«Տարվա լավագույն մարզիկ». ՀՄԼՖ-ն այլեւս առնչություն չի ունենա

21:32   27 հունիսի, 2017

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան այսուհետեւ որեւէ առնչություն չի ունենա «Տարվա լավագույն մարզիկ» մրցույթի կազմակերպման, անցկացման հարցերին: Սպորտի նախարարությունը կանցկացնի մրցույթը: Պետական կառույցը շարունակում է հանրային քննարկումները: Տարվա լավագույններն ընտրվելու են sms քվեարկության եւ գործող մարզական լրագրողների քվեարկության գումարման արդյունքում:

Սպորտի նախարարությունը հակված է, որ լավագույն տասնյակում տեղ կգտնեն միայն Հայաստանի դրոշի ներքո եւ Հայաստանի համար մեդալներ նվաճած մարզիկները: Իսկ Հայաստանից դուրս հանդես եկող, բայց բարձր արդյունքներ գրանցած հայ մարզիկները կպարգեւատրվեն որպես առանձին լավագույն մարզիկներ, բայց տեղ չեն գտնի տասնյակում:

Այս մասին մարզական լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի սպորտի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:

Արդեն ավանդույթ դարձած «Տարվա լավագույն» մարզիկ մրցանակաբաշխությունը յուրաքանչյուր տարի տարաձայնությունների եւ քննարկումների առիթ է դառնում՝ պայմանավորված Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի կողմից Հայաստանի դրոշի ներքո միայն հանդես եկող մարզիկներին լավագույն տասնյակի թեկնածուների շարքում ընդգրկելով: Յուրաքանչյուր քվեարկությունից հետո հանրությունը դժգոհություն է հայտնում քվեարկության անցկացման կարգի վերաբերյալ, մարզասերները չեն ընդունում լավագույն տասնյակում Հենրիխ Մխիթարյանի կամ Լեւոն Արոնյանի բացակայությունը:

Կազմակերպիչները պարզաբանում են, թե տվյալ մարզիկները Հայաստանի համար մեդալներ չեն նվաճել:

Հայաստանի սպորտի նախարարի հանձնարարականով 2017 թվականի հունվարի 1-ից ստեղծվել է առանձին հանձնաժողով, որը կզբաղվի «Տարվա լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգի» նախագծի մշակմամբ: Հանձնաժողովը նախագահում է Արսեն Քարամյանը: Այս շրջանում Արսեն Քարամյանի գլխավորությամբ ընթանում են հանրային քննարկումներ, որի շրջանակում հունիսի 27-ին քննարկում անցկացվեց նաեւ մարզական լրագրողների հետ: Արսեն Քարամյանը դժգոհություն հայտնեց, որ քննարկման հրավիրված 20 մարզական լրագրողներից ներկայացել էին ոչ բոլորը:

Քննարկման ընթացքում հանձնաժողովի նախագահը լրագրողներին ներկայացրեց լավագույն տասնյակի որոշման կանոնակարգի լրամշակված նախագիծը:

«Քանի որ ամեն տարի լավագույն մարզիկների ընտրությունը մեծ տարաձայնությունների առիթ է հանդիսանում, նախագծում առաջարկում ենք քվերակությունը դարձնել երկու փուլով՝ sms հաղորդագրության միջոցով եւ գործող մարզական լրագրողների քվեարկության արդյունքով: Կարճ հաղորդագրության միջոցով քվեարկությանը մասնակից կդարձնենք հասարակությանը: Նախապես կազմված թեկնածուների ցանկով, կարճ հաղորդագրության միջոցով կպարզենք հասարակության թեկնածուներին, որոնք կկազմեն ընդհանուր քվեարկության ձայների 50 տոկոսը: Դրան կգումարվի արդեն լրագրողների քվեարկության արդյունքները, որոնք նույնպես պետք է կազմեն ձայների 50 տոկոսը: Այսկերպ կհամադրենք հուզականն ու մասնագիտականը եւ ավելի արդար արդյունք կստանանք: Կարճ հաղորդագրություն հնարավոր կլինի ուղարկել մեկ համարից միայն մեկ անգամ

