ԱԱ. Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում է, Կարապետ Չալյանը պարտվեց

17:10   21 օգոստոսի, 2017

Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակչում համառ պայքարում 6։2 հաշվով հաղթեց վրացի Ռեւազի Նադարեիշվիլիին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալը։

Գոտեմարտի մեկնարկում Արթուր Ալեքսանյանը 1 միավորով առավելության հասավ։ Օլիմպիական չեմպիոնը ցանկանում էր երկու միավորանոց հնարքով կրկին առաջ անցնել հաշվի մեջ գլորման հնարքով, սակայն հնարքի ընթացքում վրացի ըմբիշին հաջողվեց իր ձեռքը վերցնել հնարքը եւ ինքը գլորելով դուրս հանեց Արթուր Ալեքսանյանին։ Գորգի մրցավարը 1 միավոր տվեց Ռեւազ Նադարեիշվիլիին։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Արթուր Ալեքսանյանի մարտավկա Լեւոն Ջուլֆալակյանը չհամաձայնվեց գորգի մրցավարի հետ եւ բողոքարկեց։ Սակայն մրցավարները չընդունեցին Հայաստանի հավաքականի բողոքարկումը եւ եւս մեկ միավոր տվեցին վրացի ըմբիշին։ Արթուր Ալեքսանյանին զայրացրեց գոտեմարտի ընթացը եւ 2։1 հաշիվը եւ օլիմպիական չեմպիոնը վստահ գոտեմարտով առաջ անցավ հաշվի մեջ, ապա գլորումով դուրս հանեց վրացի ըմբիշին գորգից՝ հաշիվը դարձնելով 6։2։

Գոտեմարտի վերջում վրացի ըմբիշը ոչ մի կերպ չէր համակերպվում իր պարտության հետ։ Ռեւազ Նադարեիշվիլին չկարողացավ զսպել արցունքները, որ նրան չհաջողվեց հաղթել օլիմպիական չեմպիոն։ Վրացի ըմբիշն անգամ հարվածեց ինքն իրեն, իսկ Արթուր Ալեքսանյանը սփոփեց մրակցին, գորգի մրցավարն էլ վրացի ըմբիշին երկար սպասելուց հետո վերջապես բարձրացրեց Արթուր Ալեքսանյանի ձեռքը։ 

Հիշեցնենք, 1/8 եզրափակիչում օլիմպիական չեպիոնը 10։1 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել  ԱՄՆ ներկայացնող Թրեյսի Հենքոկի նկատմամբ, իսկ 1/16 եզրափակիչում 3։1 հաշվով պարտության էր մատնել իրանցի Սալեհիզադենին։

Փարիզյան մարզապալատում հայ մարզիկների մրցելույթների ընթացքում տիրբունաներում մեծ թվով հայ երկրպագուներ կան։ Մասնավորապես Արթուր Ալեքսանյանի գոտեմարտերի ժամանակ տրիբունաների տարբեր անկյուններում ծածանվում են Հայաստանի դրոշները։ Իսկ հանդսիականները շարքերից լսվում է «Արթուր» վանկարկումը։

Արթուր Ալեքսանյանի մրցակիցը կիսաեզրափակչում կլինի Ուզբեկստանը ներկայացնող Ռուստամ Ասակալովը։

75 կգ քաշային Կարապետ Չալյանը քառորդ եզրափակչում 1։2 հաշվով պարտվեց սերբ Վիկտոր Նեմեսին։ Կարապետ Չալյանը մեծ ակտիվությամբ սկսեց գոտեմարտը, բայց սերբ մրցակիցը եւս չէր զիջում ակտիվությամբ։ 

Երկու ըմբիշներին էլ չհաջողվեց գլորելու հնարք կատարել։ Ըմբիշները պայքարեցին միայն կանգնած դրությունում։ Կարապետ Չալյանը սակայն չկարողացավ հաղթահարել քառորդ եզրափակիչի արգելքը։  

85 կգ քաշային Արթուր Շահինյանն ու 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը պարտվել են 1/16 եզրափակիչում



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։