Երեւանում շուտով կբացվի հոկեյի երկրորդ սահադաշտը. Սերժ Սարգսյանը՝ Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահին

17:50   21 հուլիսի, 2017

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 21-ին ընդունել է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենե Ֆազելին:

Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահի առաջին այցը Հայաստան զգալիորեն կխթանի մեր երկրում աշխարհի ամենատարածված եւ սիրված մարզաձեւերից մեկի զարգացումը:

Հանդիպմանը զրուցակիցները կարեւորել են Հայաստանի տափօղակով հոկեյի ազգային ֆեդերացիայի անդամակցությունը միջազգային ֆեդերացիային:

Հանրապետության նախագահը նշել է, որ թեեւ հոկեյը Հայաստանում զարգացած չէ, այնուհանդերձ որոշակի միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի այդ մարզաձեւը եւս զարգացում ունենա: Այդ նպատակով, ըստ նախագահի, ստեղծվում են անհրաժեշտ ենթակառուցվածքներ. Երեւանում շուտով կբացվի հոկեյի երկրորդ սահադաշտը՝ անհրաժեշտ բոլոր չափանիշներին համապատասխան:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ռենե Ֆազելին Հայաստանում հոկեյի զարգացմանը նպաստելու պատրաստակամության համար: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այդ սպորտաձեւը Հայաստանում զարգացման հնարավորություններ եւ ներուժ ունի, եւ այդ ուղղությամբ անհրաժեշտ է հետեւողականորեն աշխատել:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։