Ըստ մեր առաջարկած մոդելի, նախարարությունը յուրաքանչյուր տարվա նոյեմբերից պարտավորվում է հրապարակել տարվա լավագույն 20 մարզական արդյունքներն արձանագրած մարզիկների աշխատանքը՝ ըստ դասակարգման Օլիմպիական խաղեր, աշխարհի, Եվրոպայի առաջնություն, շախմատի համաշխարհային օլիմպիադա, համաշխարհային ուսանողական խաղեր, միջազգային մրցաշարեր եւ այլն: Ինչ վերաբերում է Հայաստանից դուրս հանդես եկող մարզիկներին, ապա Հայաստանի սպորտի օրենքին հակասում է այլ երկիր ներկայացնող մարզիկին ճանաչել տարվա լավագույն մարզիկ»,- ասաց Արսեն Քարամյանը: 

Մարզական լրագրողներից մեկը դժգոհություն հայտնեց հանձնաժողովի կազմած սանդղակից, աբսուրդ համարելով սամբիստին տարվա լավագույն մարզիկ ճանաչելը եւ դրա կողքին չգնահատելը Լեւոն Արոնյանի կամ Հենրիխ Մխիթարյանի հաջողությունները մեծ սպորտում:

Չնայած քննարկման հենց մեկնարկից հանձնաժողովի նախագահը տրամադրված էր մարզական լրագրողներին համոզել թեկնածուների շարքում տեսնել միայն Հայաստանի համար մեդալներ նվաճածներին, այնուամենայնիվ հանդիպման ավարտին, Արսեն Քարամյանը եկավ այն համոզմունքին, որ լավագույն տասնյակում կարող է տեղ զբաղեցնել օրինակ՝ Հենրիխ Մխիթարյանը: Թե վերջնական ինչ որոշում կկայացվի, պարզ կլինի առաջիկայում:

Չի լինի նաեւ քվեարկությանը լրագրողների մասնակցության սահմանափակում աշխատանքային փորձի չափանիշով:

«Մարզական լրագրողների ֆեդերացիան քվեարկության սխալ ձեւ է մշակել եւ ստիպել լրագրողներին այդկերպ քվեարկել: Ես անձամբ Յուրա Ալեքսանյանի երեսին եմ ասում, որ ինքը շատ վատ բան է արել, նա գաղափարը փչացրել է՝ աշխատանքային 5 տարիների փորձ պահանջելով: Այդ պատճառով բոլոր այն լրագրողներն ու լրատվամիջոցները, որոնք չեն մասնակցել, ինչպես նաեւ NEWS.am Sport-ը, շատ ճիշտ են արել: Դա մասնակցելու բան չէր: Մեկ տարվա ակտիվ գործունեություն ծավալող յուրաքանչյուր սպորտային լրագրող կարող է եւ պետք է մասնակցի այս քվեարկությանը, որպեսզի մասնագիտորեն ճիշտ պատկեր ունենանք»,- նկատեց Արսեն Քարամյանը:

Խթանիչներ օգտագործած եւ տարիներ անց դրանց պատճառով որակազրկված մարզիկները տեղ չեն ունենա լավագույն մարզիկների թեկնածուների շարքում: Ըստ Արսեն Քարամյանի, բացառություն կլինի, եթե մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն, բայց պարզվել է, որ տարիներ առաջ խթանիչ է օգտագործել, նա եւս կարող է տասնյակում տեղ գտնել մինչեւ այն ժամը, երբ Միջազգային օլիմպիական կոմիտեն կամ միջազգային ֆեդերացիան լիարժեք կապացուցի մարզիկի մեղքը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ամեն տարի ճանաչում եւ պարգեւատրում էր Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի քվեարկությամբ ձեւավորված տասնյակը: Կարելի է ենթադրել, որ այսուհետեւ ՀԱՕԿ-ը հիմք կընդունի Սպորտի նախարարության այս մրցույթի արդյունքները: Հայտնի չէ, թե ինչու ՀԱՕԿ-ը չի կազմում միայն օլիմպիական մարզաձեւերի ներկայացուցիչների իր տասնյակը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։