Միշա Ալոյան. Եթե պետությունը ցանկանար, վաղուց զրկած կլիներ ինձ պարգեւներից

21:26   22 հունիսի, 2017

Արգելված դեղամիջոցի օգտագործման համար Ռիո-2016-ի արծաթե օլիմպիական մեդալից զրկված ռուսաստանցի բռնցքամարտիկ Միշա Ալոյանից հետ չեն պահանջել պարգեւները, որոնք նա ստացել էր Ռիոյից վերադառնալուց հետ: Պետական միջոցներից Ալոյանը ստացել էր 4 միլիոն ռուբլի եւ BMW X4 ավտոմեքենա:

«Միջազգային օլիմպիական կոմիտեն կամ Միջազգային մարզական վճռաբեկ դատարանը չեն կարող ինձ զրկել պարգեւներից, դա մեր պետության գործն է: Եթե պետությունը ցանկանար, վաղուց վերցրած կլիներ: Բայց պետությունը հասկանում է, որ հարբուխի դեմ կաթիլը դոպինգ չէ, դա ստերոիդ կամ անաբոլիկ չէ: Աբսուրդ կլիներ զրկել ինձ պարգեւներից»,- Միշա Ալոյանի խոսքը մեջբերում է kp.ru-ն:

Հիշեցնենք, որ Միշա Ալոյանի դոպինգ թեստը դրական արդյունքն էր տվել, հայտնաբերվել էր արգելված դեղամիջոց՝ տուամինոգեպտան, որը լինում է մրսածության դեմ քթի կաթիլներում: Տվյալները հրապարակել էր Համաշխարհային հակադոպինգային գործակալության տվյալների բազան կոտրած ռուսական Fancy Bears հաքերական խումբը:

Ալոյանի մարզիչ Էդուարդ Կրավցովը հաստատել էր, որ մարզումային փուլում մարզիկն օգտագործել է կաթիլներ, որի մեջ կա տուամինոգեպտան: Սակայն բուժման նպատակով որեւէ դեղամիջոց օգտագործելուց առաջ օլիմպիականը պարտավոր է ստանալ թույլտվություն հակադոպինգային մարմիններից, ինչը Ալոյանի դեպքում չի արվել: Ալոյանը Fancy Bears-ի միակ զոհն է, քանի որ մյուս 126 մարզիկների դեպքում բժշկական թույլտվությունն առկա է:

Լոզանի մարզական վճռաբեկ դատարանը դեկտեմբերի 8-ին որոշում ընդունեց Ալոյանին Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալից զրկելու մասին:

Ալոյանն այժմ հանդես է գալիս պրոֆեսիոնալ ռինգում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։