16:52 28 օգոստոսի, 2017Հայ սամբիստ Կոլյա Կարապետյանի առողջական վիճակը գտնվում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում: Նախարար Հրաչյա Ռոստոմյանի հանձնարարությամբ, մարզիկի ինքնազգացողության վերաբերյալ, նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը պարբերաբար հեռախոսազրույց է ունենում Բելառուսի սպորտի եւ տուրիզմի նախարար Ալեքսանդր Շամկոյի հետ, ում անձնական միջամտությամբ հայ մարզիկին մոտ 10 օր հետո կատարվելու է թվով 7-րդ վիրահատությունը, հաղորդում է Սպորտի նախարարության մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 18-ից 22-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած սամբոյի Եվրոպայի առաջնությունից հետո, մարտական սամբոյի 62 կգ քաշային Կոլյա Կարապետյանի ինքնազգացողությունը երեկոյան հյուրանոցում կտրուկ վատացել է եւ բժիշկներն արձանագրել են արյան զեղում՝ գլխի շրջանում: Դեպքից հետո Բելառուսի սպորտի եւ տուրիզմի նախարարի եւ Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանի հետ մարզիկին այցելել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Նա շուրջ մեկ ժամ զրուցել եւ մանրամասն ծանոթացել է հայ մարզիկի առողջական վիճակին եւ ձեռք է բերել մի շարք պայմանավորվածություններ՝ Կոլյա Կարապետյանի ինքնազգացողությունը համապատասխան վիճակի բերելուց հետո, նրան Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության մասնագիտացված հոսպիտալ տեղեփոխելու, այնտեղ վերականգնողական բուժում իրականացնելու եւ մարզիկին հայրենիք տեղափոխել վերաբերյալ:
Նշենք, որ հայ մարզիկը այժմ գտնվում է Մինսկի քաղաքային շտապ օգնության հիվանդանոցում, որի բուժանձնակազմին հաջողվել է փրկել նրա կյանքը, սակայն Կարապետյանը դեռեւս գտնվում է անգիտակից վիճակում եւ առայժմ հնարավոր չէ նրան տեղափոխել Երեւան:
Կոլյա Կարապետյանի բուժման եւ նրան հայրենիք տեղափոխելու գործընթացը կազմակերպելու նպատակով, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ, բացի ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից, բելառուսական կողմի հետ համագործակցում են նաեւ ՀՀ ոստիկանությունը, ՀՀ առողջապահության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության եւ ՀՀ արտաքին գործերի նախարարությունները:
Կոլյա Կարապետյանի առողջական վիճակի վերաբերյալ նոր տեղեկություններ լինելուց անմիջապես հետո հանրությանը կտեղեկացվի այդ մասին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.