Թիավարություն՝ պայքար բնության դեմ. Մարզաձեւի հայկական իրականությունը (ֆոտոշարք)

23:06   7 հուլիսի, 2017

Թիավարությամբ զբաղվողների քանակն ավելանում է, բայց արդյունքներ միեւնույն է չկան, իսկ արդյունքների բացակայությունից նաեւ ֆինանսավորում չկա: Օլիմպիական խաղերին մասնակցելը կամ գոնե ուղեգիր նվաճելուն մոտ լինելը դեռ հեռու երազանք է, քանի որ հայ թիավարողները բանակից հետո այլեւս չեն վերադառնում սպորտ, ծնողների պահանջով ամուսնանում եւ վարձատվրող աշխատանք գտնում:  

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի կանոեի եւ թիավարության ֆեդերացիայի գործադիր տնօրեն Վարդան Ադամյանն այսպես բնութագրեց մարզաձեւի հայկական իրականությունը:

Չնայած օդի ջերմաստիճանը +40 է, հայ թիավարողներին ամռան տապը չի խանգարում 2-3 ժամ անդադար մարզվել Երեւանյան լճում: Հայ թիավարողները պատրաստվում են հուլիսի 8-ին Երեւանում անցկացվելիք պատանիների Հայաստանի բաց առաջնությանը, որի արդյունքներով որոշվելու է հուլիսի 27-ին Ռումինիայում կայանալիք պատանիների աշխարհի առաջնության մասնակիցների կազմը:

NEWS.am Sport-ի թղթակիցը հետեւեց թիավարողների մարզումային օրերից մեկին:

«Թիավարությունը հզոր մարզաձեւ է, մի քանի մարզաձեւերի միաձուլում է՝ լող, աթլետիկա, ծանրամարտ, խաղային ձեւեր էլ է պարունակում իր մեջ: Մարզիկը մակույկ նստելուց առաջ նախ պետք է լող իմանա, որպեսզի կարողանա իրեն եւ իր ընկերոջը փրկել: Աթլետիկան վազքն է՝ ոտքերի աշխատանքը: Թիավարության ընթացքում բացի թիակների աշխատանքից, շատ կարեւոր է նաեւ ոտքերի աշխատանքը: Ծանրամարտը ձեռքերի աշխատանքն է, ձեռքերի թիակների ուժը, որպեսզի կարողանա ջուրը մեր լեզվով ասած «փորել»: Եթե ծանրամարտը պայքար է ծանրաձողի հետ, թիավարությունը պայքար է բնության դեմ. մակույկում գտնվողը պետք է ցանկացած իրավիճակում՝ արեւ, անձրեւ, ձյուն, քամի, կռիվ տա ջրի հետ եւ սահի ջրի վրայով: Կան նորմատիվներ, քամու արագության սահմանափակում, որի դեպքերում արգելվում է թիավարելը, բայց Հայաստանի պայմաններում այդ նորմատիվները չեն աշխատում, քանի որ այդքան մեծ քամիներ մենք չենք ունենում: Գեղեցիկ մարզաձեւ է: Իսկական զինվոր է դաստիարակում: Պակասում է միայն կրակել սովորելը. մնացած ամեն ինչ մեր մարզիկները սովորում են այս մարզաձեւում՝ վազք, արագություն, ուժ, խիզախություն, պայքար, նույնիսկ հող փորել, ինչպես դա անում են թիակով՝ ջրում: Թիավարությունն անվախ է դարձնում մարդուն, ինչն էլ կարեւոր է սահմանը պաշտպանող յուրաքանչյուր զինվորին»,- մանրամասնեց Հայաստանի վաստակավոր մարզիչ Սիմոն Սիմոնյանը:

Հայաստանում թիավարությունում, ինչպես մյուս բոլոր մարզաձեւերում, խնդիրները շատ են. մասնավորապես ֆինանսական խնդիրը: Բայց մարզաձեւի նվիրյալները դժգոհում են նաեւ բանակից: Ըստ ֆեդերացիայի գործադիր տնօրեն Վարդան Ադամյանի, բանակը միշտ եղել է ու մնում է մարզաձեւի զարգացման հիմնական խոչընդոտը:

«Եկող հանգստյան օրերին կանցկացնենք պատանիների Հայաստանի առաջնություն, որին կմասնակցեն շուրջ 70 թիավարողներ: Մեզ մոտ պատանիները 1999-2004 թվականների ծնված՝ մինչեւ 18 տարեկաններն են. 18-ը ներառյալ: Առաջնությունը բաց է, կարող են հայտ ներկայացնել նաեւ սիրողական զբաղվողները, որպեսզի հասկանանք՝ ինչ ներուժ ունենք: Մասնակիցներ ունենք Էջմիածնից, Հրազդանից, Երեւանից:  

