Լոնդոն-2012. Հայ օլիմպիականները. Հռիփսիմե Խուրշուդյան

17:43   21 հուլիսի, 2012

NEWS.am Sport-ը ներկայացնում է 30-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկներին։

Հռիփսիմե Խուրշուդյան, ծանրամարտ, +75 կգ

Ծնվել է 1987 թվականի հուլիսի 27-ին։

Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող (2007), աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող (2007), Եվրոպայի չեմպիոն, 75կգ (2007), Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, 75կգ (2006, 2009),
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 75կգ (2010), Եվրոպայի փոխչեմպիոն, +75կգ (2011), աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 75կգ (2009)։

Անցած տարի Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում Հռիփսիմե Խուրշուդյանը Հռիփսիմեն լուրջ վնասվածք ստացավ, սակայն վիրահատությունից հետո շատ արագ ապաքինվեց ու սկսեց նախապատրաստվել Օլիմպիական խաղերին:

Անցնելով նախապատրաստական փուլն ըստ նախատեսված ծրագրի՝ Խուրշուդյանն այժմ  Հայաստանի հավաքականի կազմում Ռուսաստանի Պոդոլսկ քաղաքում վերջին հավաքն է անցկացնում Օլիմպիական խաղերից առաջ։

Հավաքականի գլխավոր մարզիչն է Արտաշես Ներսիսյանը

Հռիփսիմե Խուրշուդյան

«Պարզ է, որ Լոնդոն մեկնելու եմ միայն արդյունքի հասնելու համար: Սակայն չեմ կարող ասել, թե ինչ արդյունք կլինի: Կարեւորն է մրցումներին մոտենալ լավ մարզավիճակում եւ դրա համար արվում է ամեն ինչ թե իմ, թե մարզիչների կողմից: Մնացածն արդեն պետք է ձգտենք հանդես գալ մեր հնարավորությունների սահմաններում»:

Արտաշես Ներսիսյան

«Օլիմպիական խաղերը միշտ էլ տարբերվում են մյուս մրցումներից: Օլիմպիական մեդալ նվաճելն անհամեմատ դժվար  ու անհամեմատ հեղինակավոր է: Հռիփսիմեն միջազգային տարբեր կարգի մրցումների մեծ փորձ ունի: Ամենակարեւորն է, որ մեր մարզուհին կարողանա դրսեւորել իր իրական հնարավորությունները»:

Սամվել Խաչատրյան, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ

«Հռիփսիմեն լիարժեք վերականգնվել է վնասվածքից հետո եւ գտնվում է լավ մարզավիճակում: Օլիմպիական մրցաշարում մեր մարզուհին մրցելու է չինուհի  Չժոու Լուլուի եւ ռուս Տատյանա Կաշիրինայի հետ, պակաս հզոր մրցակից չէ նաեւ Կորեան ներկայացնող  Չան Մի Ռանը: Հուսով եմ, որ մենք տեղ կունենանք մրցանակային եռյակում»:

Հռիփսիմե Խուրշուդյանը օլիմպիական մրցահարթակ դուրս կգա օգոստոսի 5-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։