Սամվել Գեւորգյանը՝ աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանի մասին. 30 տարեկանում միայն տաղանդը բավարար չէ

10:09   23 օգոստոսի, 2017

Շատ ուրախ եմ Մաքսիմ Մանուկյանի հաղթանակի համար։ Նրան այս ոսկե մեդալը՝ աշխարհի չեմպիոնի կոչումը պարտադիր պետք էր, որպես իր երկար տարիների քրտնաջան աշխատանքի պարգեւատրում։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Մաքսիմ Մանուկյանի՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո Փարիզից ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը։

«Մաքսիմ Մանուկյանը տաղանդավոր եւ գրագետ գոտեմարտ անցկացնող ըմբիշ է։ Նրա տաղանդն աչքի էր ընկել դեռ նրա պատանի տարիքից։ Երկար տարիներ Մաքսիմը բաց թողեց իր մարզական կարիերայում․ դադարեցրել էր, չէր մարզվում։

Դադարից հետո նորից կսկսեց մարզվել եւ օր օրի սկսեց աճել։ Այս արդյունքը, աշխարհի առաջնության ոսկե մեդալը Մաքսիմ Մանուկյանի աշխատասիրության եւ տաղանդի արդյունքն է։ 30 տարեկանում դարձավ աշխարհի չեմպիոն։ Իսկ այս տարիքում միայն տաղանդը բավարար չէ, մարզիկը պետք է նաեւ աշխատասեր ու նպատակասլաց լինի։

Մաքսիմ Մանուկյանի հաղթանակը սպասված էր։ Այսօր նա շատ վառ հաղթանակներ տարավ։ Մենք հավատում էինք, որ այս առաջնությունում նա հաղթելու է, որովհետեւ մարզումների ընթացքում օր օրի նա առաջ էր գնում, չէր ընկճվում պարտություններից եւ ինքն էլ հավատում էր իր հաջողությանը։

Մինչ այս Մաքսիմ Մանուկյանը 85 կգ քաշային կարգում էր հանդես գալիս։ Բայց ճիշտ որոշում կայացրեց քաշային կարգը փոխել 80 կգ , քանի որ այս քաշում նա իրեն ավելի վստահ եւ լավ է զգում»,- ասաց Սամվել Գեւորգյանը։

Սամվել Գեւորգյանը նաեւ աշխարհի առաջնության 66 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանի անձնական մարզիչն է։  Հիշեցնենք, որ Կարեն Ասլանյանին չհաջողվեց նվաճել աշխարհի առաջնության բրոնզե մեդալ։

«Կարեն Ասլանյանին խանգարեց մեծահասակների աշխարհի առաջնության մեդալ նվաճելու փորձի պակասը։ Կարենն ինքն իրեն փոքր-ինչ չհավատաց, որ կարող էր հաղթել։ Դեռ ունի շատ թերություններ, որոնք պետք է ուղղել։ Մի քիչ տաքարյուն է, իսկ գորգը տաքարյուն ըմբիշների չի սիրում։ Գորգի վրա պետք է չկռվես, այլ պայքարես հաղթելու համար։ Օրինակ՝ Վաղինակ Գալստյանը, երբ աշխարհի չեմպիոն դարձավ, նրա մրցակից կորեացի ըմբիշն այնքան էր գլխով հարվածել, որ աչքը փակվել էր։ Մինչ օրս էլ սպին մնացել է, բայց Վաղինակ Գալստյանը սադրանքի չենթարկվեց, մինչեւ վերջ գոտեմարտը տարավ եւ հաղթեց։ Այդպես է պետք պայքարել։

Նույն պատկերն այսօր Կարեն Ասլանյանի մոտ էր․ եթե մեր ըմբիշը մի քիչ համբերատար գտնվեր եւ հավատար ինքն իրեն, որ կարող է կորեացուն հաղթել, իմ կարծիքով՝ մեդալ կնվաճեր։ Հավատում եմ, որ իմ սանը շատ կաշխատի իր վրա եւ մեզ դեռ շատ անգամներ կուրախացնի մեդալներով։

Կարեն Ասլանյանը 10 տարեկանից է զբաղվում ըմբշամարտով, արդեն 22 տարեկան է, պատանիների եւ երիտասարդների աշխարհի, Եվրոպայի չեմպիոն է։ Մեծահասակների կազմում առաջին անգամ էր մասնակցում աշխարհի առաջնությանը։ Եվ առաջին անգամ մասնակցել ու մեդալի համար պայքարելն այդքան էլ հեշտ չի եւ լավ սկիզբ է»,- մանրամասնեց Սամվել Գեւորգյանը։

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունից վերադառնում է երկու ոսկե մեդալով:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։