Կոնյակ, վոդկա, ռաֆթինգ. 19 երկրների մասնակցությամբ միջազգային ֆորում՝ Ալթայում (ֆոտո)

14:52   12 սեպտեմբերի, 2017

Մեր օրերում քչերն են հետաքրքրվում թիավարությամբ: Հատկապես Հայաստանում այն ամենաանտեսված մարզաձեւերից է, սակայն թիավարության ընտանիքում կա մի ձեւ, որով հետաքրքրվում են շատերը: Ռաֆթինգը հատկապես նրանց համար է, ովքեր սիրում են էքստրիմ: Շատերն են ցանկանում գոնե մեկ անգամ իրենց ուժերը փորձել այս խելահեղ մարզաձեւում:

«Россотрудничество»-ի «Նոր սերունդ» (Новое поколение) ծրագիրը երկրորդ տարին անընդմեջ անցկացվեց Ալթայում: Ռաֆթինգի ֆորումը ստացել էր «Белая Вода Сибири-2017» անվանումը:

«Նոր սերունդ» ծրագրի նպատակն է տարբեր երկրների երիտասարդներին (25-35 տարեկան) ծանոթացնել Ռուսաստանի սպորտային ու մշակութային կյանքին:

Այս տարի ֆորումին մասնակցում էին 19 երկրների՝ Բրազիլիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Դանիայի, Չեխիայի, Սերբիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Սլովակիայի, Ռուսաստանի, Չիլիի, Կոստա Ռիկայի, Էկվադորի, Հնդկաստանի, Մոնղոլիայի, Վրաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի 41 ներկայացուցիչներ, իսկ Հայաստանը ներկայացնում էին NEWS.am Sport-ի խմբագիր Դավիթ Եղիազարյանն ու Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի խմբագիր, մասնագիտությամբ մարզական լրագրող Արթուր Շահինյանը:

Մեր ուղեւորությունը սկսվեց Ռուսաստանի Տոմսկ քաղաքից, որտեղ տեղի ունեցավ նաեւ ֆորումի բացման հանդիսավոր արարողությունը: Արարողությունից հետո անցկացվեց նաեւ ֆուտբոլային հանդիպում «Աշխարհի հավաքականի» եւ տեղի թիմերի միջեւ: Գրանցվեց 0:0 հաշիվը:

Ֆորումին մասնակցում էին ինչպես պրոֆեսիոնալ ռաֆթերներ, այնպես էլ այս մարզաձեւով հետաքրքրվող սկսնակներ: Մասնակիցների թվում էին ռաֆթինգի աշխարհի չեմպիոններ, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մասնակիցներ: Մասնակիցները ռաֆթինգի առաջին մարզումներն անցկացրին Տոմսկում՝ «Օդիսեյ» ակումբի մարզաբազայում:

Տոմսկում մենք եղանք մի շարք հետաքրքիր վայրերում, ինչպես նաեւ հանդիպեցինք հայտնի ճանապարհորդ Եվգենի Կովալեւոսկու հետ: Նա պատմեց իր ամենահայտնի ճանապարհորդության` 2008-2013 թվականներին առագաստային կատամարանով աշխարհի շուրջ կատարած պտույտի մասին, ինչպես նաեւ ցուցադրեց իր մասնակցությամբ ռաֆթինգի անհավանական կադրեր Նեպալից:

3 օր Տոմսկում անցկացնելուց հետո մենք ուղեւորվեցինք Ալթայ, որտեղ մեր առաջին հանգրվանը Ծելեցկոյե լճի ափին գտնվող Արտիբաշ գյուղն էր: Ի դեպ, Ալթայի մայրաքաղաքն է Գոռնո-Ալթայսկը, որն այս երկրամասի միակ քաղաքն է:

Արտիբաշից մենք Ծելեցկոյե լճով նավերով ուղեւորվեցինք դեպի Չոլիշման գետը: Այն, ինչ տեսանք մենք Ծելեցկոյե լճով անցնելիս, հնարավոր չէ պատկերացնել առանց տեսնելու: Ավելի շատ գետի նմանվող եւ 181 կմ երկարություն ունեցող այս լիճն ամբողջությամբ շրջապատված է անհավանական գեղեցկությամբ լեռներով ու բնությամբ, իսկ որոշ հատվածներում հանդիպում են հրաշք ջրվեժներ:

