Փաշիկ Ալավերդյան. Կարող եմ ապացուցել, որ Թոմաս Բախը ֆաշիստ է, իսկ նա չի կարող ապացուցել, որ ես դոպինգ եմ անում

10:11   17 սեպտեմբերի, 2017

Հայաստանը մասնակցելու է ծանրամարտի աշխարհի առաջնությանը։ Մասնակցության իրավունքից զրկվելու մասին տեղեկությունները Հայաստանին չեն վերաբերում։ Մենք ամբողջ ուժով պատրաստվում ենք եւ ոչ մի անհանգստություն չունենք։ Իսկ ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը երբեք չի կարող ծանրամարտը հանել օլիմպիական ծրագրից։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը։

Մինչ այս, շրջանառվում էին լուրեր, որ մի շարք պետություններ, այդ թվում եւ Հայաստանը, կզրկվեն ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք  աշխարհի առաջնության մասնակցությունից՝ 2008 եւ 2012 թվականների Օլիմպիական խաղերի դոպինգ-ստուգումներում դրական արդյունք գրանցած նվազագույնը 3 մասնակից ունենալու պատճառով: Սեպտեմբերի 15-ին էլ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը նոր հայտարարությամբ է հանդես եկել, ըստ որի եթե ծանրամարտի միջազգային ֆեդերացիան չներկայացնի համապատասխան հակադոպինգային ծրագիր, հնարավոր է՝ Փարիզ-2024-ի Օլիմպիական խաղերի ծրագրում ծանրամարտը չլինի։

Պարոն Ալավերդյան, ի՞նչ արձագանք կտաք։ Ինչպե՞ս եք պատկերացնում Օլիմպիական խաղերն առանց ծանրամարտի։

Հրաշալի (ծիծաղում է): Ավելի լավ. կհանգստանամ, կազատվեմ թե լրագորղներից, թե Թոմաս Բախից։ Նա իսկական ֆաշիստ է։ Իրականում, անհնար է օլիմպիական ծրագրից հանել ծանրամարտը։ Էլ ինչ Օլիմպիական խաղեր, առանց ծանրամարտի։ Թոմաս Բախը չի կարող ինքնուրույն նման որոշումներ կայացնել։ Նա ավելի լավ կլինի, մտածի՝ մինչ այդ ինքը մնալու է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնում, հետո նոր որոշում կայացնի ինչ-որ մարզաձեւ հանի։ Շուտով կայանալու է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի ընտրությունները: Տեսնենք՝ կվերընտրվի այդ պաշտոնում, թե ոչ։ Թող երկու անգամ ընտրվի, նոր որոշում կայացնի։ Սա անլուրջ խոսակցություն է, անլուրջ թեմա է։ Եթե ծանրամարտը չլինի, մենք էլ չենք լինի։ Առայժմ վստահ գիտենք, որ Տոկիո-2020-ի օլիմպիական ծրագրում ծանրամարտն ընդգրկված է, հետո նոր՝ 2024, 2028 թվականների մասին կմտածենք։

Հայաստանում ծանրամարտով քանի՞ մարզիկ է զբաղվում այս պահին։

Շուրջ 2000 մարզիկ։ Տվյալներին հստակ չեմ տիրապետում։ Բայց միայն Հայաստանի նման փոքր երկրում այս մարզաձեւով զբաղվում է այդքան մարզիկ։ Պատկերացնո՞ւմ եք՝ աշխարհում քանի մարզիկ է զբաղվում այս մարզաձեւով։ Քանի՞ մարդու տան հաց, ջուր կկտրվի, քանի մարզիկ հիասթափություն կապրեն։ Այդքան հեշտ չի այս մարզաձեւից հրաժարվել։ Ծանրամարտը բոլոր մարզաձեւերի հիքմն է հանդիսանում՝ ուժ, պատրաստականություն։ Եվ եթե այսքանից հետո ծանրամարտը չլինի Օլիմպիական խաղերում, առնվազն դա կլինի անհեթեթություն։

IWF-ի կայքում տեղադրված դոպինգի համար որակազրկված ծանրորդների պաշտոնական ցանկում բացակայում են Հռիփսիմե Խուրշուդյանի եւ Տիգրան Մարտիրոսյանի անունները։ Եթե պաշտոնական ցանկում չկան հայ մարզիկների անունները, ի՞նչ հիմքերով կարող է Հայաստանը զրկվել ԱԱ-2017-ին մասնակցելու իրավունքից։

Այս հարցը ես կուզեի ինքս տալ Թոմաս Բախին եւ այս թեման բարձրացնողներին։ Ինչպես կարող են հայտարարել, որ 2024-ին ծանրամարտը չի լինելու, ինչպես կարող են Հայաստանին զրկել աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից։

Նախ՝ սկսենք նրանից, որ աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականին մասնակցելու իրավունքից զրկելու խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում։ Այս ամենը ոչ պաշտոնական տեղեկություններ են, որոնք տարածված են ոչ պաշտոնական կայքերում։ Երբ Միջազգային օլիմպիական կոմիտեի, ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի, Հայաստանի օլիմպիական կոմիտեի եւ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքերում գրված կլինի նման հայտարարություն, նոր լրջություն կստանան այս խոսակցությունները։ Քանի դեռ այս 4  հարթակներում Հայաստանի մասնակցության մասին որեւէ ստույգ ինֆորմացիա չկա, մենք չենք խառնվելու իրար եւ մեր աշխատանքն ենք շարունակելու։

