Ռոբերտ Արզումանյան. Ղազախստանին պարտվելը ողբերգություն չի լինի Հայաստանի հավաքականի համար

15:11   6 հոկտեմբերի, 2017

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը խոսել է Ղազախստան - Հայաստան աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի հանդիպման մասին: Այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունեցող Արզումանյանը Ղազախստանում հանդես է եկել «Ակտոբեում» եւ Կարագանդայի «Շախտյորում»:

«Լավ գիտեմ ղազախ ֆուտբոլիստներին, շատերի դեմ խաղացել եմ, ոմանք էլ եղել են իմ ակումբակիցը: Հայտնի է, որ Ղազախստանի հավաքականն ու «Աստանան» լավ տեսք են ունենում տանը եւ հազվադեպ են պարտվում «Աստանա Արենա» ստադիոնում: 2 թիմերն էլ կորցրել են խմբից դուրս գալու շանսերը, սակայն սա հավաքականների խաղ է եւ բոլորը կպայքարեն մինչեւ վերջ:

Գիտեմ, բայց չեմ ցանկանում խոսել հավաքականի խնդիրների մասին: Թող մարզիչները որոշեն, սակայն այն, որ չկա նախկին խաղը, հասկանալի է բոլորի համար: Յուրաքանչյուր հավաքական պետք է ցուցադրի թիմային խաղ, իսկ Հայաստանի հավաքականի մոտ վերջին տարիներին դա ստացվում է ոչ լիարժեք՝ 30 րոպե կամ մեկ խաղակես:

Այս պահին մենք Դանիայից, Լեհաստանից, Չեռնոգորիայից ու Ռումինիայից լավը չենք, այդ պատճառով տեղն ընդհանրապես կարեւոր չէ: Եթե, ենթադրենք, որ եղել է աշխարհի առաջնություն դուրս գալու խնդիր, եւ դա անելի չի հաջողվել, նշանակում է ձախողում: Երկրպագուների համար ցանկացած պարտություն ձախողում է, սակայն պետք է իրատես լինել: Գլխավորն է հասկանալ, որ թիմը ցուցադրել է իր առավելագույնը, որպեսզի խաղացողներն ընտրական փուլից հետո իրենք իրենց ասեն, որ արել են իրենց ուժերի սահմանում հնարավոր ամեն բան: Չեմ կարծում, որ Ղազախստանին պարտվելը ողբերգություն կլինի մեզ համար, քանի որ ղազախական առաջնությունը Հայաստանի Բարձրագույն խմբից լավն է: Բացի այդ, Ղազախստանի հավաքականն ունի խաղացողների ավելի մեծ ընտրության հնարավորություն»,- Արզումանյանի խոսքը մեջբերում է kazfootball.kz-ը:

Հիշեցնենք, որ Ղազախստան – Հայաստան խաղը կկայանա հոկտեմբերի 8-ին Աստանայի «Աստանա Արենա» ստադիոնում:  Առաջին շրջանում Հայաստանի հավաքականը ղազախներին հաղթել է 2:0 հաշվով: 2 թիմերն էլ զրկվել են ԱԱ-2018-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից: E խմբի առաջատար Լեհաստանի հավաքականն ունի 22 միավոր, Դանիան՝ 19, Չեռնոգորիան՝ 16, Ռումինիան՝ 12, Հայաստանը՝ 6, իսկ Ղազախստանը՝ 2:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.