Հայաստանի երիտասարդական հավաքականը դիմացավ մեկ խաղակես՝ 0:5

19:50   10 հոկտեմբերի, 2017

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը 2019թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի 5-րդ խաղում 0:5 հաշվով տնային պարտություն կրեց Ավստրիայի թիմից, որը բոլոր առումներով գերազանցեց մրցակցին:

Ավանի Ֆուտբոլային ակադեմիայի խաղադաշտում կայացած հանդիպման առաջին խաղակեսում ավստրիացիներն ունեին հսկայական առավելություն: Խաղն անցնում էր Հայաստանի թիմի կիսադաշտում, իսկ դաշտի տերերը պաշտպանվում էին ամբողջ թիմով եւ կարողացան մինչեւ ընդմիջում անառիկ պահել սեփական դարպասը: Առաջին խաղակեսում Ավստրիայի հավաքականը կորցրեց 2 իրական գոլային պահ, իսկ հայկական թիմը հազվադեպ էր կատարում գրոհի փորձեր:

Ընդմիջումից հետո էլ խաղադաշտում մեկ թիմ էր: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հյուրերը խաղային առավելությունը վերածեցին գոլի: 49-րդ րոպեին անկյունայինի խաղարկման արդյունքում աչքի ընկավ հոլանդական «Տվենտեի» հարձակվող Մարկո Կվասինան: Բաց թողած գոլից հետո էլ Հայաստանի թիմը կարծեց չէր շտապում դուրս գալ պաշտպանությունից, իսկ շուտով բաց թողեց երկրորդ գոլը: 61-րդ րոպեին աչքի ընկավ Ալեքսանդեր Շչլագերը: Քիչ անց հայկական թիմն ունեցավ այս խաղում իր միակ գոլային պահը, սակայն փոխարինման դուրս եկած Հայկ Գալստյանի հարվածքը վտանգավոր չստացվեց: Ավստրիացիները մի քանի գոլային պահ կորցնելուց հետո 75-րդ րոպեին խփեցին նաեւ երրորդ գոլը: Աչքի ընկավ Խավյեր Շչլագերը, որի գոլից 3 րոպե անց հաշիվը դարձավ նաեւ 0:4: Հյուրերի չորրորդ գոլն իր անվան դիմաց գրանցեց փոխարինման մտած Արնել Յակուպովիչը: Րոպեներ անց դուբլի հեղինակ դարձավ խաղի հաշիվը բացած Մարկո Կվասինան, որը հաշիվը դարձրեց 0:5: Հանդիպման մնացած ժամանակահատվածում Ավստրիայի թիմն առանց դժվարության պահպանեց ցանկալի հաշիվը:

2 թիմերի խաղամակարդակում կար ահռելի տարբերություն:

Հայաստանի երիտասարդական հավաքականը 5 խաղից հետո ունի 7 միավոր եւ Ռուսաստանի թիմի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Ռուսները մեկ խաղ պակաս են անցկացրել եւ այս տուրում 2:3 հաշվով պարտվեցին Սերբիայի թիմին, որը 3 խաղից հետո 9 միավորով գլխավորեց 7-րդ խմբի մրցաշարային աղյուսակը: Ավստրիացիները 3 խաղից հետո վաստակել են 6 միավոր

Եվրո-2019, ընտրական փուլ

Հայաստան – Ավստրիա (Մ-21)՝ 0:5

Մարկո Կվասինա, 49, 81, Ալեքսանդեր Շչլագեր, 61, Խավյեր Շչլագեր, 75, Արնել Յակուպովիչ, 78

Հայաստան. Հենրի Ավագյան, Արթուր Քարտաշյան, Գագիկ Մաղաքյան, Ռուբեն Փիլումյան, Էրիկ Վարդանյան, Գոռ Աղբալյան (Հովհաննես Հովհաննիսյան, 58), Ռոբերտ Հակոբյան, Ժիրայր Մարգարյան, Պետրոս Ավետիսյան (ավագ), Էմիլ Եղիազարյան (Հայկ Գալստյան, 50), Գրիգոր Աղեկյան (Վահան Բիչախչյան, 61):

Դավիթ Եղիազարյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։