ԱԱ. Գարիկ Բարսեղյանի վստահ մեկնարկը, Վալոդյա Ֆրանգուլյանի պարտությունը

13:01   25 օգոստոսի, 2017

Փարիզում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից վստահ մեկնարկ ունեցավ 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը: Նա գոտեմարտեց Իսրայելի ներկայացուցիչ Յուրի Հոլուբի հետ եւ առավելության հասավ 10:2 հաշվով՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ:

61 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը 1/8 եզրափակիչի ուղեգրի համար մրցեց ղազախ Դաուլետ Նիյազբեկովի հետ եւ պարտություն կրեց 5:9 հաշվով:

Գոտեմարտի հենց մեկնարկից Ղազախստանի ներկայացուցիչը 2 միավորի առավելություն ստացավ։ Ֆրանգուլյանի մրցակիցը հաշվի մեջ առաջ անցավ եւս երկու միավորով՝ հայ ըմբիշին աշխատանքային գոտուց հանելով։ Վալոդյա Ֆրանգուլյանը կարողացավ հարմար բռնվածքով ղազախ ըմբիշին գցել, սակայն երկու ըմբիշներն էլ համարժեք գլորման հնարք կատարեցին։ Վալոդյա Ֆրանգուլյանին թված, թե հաշվի մեջ առաջ անցավ, սակայն Ղազախստանի ներկայացուցիչները բողոքարկեցին, որից հետո հաշիվը դարձավ 7։2՝ ղազախ ըմբիշի օգտին։ Վալոդյա Ֆրանգուլյանի մարտավկաները թույլ չտվեցին շարունակել գոտեմարտը, եւ Հայաստանի կողմն իր հերթին բողոքարկեց։ Սակայն Հայաստանի բողոքարկումից հետո գլխավոր մրցավարը եւս մեկ միավոր տվեց ղազախ ըմբիշին՝ հաշիվը դարձնելով 8։2։ Երկրորդ մրցափուլում երկու ըմբիշներն էլ միավորներ վաստակեցին, բայց գոտեմարտն ավարտվեց ղացախ ըմբիշի հաղթանակով՝ 9:5:

Մրցաշարի առաջին օրը Հայաստանի հավաքականից մրցագորգ դուրս կգա նաեւ 125 կգ քաշային Լեւան Բերիանիձեն: Նրա մրցակիցը կլինի  Դաուլետ Շաբանբայ (Ղազախստան) – Սոսլան Գագլոեւ (Սլովակիա) զույգի հաղթողը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։