Չիլուշման գետում ֆորումի մասնակիցները բաժանվեցին 2 մասի: Պրոֆեսիոնալ ռաֆթերները մեկնեցին գետի դժվար անցանելի հատվածները հաղթահարելու, իսկ մյուսները այցելեցին տարբեր տեսարժան վայրեր:

Ալթայում մենք լինում էինք նաեւ այնպիսի տեղերում, որտեղ չկար հեռախոսային կապ ու ինտերնետ: Մեզ մնում էր միայն վայելել այդ գեղեցիկ բնությունն առանց սոցիալական ցանցերի ու լուսանկարներ հրապարակելու «պարտավորվածության»:

Եթե կարծում եք, որ Ալթայը Ռուսաստանի այն հատվածներից է, որտեղ հայեր չկան, չարաչար սխալվում եք: Տեսնելով այս սարերն ու անմարդաբնակ վայրերը, ես էլ կարծեցի, թե հայերը դժվար թե հասած լինեն նաեւ այստեղ, բայց տեղացիները պատմեցին, որ Ալթայում ապրում են շատ հայեր: Նրանց մեծ մեսն այստեղ է տեղափոխվել 80-ականներին: Տեղացիների խոսքով, հայերն այստեղ հիմնականում զբաղվում են շինարարական եւ հյուրանոցային բիզնեսով:

Ամբողջ ֆորումն ու մարզումները ղեկավարում էր Տոմսկի շրջանի ռաֆթինգի ֆեդերացիայի նախագահ Ալեքսեյ Շիրոկովը, որը նաեւ հանդես է գալիս Տոմսկը ներկայացնող «Օդիսեյ» թիմի կազմում: Ի դեպ, սեպտեմբերի 10-ին Ալեքսեյ Շիրոկովն ընտրվել է Ռուսաստանի ռաֆթինգի ֆեդերացիայի նախագահ: Նա պատմեց, որ Ռուսաստանում իրենց թիմի գլխավոր մրցակիցներն են Ալթայի ներկայացուցիչները:

«Յուրաքանչյուր տարի անցկացվում է ռաֆթինգի Ռուսաստանի առաջնություն, որում առաջին եւ երկրորդ տեղ գրաված թիմերը նվաճում են Եվրոպայի առաջնության ուղեգիր: Եվրոպայի առաջնությունում լավագույն արդյունք գրանցած թիմն էլ հնարավորություն է ստանում աշխարհի առաջնությունում ներկայացնել Ռուսաստանը: Այս տարի մենք հաղթեցինք Ռուսաստանի առաջնությունում, սակայն Եվրոպայի առաջնությունում Ալթայի թիմը գերազանցեց մեզ եւ նվաճեց այս տարի Ճապոնիայում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր»,- զրույցում ասաց Ալեքսեյ Շիրոկովը:

Հարցին, թե ռաֆթինգն ո՞ւնի Օլիմպիական խաղերի ծրագրում ընգրկվելու շանսեր, Շիրոկովը պատասխանեց. «Դա, իհարկե, հրաշալի կլիներ մեր մարզաձեւի համար, սակայն դա քիչ հավանական է: Օլիմպիական խաղերում թիավարությունում բոլոր տեղերը զբաղված են, իսկ ռաֆթինգը երիտասարդ մարզաձեւ է»:

Ալթայում կա ռաֆթինգի 2 թիմ՝ «Ալթայ ռաֆթն» ու ԳԱԳՈւ-ն, որոնք ուժեղագույններից են Ռուսաստանում: Դա պատահական չէ, քանի որ Ալթայում պայմանները հրաշալի են ռաֆթինգի համար: Այստեղ կան տարբեր բարդության գետեր: Այսինքն՝ Ալթայի թիմերը հնարավորություն ունեն մարզվել գետի այն հատվածներում, որոնք ամենաշատն են մոտ առաջիկա մրցավայրին:

Ֆորումում Վրաստանը ներկայացնում էր այդ երկրի ռաֆթինգի հավաքականի անդամ Մերաբ Ղուկասիանին, որը բնակվում է Բորժոմիում: Մերաբը պատմեց, որ այս տարվա ապրիլին եղել է առաջարկ մեկնել Հայաստան եւ օգնել ռաֆթինգ սկսելու գործում:

