Արկադի Մկրտիչյան. Շատ անհանգստացած եմ Հայաստանի հավաքականի ապագայով

12:07   20 օգոստոսի, 2017

Շատ անհանգստացած եմ մեր թիմի ապագայով։ Հուսամ՝ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարից դուրս մնալուց հետո հավաքականը նորից կվերադառնա, կհավաքվի եւ կկարողանանք պահպանել այս թիմը։

Այս մասին ասել է բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականի անդամ, ամերիկյան «Այդահո Վանդալս» թիմի խաղացող, ամերիկաբնակ Արկադի Մկրտիչյանը՝ մեկնաբանելով  2019 թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախնական փուլի վերջին տուրում Բոսնիա-Հերցեգովինայի թիմից կրած պարտությունը:

Հիեցնենք, որ Հայաստանի հավաքականը պարտվեց 66:83 հաշվով եւ դուրս մնաց հետագա պայքարից:

«Ես որակավորման փուլի ամբողջ ընթացքում մեծ բավականություն եմ ստացել մեր թիմի խաղերից։ Բայց հիմա այդ զգացողությունը չունեմ, քանի որ մենք պարտվեցինք վերջին կարեւոր խաղում եւ լքեցինք հետագա պայքարը։ Ունեինք հաղթելու մեծ հնարավորություն, ունեինք հիասքանչ երկրպագուներ, որոնք մեզ անչափ աջակցեցին այս խաղում։ Խաղահարապարում այս աջակցության ներքո խաղալը մեծ հաճույք էր, բայց արդյունքը չգոհացնող է։

Այս պարտության մեջ ոչ մեկի չեմ մեղադրում, բացի մեզնից։ Սա իսկապես խելահեղություն է, նախնական որակավորման փուլում հասնել եզրագծին եւ դուրս մնալ պայքարից, երբ քեզ ընդամենը մեկ քայլ էր մնացել։

Ես շատ անհանգստացած եւ հետաքրքրված եմ մեր հավաքականի, ձեւավորված այս թիմի ապագայի հարցով։ Մենք շատ երկար խաղացինք միասին, համախմբված։ Կարծում եմ եւ հույս ունեմ, որ կկարողանանք այս թիմով մի լավ բան անել մեր երկրի համար»,- ասաց Արկադի Մկրտիչյանը։ 

Հիշեցնենք, որ ԱԱ-2019-ի ընտրական մրցաշարի նախնական փուլի նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը տնային հաղթանակներ էր տարել Սլովակիայի (75:61) եւ Շվեդիայի (82:69) նկատմամբ, Սարաեւոյում պարտվել էր Բոսնիա-Հերցեգովինային (85:98), Բրատիսլավայում հաղթել էր Սլովակիային (92:78), Ուպսալայում 70:93 հաշվով պարտվել էր շվեդներին:

Հայաստանի հավաքականը կազմավորվել է այս տարի եւ առաջին անգամ էր մասնակցում աշխարհի առաջնությանը:

Լուսինե Շահբազյան 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։