Հայաստանի առաջնությունը մարզիչների հաշվետվությունն է, կտեսնենք մարզիչների կատարած աշխատանքը: Ֆեդերացիան շեշտը դնում է մարզիչների աշխատանքի վրա: Այս առաջնությունում, դրանից բացի նաեւ որոշելու ենք պատանիների աշխարհի առաջնության մասնակիցներին: Լավ արդյունք ցույց տվողները, մեր ունեցած գումարով 3-4 մարզիկ կմեկնեն Ռումինիա: Բայց ակնկալիքներ չունենք: Մենք կարողացել ենք մի քանի հավաք անցկացնել, հազիվ այս երեխաներին որոշակի մակարդակի հասցնել, բայց դրսում թիավարողները տարվա ընթացքում 280-300 օր մարզումների, մրցումների մեջ են: Դե տարբերությունը պատկերացրեց…»,- ասաց Վարդան Ադամյանը:

Պատանիների Հայաստանի առաջնությունից եւ աշխարհի առաջնությունից հետո, թիավարողները կպատրաստվեն մեծահասակների Հայաստանի առաջնության, որից հետո կմենեն Չեխիա՝ աշխարհի առաջնությանը:

«Մեծահասակներում խնդիրներ շատ ունենք: Մեծահասակներ գրեթե չունենք, մի քանի մարզվող ունենք: Քիչ են, քանի որ բանակից գալիս են, ըստ ծնողների պահանջի գնում են աշխատանք գտնում, ամուսնանում. ծնողները չեն թողնում նվիրվեն այս մարզաձեւին: Լուրջ մրցաշարերում, Օլիմպիական խաղերում մասնակիցները 30 անց թիավարողներ են, իսկ մենք նույնիսկ 25 տարեկան չունենք, բոլորը գնում են: Եթե նույնիսկ ծառայածների 10 տոկոսն էլ վերադառնա, արդեն լավ կլինի»,- նշեց գործադիր տնօրենը:

Ֆեդերացիան ունի նաեւ ֆինանսական խնդիրներ:

«Ֆինանսական խնդիրներ միշտ ունենք ու կարծում եմ՝ Հայաստանում բոլոր մարզաձեւերում այդ խնդիրը կա: Մեր ֆեդերացիայում երեք օլիմպիական ձեւի՝ կանոեի, թիավարություն եւ ակադեմիականի համար կառավարությունը մեզ տրամադրում է ընդամենը 9 մլն դրամ: Այդ գումարը բավարար չէ շատ մրցաշարերի մասնակցելու համար, դեռ մի բան էլ ֆեդերացիան է հայթայթում, շատ ծախսեր մեր անձնական միջոցներով ենք հոգում: ՀԱՕԿ-ից ֆինանսական աջակցություն չենք ստանում, քանի որ արդյունքներ չունենք: Համագործակցությունը սպորտի նախարարության եւ ՀԱՕԿ-ի հետ նորմալ է, միայն թե ոչ ֆինանսական: Դե նորմալ է… կոպիտ ասած՝ արդյունք բեր, փող կտանք… Իսկ արդյունքներ չունենք, մեզ ո՞վ փող կտա»,- նշեց Վարդան Ադամյանը:

Մարզիչ Սիմոն Սիմոնայնն էլ հավելեց.

«Թիավարությունը հայտնի մարզաձեւ չէ, մարդիկ չգիտեն, չեն ճանաչում. Ցավոք, հայ ծնողներն իրենց երեխաներին տեսնում են միայն ծանրամարտում, բռնցքամարտում, ըմբշամարտում եւ մեկ էլ կարատեում, որը փչացնում է մեր երեխաներին: Իրականում, այս մարզաձեւով զբաղվելու համար ոչինչ անհրաժեշտ չէ, բացի ցանկությունից: Մարզումներն անվճար են, մարզիկների համար բոլոր պայմաններն էլ ստեղծված են լավ թիավարող դառնալու համար: Մենք էլ սովորեցնում ենք լող, վազք, ծանրամարտի դահլիճ ունենք, չնայած խարխուլ վիճակում է ու, ամենակարեւորը, սեր կա այստեղ, սիրով ու նվիրված աշխատում ենք յուրաքանչյուրի հետ, որ ամուր, ուժեղ ու անվախ սերունդ ունենանք»:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.