14:45 26 սեպտեմբերի, 2017Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականը չի մասնակցի նոյեմբերին ԱՄՆ-ի Անահայմ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը, քանի որ այս պահին աշխարհի առաջնությունում մեդալի հավակնորդ ծանրորդ դեռեւս չունենք:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց թիմի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:
«Դեռեւս ուժեղ թիմ չունենք եւ անիմաստ եմ համարում ուղղակի մասնակցության համար մեկնել ԱՄՆ, մեծ ծախսեր անել, բայց մեդալի համար չպայքարել:
Օլիմպիական վարկանիշային տարի չէ, այդ պատճառով չենք մտահոգվում աշխարհի առաջնությանը չմասնակցելու համար:
Աշխարհի առաջնությանը չմասնակցելու որոշումը կայացրել ենք մարզչական շտաբով: Կպատրաստվենք 2018 թվականի աշխարհի առաջնությանը, երբ արդեն մեդալային պայքարի դուրս կգանք: Իսկ իրականությունն այն է, որ այս պահին դեռեւս մենք պատրաստ չենք մեդալի համար պայքարել, մեդալի հույս չունենք»,- ասաց Արտաշես Ներսիսյանը:
Ծանրորդուհիները պատրաստվում են երիտասարդների Եվրոպայի առաջնությանը:
«Հոկտեմբերի 15-23-ը Ալբանիայում տեղի կունենա երիտասարդների Եվրոպայի առաջնությունը: Մասնակցելու են Սոնա Պողոսյանը, Արփինե Դալալյանը, Տաթեւ Հակոբյանը եւ Իզաբելա Յայլյանը: Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլն արդեն սկսվել է: Ունեցանք ուսումնամարզական հավաք Երեւանի «Օլիմպավանում», այս քանի օրը հանգիստ ենք տվել աղջիկներին: Սեպտեմբերի 28-ից կանցկացնենք Եվրոպայի առաջնությունից առաջ վերջին հավաքը Աբովյանի մարզաբազայում»,- նշեց Արտաշես Ներսիսյանը:
Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի մասնակցությունը աշխարհի առաջնությանը դեռեւս մնում է չհաստատված: Միջազգային ֆեդերացիայի հատուկ հանձնաժողովը սեպտեմբերի 30-ին եւ հոկտեմբերի 1-ին Բուխարեստում հանդես կգա 9 երկրների ազգային հավաքականներին 2017 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկելու առաջարկով: 9 երկրների թվում է նաեւ Հայաստանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.