«Մեզ զանգեցին Հայաստանից եւ ասացին, որ կա անհրաժեշտ ամեն բան, եւ միայն պետք է մեկնել Հայաստան եւ ուսումնասիրել տեղանքը: Սեպտեմբերին մենք կմեկնենք Հայաստան»,- նշեց Մերաբ Ղուկասիանին:

Մերաբի խոսքով՝ Վրաստանում ռաֆթինգի սիրահարներ կարող են իրենց ուժերը փորձել տարբեր վայրերում:

«Մեզ մոտ՝ Բորժոմիում, բազմաթիվ տուրիստներ են լինում եւ իրենց ուժերը փորձում ռաֆթինգում: Հայաստանից եւս լինում են հյուրեր, բայց ոչ շատ հաճախ: Վրաստանում ռաֆթինգով կարելի է զբաղվել նաեւ Պասանաուրիում եւ Արագվիում: Բորժոմիում տուրիստների համար ռաֆթինգի մեկ ուղեւորությունը տեւում է մոտ մեկ ժամ, եւ արժե 55 լարի (մոտ 20 դոլար): Ռաֆթինգը նաեւ լավ բիզնես է, միակ խնդիրն այն է, որ մենք կարողանում ենք աշխատել միայն մայիսից մինչեւ սեպտեմբեր ամիսը»,- նշեց Մերաբ Ղուկասիանին:

Ի դեպ, սեպտեմբերի 10-ին Մերաբ Ղուկասիանին ու ռաֆթինգի այլ վրացի մասնագետներ ժամանել են Հայաստան: Մերաբը հայտնեց, որ նրանք արդեն Լոռու մարզում են եւ ուսումնասիրում են Դեբեդ գետը ռաֆթինգի համար:

Ալթայում մենք եղանք նաեւ Չույա եւ Չիլուշման գետերում, այցելեցինք այլ տեսարժան վայրեր: Ալթայի լեռներում գլխավոր մինուսներից է ճանապարհների հարցը: Գլխավոր ճանապարհից բացի, մյուս ճանապարհները սարսափելի վիճակում են: Տարբեր գեղեցիկ վայրեր հասնելու համար պետք է անցնես այնպիսի վայրերով, որոնց ճանապարհ անվանելը շատ բարդ է, սակայն այստեղ եւս կա լուծում:

Հավատացեք, Ալթայի լեռներում սա աշխարհի ամենալավ մեքենան է: УАЗ-ն անցում է անանցանելի թվացող ճանապարհներով՝ գետերի ու քարերի միջով: Մեր ճանապարհորդության ընթացքում նույնիսկ եղավ մի դեպք, երբ «Газель» մեքենան չէր կարողանում բարձրանալ սարը, եւ դա արեց միայն УАЗ-ից քարշակով օգնություն ստանալուց հետո:

Մեր վերջին հանգրվանն էր Կատուն գետի Իլգումեն հատվածը, որտեղ նաեւ անցկացվեց ռաֆթինգի Ռուսաստանի Գավաթը: Կատուն գետում մեզ սպասվում էր ռաֆթինգի առաջին փորձությունը, որն անցան ֆորումի բոլոր մասնակիցները՝ սկսնակներն ու պրոֆեսիոնալները: Մոտ 4 ժամում մենք անցանք 40 կմ:

Վերջում մենք հետեւում էինք ռաֆթինգի Ռուսաստանի Գավաթին, որին մասնակցում էին նաեւ մեր ֆորումի ներկայացուցիչները:

Մինչեւ այս մրցաշարին անդրադառնալը, պատկերացում կազմենք, թե ինչպես են անցկացվեց ռաֆթինգի մրցումները:

Ռաֆթինգի մրցաշարերը բաղկացած են 4 փուլից՝ որակավորման փուլ (սպրինտ), զուգահեռ սպրինտ կամ «Հեդ թու հեդ», սլալոմ եւ մարաթոն: Մրցումներն անցկացվում են չորստեղանոց եւ վեցտեղանոց նավակներով՝ տղամարդկանց եւ կանանց պայքարում: Մեդալներ ստանում են ինչպես առանձին վարժություններում հաղթած թիմերը, այնպես էլ ընդհանուր հաշվարկի հաղթողը:

