Մոուրինյո. Իմ ֆուտբոլիստները հիասթափված էին, որ «Ռեալը» ընդմիջումից հետո խաղաց երկրորդ կազմով

09:22   24 հուլիսի, 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է International Champions Cup ընկերական մրցաշարի խաղում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ հաղթանակը հետխաղյա 11 մետրանոցներով:

«Սա լավ մարզում էր մեզ համար: Անցկացրեցինք հրաշալի առաջին խաղակես «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստների դեմ: Ընդմիջումից հետո կորցրինք մոտիվացիան ու խաղի հանդեպ ախորժակը մրցակցի երիտասարդ խաղացողների դեմ խաղալիս: Իմ՝ երկրորդ խաղակեսում դաշտ դուրս եկած ֆուտբոլիստները հիասթափված էին, քանի որ նրանց դեմ չէր խաղում «Ռեալի» հիմնական կազմը:

Թիմերն իրացրին 11 մետրանոց 10 հարվածներից միայն երեքը: Սակայն սա նախամրցաշրջանային պատրաստություն է, եւ ես չէիր ընտրել 11 մետրանոցների լավագույն իրացնողներին:

Ինչ վերաբերում է Անդեր Հերերայի վնասվածքին, ապա միշտ իմ խաղացողներին ասում եմ, որ ռիսկի չդիմեն ընկերական խաղերում: Պետք է սպասենք հետազոտության արդյունքներին: Եթե կա վնասվածքի որեւէ կասկած, ապա պետք է պահանջել փոխարինում»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Սանտա Կլարա (Կալիֆորնիա) քաղաքի «Լիվայս» ստադիոնում կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով, եւ անմիջապես նշանակվել էր հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար, որում անգլիական ակումբը հաղթել էր 2:1 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել էր երկրորդ խաղակեսին եւ անվրեպ իրացրել հետխաղյա 11 մետրանոց հարվածը:

Ընդմիջմանը Մոուրինյոն կատարել էր 8 փոխարինում՝ դաշտ դուրս բերելով նաեւ Հենրիխ Մխիթարյանին, իսկ Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը փոխարինել էր բոլոր խաղացողներին՝ ընտրելով երկրորդ կազմը:

«Մանչեսթեր Յունայթեդն» ԱՄՆ-ում վերջին ընկերական խաղը կանցկացնի հուլիսի 26-ին՝ Վաշինգտոնում մրցելով «Բարսելոնայի» հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։