ունենալու Վլադիկավկազում:

«Իմ խնդիրն է, որ հունվարից ազգային հավաքականը լիարժեք պատրաստ լինի նոր մրցաշրջանին: Հունվարից սկսվելու է Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլը, քանի որ ընդամենը 3 ամիս ժամանակ ենք ունենալու մարզումների համար»,- նշեց Կուրղինյանը:

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի հաղթողներ են դարձել Գարիկ Բարսեղյանը (Հայաստան, 57 կգ), Ղազար Համբարձումյանը (Հայաստան, 61 կգ), Ռազամբեկ Ժամալովը (Ռուսաստան, 65 կգ), Զաուր Սիդակովը (Ռուսաստան, 70 կգ), Ավթանդիլ Կենտչաձեն (Վրաստան, 74 կգ), Արթուր Նայֆոնովը (Ռուսաստան, 86 կգ), Զնաուր Կոչիեւը (Ռուսաստան, 97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (Հայաստան, 125 կգ): 

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։