Արմեն Նազարյանը՝ Փարիզից. Սրտանց շնորհավորում եմ բոլորիս, որ Արթուր Ալեքսանյանի նման ըմբիշ ունի Հայաստանը

09:01   22 օգոստոսի, 2017

Երբ Արթուր Ալեքսանյանի պարգեւատրման արարողության ժամանակ հնչում էր Հայաստանի հիմն ու ծածանվում էր հայոց եռագույնը, հուզմունքով հետեւում էի եւ հիշում, թե ինչպես եւ  քանի անգամ եմ նույն դրոշը ես բարձրացրել տարբեր երկրներում, այդ թվում եւ Ֆրանսիայում՝ 1995 թվականի Եվրոպայի առաջնությունում։ Հպարտանում եմ Արթուր Ալեքսանյանով։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Փարիզից ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն, հունառոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը՝ մեկնաբանելով 98 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Ալեքսանյանի երրորդ տիտղոսը աշխարհի առաջնություններում:

«Արթուր Ալեքսանյանը հրաշալի աշխատեց գորգի վրա։ Ինչպես Հայաստանի թիմը, մարզիչները, եւ բոլոր հայերը, ես նույնպես անչափ ուրախ եմ, որ Արթուր Ալեքսանյանը եւս մեկ անգամ ապացուցեց իր ամենաուժեղ եւ անպարտելի լինելը։ Անբացատրելի ուրախություն է, երբ հայ մարզիկն աշխարհի առաջնությունում հնչեցնում է Հայաստանի հիմնը եւ բարձրացնում Հայաստանի եռագույնը։ Սրտանց շնորհավորում եմ բոլորիս, որ այսպիսի ըմբիշ ունի Հայաստանը։ Ինձ համար առանձնահատուկ էր այս օրը. ես նույնպես Ֆրանսիայում բարձրացրել եմ Հայաստանի դրոշը՝ 1995 թվականին, երբ դարձա Եվրոպայի չեմպիոն»,- ասաց Արմեն Նազարյանը։

Կրկնակի օլիմպիական չեմպիոնը դեմ չէ հունահռոմեական ըմբշամարտում գործող կանոններին՝ չորեքթաթ դրության բացակայությանը։

«Այս շրջանում շատ են դժգոհում գործող կոնանդրությունից, բայց ես համամիտ եմ այս կանոնադրության հետ։ Պարտեր դրությունը հանել են, եւ այդպես ըմբիշի հնարքներ իրականացնելու հնավարովորությունները շատացել են։ Ով ուզում է պարտերում աշխատել, խնդրեմ, ոչ ոք չի խանգարում, թող գցում անի եւ պարտերում գլորումներով միավորներ վաստակի։ Այսօր այդպես աշխատեց Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում եւ եզրափակիչում։ Իսկ եթե պարտեր դրությունը կրկին մտցնեն, մրցավարների ձեռքին կողմնապահություն անելու շատ հնարավորություններ կտան, որպեսզի նա որոշի՝ ով առաջինը նստի պարտեր։ Հունահռոմեական ըմբշամարտում լավն այն կլինի, որ յուրաքանչյուր ըմբիշ գոտեմարտերն անցկացնի մինչեւ վերջ իր ուժերով եւ մրցավարի միջամտության հնարավորություն ուղղակի չլինի։

Մենք չենք կարող փոխել կանոնները։ Սա բոլորի միտքն է եւ առաջարկը։ Եվ բոլորն էլ ուզում են, որ հունահռոմեական ըմբշամարտն ունենա դիտարժան գոտեմարտեր գեղեցիկ հնարքներով»,- նշեց Արմեն Նազարյանը։

Աշխարհի եռակի չեմպիոն Արմեն Նազարյանին Արթուր Ալեքսանյանի երրորդ տիտղոսը հիշեցրել է իր անցած ուղին։

«Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտի եւ պարգեւատրության ժամանակ շատ հուզված էի։ Եվ ուրախության հուզմունք էր եւ հիշողություններն էին ինձ պատել, երբ ես հռչակվեցի աշխարհի եռակի չեմպիոն, երբ իմ պատվին հնչեց Հայաստանի հիմնը, ծածանվեց դրոշը։ Հատկանշանական էր, որ տարիներ անց այդ հաջողությունը կրկնվեց նույն երկրում։ Հպարտության զգացողություններ ունեցա, թե ես քանի անգամ եմ բարձրացրել այդ դրոշը, քանի երկրներում եւ քանի մրցումներում՝ սկսած Օլիմպիական խաղերից մինչեւ աշխարհի, Եվրոպայի առաջնություն։ Սա իսկապես պատմություն է եւ շատ մեծ իրադարձություն թե երկրի, թե մարզիկի համար։ Ուրախ եմ իմ երկրի եւ Արթուր Ալեքսանյանի համար»,- շեշտեց Արմեն Նազարյանը։

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։