ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը նահանջել է, Գերմանիան՝ նոր առաջատար

12:30   6 հուլիսի, 2017

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ներկայացրել է դասակարգման նոր աղյուսակը, որում Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 5 աստիճան եւ զբաղեցնում է 73-րդ տեղը: Նախորդ հրապարակումից հետո Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը աշխարհի առաջնության ընտրական փուլում 1:4 հաշվով պարտվել էր Չեռնոգորիայի հավաքականին եւ ընկերական խաղում 5:0 հաշվով հաղթել Սենթ Քիթս եւ Նեւիսի թիմին:

ՖԻՖԱ դասակարգման աղյուսակը դարձյալ գլխավորել է աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը, որն օրեր առաջ նվաճել էր Ռուսաստանում անցկացված ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիաների գավաթի 8-րդ խաղարկության հաղթողի կոչումը: Բրազիլացիները նահանջել են երկրորդ տեղ, իսկ Արգենտինան՝ երրորդ:

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներից, Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը բարձրացել է չորրորդ տեղ: Լավագույն տասնյակում են նաեւ Շվեյցարիան, Լեհաստանը, Չիլին, Կոլումբիան, Ֆրանսիան, Բելգիան, իսկ Իսպանիան 11-րդն է:

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի մյուս մրցակիցներից Լեհաստանն առաջադիմել է 4 աստիճան (6-րդ տեղ), Ռումինիան 42-րդն է, Դանիան՝ 47-րդը, Չեռնոգորիան՝ 54-րդը, իսկ Ղազախստանը՝ 106-րդը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի սեպտեմբերի 1-ին՝ հյուրընկալվելով Ռումինիայի թիմին: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.