Հենրիխ Մխիթարյան. Մոուրինյոն հաղթող է, նա մեզ մոտիվացնում է եւ տալիս անսահման հույզեր

19:40   23 հունիսի, 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան առցանց տեքստային ասուլիս է կազմակերպել իր պաշտոնական էջում: Հազարից ավելի հարցեր, մեկնաբանություններ եւ բարեմաղթանքներ են ստացվել: Դրանց մի մասին հայ ֆուտբոլիստն արդեն պատասխանել է:

«Մանչեսթեր Յունայթեդում» ես փորձում եմ անել հնարավորը, որպեսզի թիմը ավելի մեծ բարձունքների հասնի, ձգտում եմ ավելի մեծ նպատակներ դնել իմ առջեւ եւ իրագործել դրանք:

Նախորդ մրցաշրջանում իմ ամենահիշարժան խաղը Ստոկհոլմում կայացած ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղն էր: Մենք այնքան մեծ ջանգ գործադրեցինք այդ խաղում եւ շատ մեծ էր հաղթելու ցանկությունը: Իմ ամենակարեւոր գոլն էլ հենց այդ խաղում մեր թիմի երկրորդ գոլն էր:

Ես շատ երջանիկ եմ, որ մեր թիմը կարողացավ հաղթել Եվրոպայի լիգայում: Աննկարագրելի զգացողություններ ունեցա գավաթը գլխավերեւումս պահելիս: Դա իմ եւ մեր ամբողջ թիմի գերագույն նպատակն էր: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար մեծ պատիվ է լինել Եվրոպայի լիգայի հաղթող, բայց առավել մեծ պատիվ է, երբ քո թիմն է հասնում այդ հաղթանակին:

Ֆուտբոլ խաղալը շատ բարդ, բայց եւ հաճելի աշխատանք է: Եթե ցանկանում ես ֆուտբոլում հասնել ինչ-որ արդյունքի, պետք է նախեւառաջ հավատաս քեզ եւ անդադար աշխատես: Անպայման արդյունքն իրեն սպասել չի տա:

Բոլոր մանուկներին, ովքեր ցանկանում են ֆուտբոլիստ դառնալ խորհուրդ եմ տալիս հավատալ իրենց երազանքին եւ անպայման կհասնեն դրան: Կյանքում ամեն բան հնարավոր է, եթե դու հավատում ես ինքդ քեզ»:

Հարցին, թե ինչպես է իրեն զգում «Մանչեսթեր Յունայթեդում», Հենրիխ Մխիթարյանն պատասխանել է.

«Ինձ շատ լավ եմ զգում Մանչեսթերում, մեծ ցանկություն ունեմ ավելի շատ գոլեր խփելու, ավելի մեծ տիտղոսներ նվաճելու: Երբեք չեմ մոռանա Եվրոպայի լիգայում խփածս հաղթական գոլը: Հրաշալի էր գոլ խփելը եւ Գավաթը նվաճելը»:

Ժոզե Մոուրինյոյի մասին.

«Ժոզեն հաղթող է: Նա այնքան շատ է աշխատում, որպեսզի հաղթի յուրաքանչյուր խաղում, որպեսզի ապացուցի ինքն իրեն եւ բոլորիս, որ մենք կարող ենք տալ առավելագույնը՝ 100 տոկոսը: Նա մեզ մոտիվացնում է եւ տալիս անսահման հույզեր: Ես նրանից շատ բան եմ սովորել, վերցրել եւ շարունակելու եմ սովորել նոր մրցաշրջանում»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։