Զիդան. Գոհ եմ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից

09:39   24 հուլիսի, 2017

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ International Champions Cup ընկերական մրցաշարի խաղը, որում անգլիական ակումբը հաղթել էր հետխաղյա 11 մետրանոցներով:

«Սա լիարժեք խաղ էր, եւ մեր երիտասարդ ֆուտբոլիստներն իրենց լավ դրսեւորեցին երկրորդ խաղակեսում: Ես գոհ եմ, քանի որ արդյունքը կարեւոր չէր: Մենք անցկացրինք լավ հանդիպում եւ խուսափեցինք վնասվածքներից: Իմ խաղացողները հավասար պայքար մղեցին մի մրցակից դեմ, որն անցկացրել է ավելի շատ խաղեր:

Մեզ համար շատ կարեւոր էր խաղալ, մրցել: Մենք պատրաստվում ենք Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպմանը, եւ դա մեր նպատակն է: Պարտավոր ենք լավ մարզավիճակ հավաքել մինչեւ մրցաշրջանի առաջին պաշտոնական խաղը:

Ես գոհ եմ այն ֆուտբոլիստներով, որոնք այժմ թիմում են: Սակայն չեմ կարող ասել, թե ինչ տեղի կունենա մինչեւ օգոստոսի 31-ը: Ոմանք կարող են հեռանալ, ոմանք՝ միանալ մեզ: Ես թիմի ղեկավարությանը չեմ խնդրել գնել կենտրոնական հարձակվողի. դա լրագրողների կարծիքն է»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Ռեալի» կայքը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Սանտա Կլարա (Կալիֆորնիա) քաղաքի «Լիվայս» ստադիոնում կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով, եւ անմիջապես նշանակվել էր հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար, որում անգլիական ակումբը հաղթել էր 2:1 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել էր երկրորդ խաղակեսին եւ անվրեպ իրացրել հետխաղյա 11 մետրանոց հարվածը:

Ընդմիջմանը Զինեդին Զիդանը փոխարինել էր բոլոր խաղացողներին՝ դաշտ դուրս բերելով երկրորդ կազմը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։