1. Որակավորման փուլում թիմերը մեկնարկում են միայնակ եւ փորձում հնարավորինս շուտ հատել եզրագիծը: Այս փուլի հաղթողը ստանում է 100 միավոր, երկրորդ տեղ գրաված թիմը՝ 95, իսկ երրորդ տեղինը՝ 90:

2. Զուգահեռ սպրինտ կամ «Հեդ թու հեդ» վարժությունն ամենադիտարժանն է: Այտեղ 2 թիմեր մեկնարկում են միաժամանակ եւ մրցում իրար հետ: Հաղթողը շարունակում է պայքարը, իսկ պարտվողը դուրս մնում: Այստեղ հաղթողը ստանում է 200 միավոր, երկրորդ տեղը՝ 190, իսկ երրորդը՝ 180:

3. Սլալոմն ամենաբարդ վարժությունն է: Այստեղ թիմերը մեկնարկում են միայնակ եւ պետք է անցնեն դարպասների միջով: Կանաչ դարպասների միջով պետք է անցնել գետի հունին համընթաց, իսկ կարմիր դարպասները՝ հակառակ: Եթե մարզիկներից մեկը դիպում է դարպասին կամ չի անցնում դրա միջով, թիմը ստանում է տուգանային միավորներ: Սլալոմի հաղթողը հավաքում է 300 միավոր, երկրորդ տեղը՝ 285, իսկ երրորդը՝ 270:

4. Մարաթոնը երկար մրցումն է՝ սկսած 15 կմ-ից: Այստեղ միաժամանակ մեկնարկում են բոլոր մասնակիցները: Մարաթոնի հաղթողը հավաքում է 400 միավոր, երկրորդ տեղը՝ 380, իսկ երրորդը՝ 360:

Բոլոր վարժություններում միավորներ ստանում են նաեւ լավագույն եռյակից դուրս մնացած թիմերը:

Ի դեպ, ռաֆթինգը նախապես ունեցել է կոմերցիոն բնույթ եւ դրա ստեղծողները ցանկացել են միայն գումար վաստակել, իսկ 2003 թվականին այն պաշտոնապես դարձել է մարզաձեւ:

Ռուսաստանի Գավաթին մեր ֆորումի մասնակիցները ներկայացել էին տղամարդկանց 2 վեցտեղանոց եւ մեկ չորստեղանոց թիմերով ու կանանց մեկ 6 տեղանոց թիմով: Մեր թիմերը մեդալներ նվաճեցին առանձին վարժություններում, իսկ ընդհանուր հաշվարկում հաղթեցին Ալթայի թիմերը, որոնք գերազանցեցին Տոմսկի թիմին: Մեր ֆորումը ներկայացնող կանանց թիմը, որի մարզիչը, չգիտես ինչու, ես էի, առաջին տեղը գրավեց «Հեդ թու հեդ» վարժությունում: Վերջում՝ սելֆի չեմպիոնների հետ:

Ֆորումի մասնակիցները երեկոներն «ամփոփում» էին ալկոհոլային խմիչքներով: Շատերը հավանել էին «ռուսկայա վոդկան» (ռուսական օղի), իսկ մեր բերած հայկական կոնյակը փորձելուց հետո հիացմունք էին հայտնում այս խմիչքի վերաբերյալ:

Վերջում ֆորումի մասնակիցները ստացան հավատարմագրեր եւ մեկ սեղանի շուրջ ամփոփեցին անցած ու հիշարժան ճանապարհը: Գրեթե բոլորը խոստացան, որ սա նոր ընկերության միայն սկիզբն է:

«Россотрудничество»-ի «Նոր սերունդ» ծրագիրը մասնակիցներին թույլ է տալիս ոչ միայն ծանոթանալ Ռուսաստանի սպորտային ու մշակութային կյանքին, այլեւ հաղորդակցվել տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ, հաստատել նոր կապեր ու գտնել նոր ընկերներ:

Ինչ վերաբերում է Ալթային, ապա եթե ցանկանում եք տեսնել անհավանական գեղեցիկ բնություն, անվերջանալի սարեր ու այլ տեսարժան վայրեր, ապա այստեղ այցելել, անպայման, պետք է:

Դավիթ Եղիազարյան՝ Ալթայից 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։