Գոռ Երիցյան. Հիանալի մարզավիճակում եմ եւ ցանկանում եմ ավելի առաջ գնալ պրոֆեսիոնալ ռինգում

16:50   12 օգոստոսի, 2017

Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկ Գոռ Երիցյանն օրեր առաջ երկրորդ մենամարտն անցկացրել՝ պրոֆեսիոնալ ռինգում: Սոչիում տեղի ունեցած PUNCH boxing promotion-ի կազմակերպած պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական շոուի ընթացքում Գոռը չորրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին՝ տանելով երկրորդ անընդմեջ հաղթանակը:

«Մրցակիցս շատ փորձառու էր: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում 40 մարտ էր անցկացրել: Չնայած նրան, որ ուներ պարտություններ, բայց այդքան տարի պրոֆեսիոնալ բռնցքամարտում լինելը արդեն ինչ-որ բան ասում է: Առաջին մենամարտում փոքր լարվածությունից հետո այս անգամ շատ հանգիստ էի ինձ զգում ռինգում: Ֆիզիկապես եւ տեխնիկապես շատ լավ էի պատրաստվել Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ: Արդյունքն էլ եղավ այն, որ ժամանակից շուտ վճռեցի մենամարտի ելքը: Հիմա պատրաստվում եմ հաջորդ մենամարտին, որն, ամենայն հավանականությամբ, կլինի հաջորդ ամսվա վերջին: Գլխավոր նպատակս պրոֆեսիոնալ բռնցքամարտում գոտիներ նվաճելն է առանց պարտությունների»- Գոռ Երիցյանի խոսքը մեջբերում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Հարցին, թե շարունակելու՞ է ելույթները հավաքականի կազմում, Երիցյանը պատասխանել է. «Հիմա կարող եմ ասել, որ հանդես չեմ գա սիրողական բռնցքամարտում մինչեւ 2020 թվականի Օլիմպիական խաղերը: Հիմա հիանալի մարզավիճակում եմ եւ ցանկանում եմ ավելի առաջ գնալ պրոֆեսիոնալ ռինգում, իսկ սիրողական մակարդակում մրցավարական անարդարությունները շատ են»,- Գոռ Երիցյանի խոսքը մեջբերում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։