Ազգերի լիգա. Ի՞նչ մրցաշար է եւ ո՞ր դիվիզիոնում է Հայաստանի հավաքականը

11:33   11 հոկտեմբերի, 2017

Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ավարտից հետո հայտնի են դարձել ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի բոլոր դիվիզիոնների կազմերը:

Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է վերջին՝ D դիվիզիոնում, որում տեղ են գտել ՈւԵՖԱ-ի ամենացածր վարկանիշով թիմերը՝ Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մակեդոնիայի, Ֆարերյան կղզիների, Լատվիայի, Լյուքսեմբուրգի, Ղազախստանի, Մոլդովայի, Լիխտենշտեյնի, Մալթայի, Կոսովոյի, Անդորրայի, Սան Մարինոյի եւ Ջիբրալթարի հավաքականները:

Ազգերի լիգայում հանդես են գալու 55 եվրոպական հավաքականներ, որոնք բաժանվել են 4 դիվիզիոնների (A, B, C, D): Յուրաքանչյուր դիվիզիոնում կլինի 4-ական խումբ, իսկ խմբային փուլի վիճակահանությունը տեղի կունենա հունվարի 24-ին Լոզանում: Դիվիզիոնները կազմելիս հաշվի են առնվել հավաքականների վարկանիշներն ՈւԵՖԱ-ի դասակարգման ցուցակում: ԱԱ-2018-ի անցումային խաղերի եւ եզրափակիչ մրցաշարի հանդիպումները չեն ազդելու թիմերի վարկանիշների վրա:

A դիվիզիոն. Գերմանիա, Պորտուգալիա, Իսպանիա, Բելգիա, Անգլիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Իտալիա, Լեհաստան, Իսլանդիա, Խորվաթիա, Հոլանդիա: Այս դիվիզիոնում կլինեն 4 խմբեր՝ յուրաքանչյուրում 3-ական թիմ:

B դիվիզիոն. Ավստրիա, Ուելս, Ռուսաստան, Սլովակիա, Ուկրաինա, Իռլանդիա, Շվեդիա, Հյուսիսային Իռլանդիա, Դանիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Չեխիա, Թուրքիա: Այս դիվիզիոնում եւս կլինեն 3 թիմանոց 4 խմբեր:

C դիվիզիոն. Ռումինիա, Շոտլանդիա, Սլովենիա, Հունգարիան, Սերբիա, Ալբանիա, Նորվեգիա, Հունաստան, Չեռնոգորիա, Իսրայել, Բուլղարիա, Ֆինլանդիա, Կիպրոս, Էստոնիա, Լիտվա: Այս դիվիզիոնի խմբերից մեկը կլինի 3 թիմով, իսկ մյուս 3 խմբերը՝ 4:

D դիվիզիոն. Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մակեդոնիա, Բելառուս, Ֆարերյան կղզիներ, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Ղազախստան, Մոլդովա, Լիխտենշտեյն, Մալթա, Կոսովո, Անդորրա, Սան Մարինո, Ջիբրալթար: Այս դիվիզիոնում կլինեն 4 խմբեր՝ յուրաքանչյուրում 4-ական հավաքական:

Վիճակահանության ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաեւ Ռուսաստանն ու Ուկրաինան չեն կարող հայտնվել նույն խմբում:

Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումները կմեկնարկեն 2018 թվականի սեպտեմբերից, իսկ հաղթողը հայտնի կդառնա 2019-ի հունիսին:

Այս փուլում A դիվիզիոնի խմբերի հաղթողները 2019-ի հունիսին կմասնակցեն «Չորս լավագույնների եզրափակիչին»: А, В եւ С դիվիզիոնների վատագույն թիմերը ցած կիջնեն, իսկ նրանց կփոխարինեն В, С ու D դիվիզիոնների խմբերի հաղթողները:

Ազգերի լիգայում կվիճարկվեն Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի 4 ուղեգրերԱյդ ուղեգրերի համար անցումային խաղերում կպայքարեն Ազգերի լիգայի 16 խմբերի հաղթողները: Անցումային խաղերն անցկացվելու են դիվիզիոնների ներսում: Դա նշանակում է, որ Եվրո-2020-ի ուղեգիր է նվաճելու յուրաքանչյուր դիվիզիոնից մեկական հավաքական: Եթե անցումային խաղերի իրավունք ստացած հավաքականն արդեն ապահովել է Եվրո-2020-ի ուղեգիր, ապա նրան կփոխարինի այդ դիվիզիոնի հաջորդ ամենաբարձր վարկանիշով թիմը: Եթե դիվիզիոնում չհավաքվեն անցումային խաղերի համար 4 թիմեր, ապա մասնակցիների ընտրությունը կկատարվի ըստ վարկանիշների:

Ազգերի լիգայի պատճառով Եվրո-2020-ի ընտրական փուլը կմեկնարկի 2019 թվականի մարտին: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.