Այո, նրանց անունները չկան, բայց դա չի նշանակում, որ նրանք բռնվածների ցանկում չեն։ Մեր երկու գերհզոր ծանրորդների անունները բացակայում են, քանի որ նրանք կասեցված ծանրորդների շարքերում են. միջազգային ֆեդերացիայի կայքում գրված է, որ դոպինգ թեստերի վերստուգման արդյունքում դրական պատասխաններ ունեցած մարզիկներից ոմանց, այդ թվում մեր ծանրորդների մասնակցությունը բոլոր միջազգային մրցումներին, այդ թվում եւ Օլիմպիական խաղերին ժամանակավորապես կասեցված է, մինչեւ միջազգային ֆեդերացիան որոշի՝ ինչ պատիժ է սահմանելու այս ծանրորդների նկատմամբ։ Արդեն շուրջ երկու տարի Հռիփսիմե Խուրշուդյանի եւ Տիգրան Մարիտրոսյանի մասնակցությունը կասեցված է։ Մոտ օրերս արդեն պարզ կլինի՝ քանի տարի, քանի ամիս կամ քանի ժամով են որակազրվելու մեր մարզիկները, կամ որակազրվելու են արդյոք, թե ոչ։ Շատ հնարավոր է, որ չորակազրկվեն, քանի որ նրանց արդեն բաց են թողել մի քանի պաշտոնական մրցաշարեր, այդ թվում եւ Ռիո-2016-ը։ Շուրջ երկու տարի անցավ, էլ ի՞նչ են ուզում...

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ եւս 5 պետություններին ԱԱ-2017-ին մասնակցելու իրավունքից զրկելու մասին տեղեկություններին, այս լուրերը տարածեցին ամերիկացիները, այն շրջանառության մեջ դրեցին ռուսները։ Իմ նշած 4 կայքերից բացի մյուս բոլոր կայքերում ծանրամարտի մասին գրված տեղեկությունները՝ թե հայկական ծանրամարտի, թե միջազգային ծանրամարտի, հերյուրանքներ են, անգրագիտություն։ Ովքեր նման տեղեկություններ են տարածում, սենսիացիա ման եկող մարդիկ են։

Ամեն դեպքում այդ հերյուրանքները հասնում են մինչեւ IWF։ Դուք վերջերս պաշտոնական նամակ էիք  ստացել միջազգային ֆեդերացիայից։

Այո, մենք ստացանք նամակ միջազգային ֆեդերացիայից, անձամբ նախագահ Տամաշ Այանից, ով իր նամակի մեջ մեզ ասում էր, որ մենք ոչնչի մասին չանհնագստանանք եւ շարունակենք պատրաստվել աշխարհի առաջնությանը։ Նա նաեւ նշել էր, որ այն հերյուրանքները, որոնք եկել էին ամերկյան աղբյուրներից, չի համապատասխանում իրականությանը։ Այանը մեզ ասաց, որ այս ամբողջ աժիոտաժը մեզ չի վերաբերում, մենք հանգիստ մեր գործին մնանք։ Իսկ այն, թե ինչ որոշում ենք կայացնելու մինչեւ սեպտեմբերի 30-ի Բուխարեստի համաժողովը, վերաբերվելու է նախորդ Օլիմպիական խաղերի բռնված ծանրորդներին։

Վստահ կարո՞ղ եք հայտարարել, որ Հայաստանի հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը։

Միանշանակ, հենց այս պահին էլ թիմը մարզադահլիճում է, մարզումային պրոցեսի մեջ ենք եւ պատրաստվում ենք աշխարհի առաջնությանը։ Մենք արդեն հրավերն ենք ստացել, սեպտեմբերի 25-ին դեսպանատուն ենք մտնելու, ամրագրված են ինքնաթիռի տոմսերը, ամեն ինչ կազմակերպված է, մենք նորմալ հունով զբաղված ենք մրցումների նախապատրաստական փուլով։

Արդեն վերջնական պարզ է ԱԱ-ի կազմը, կունենանք 4 մասնակից. Անդրանիկ Կարապետյան՝ 85 կգ, Սիմոն Մարտիրոսյան՝ 105 կգ, Գոռ Մինասյան եւ Ռուբեն Ալեքսանյան՝ գերծանր քաշային կարգ։

Միակ մտածմունքը սեպտեմբերի 30-ին Բուխարեստում կայանալիք համաժողովի արդյունքներն են, թե ի վերջո՝ ինչ որոշում է կայացնելու միջազգային ֆեդերացիան մեր բռնված ծանրորդների՝ հին օլիմպիականների մասին։

Այս իրավիճակը գուցե ինչ-որ անձանց քմահաճո՞ւյքն է։ Գուցե, կան մարդիկ, ովքեր լիովին ուզում են վերացնել ծանրամարտը։

Այո, իսկապես կան. միայն թե մարդիկ չեն, դրանք պետություններ են։ Պաշտոնապես հայտարարում եմ. այն պետությունները, որոնց քիթը չի հասնում խաղողին, ասում են՝ խակ է։ Դրանք այն պետություններն են, որոնց մարզիկները չեն կարողանում հայ ծանրորդների չափ ծանրաձող բարձրացնեն, հայի չափ ծանրություն բարձրացնեն։ Այս հերյուրանքները տարածողներն ինձ համար մոլորակի «ամենալոդր» մարդիկ են, բառիս բուն իմաստով։ Այդ պետությունների ներկայացուցիչները հայի չափ ծանրություն կարող են բարձրացնել միայն այն ժամանակ, երբ հայ մարզիկների չափ մարզվեն, քրտնեն։ Այնպես որ, ես հայտարարում եմ, որ այս տեղեկությունները տարածողներն այն պետություններն են, որոնք իրենցից ոչինչ չեն ներկայացնում միջազգային ծանրամարտում եւ չեն էլ ներկայացնի, որովհետեւ նրանց ուղեղն այդքան չի հասնում, նրանք այդքան աշխատասեր չեն։

Լուսինե Շահբազյան 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։