Արմեն Մկրտչյանը հրաժարական է տվել դստեր առողջական խնդրի պատճառով

12:19   19 հունիսի, 2017

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական փոխչեմպիոն Արմեն Մկրտչյանը հրաժարական է տվել դստեր առողջական խնդրի պատճառով, անձնական դիմումի համաձայն: Նրան առայժմ կփոխարինի հավաքականի երկրորդ մարզիչ Հապետնակ Կուրղինյանը:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը:

«Արմեն Մկրտչյանը անձնական դիմումով հրաժարվել է հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից դեռեւս Թբիլիսիի մրցաշարից առաջ: Անձնական դիմումում մասնավորապես նշել է, որ խնդրում եմ ինձ ազատել պաշտոնից աղջկաս հիվանդության պատճառով:

Արմեն Մկրտչյանը Հայաստանից հեռացել է ընտանեկան խնդրի պատճառով: Նա շատ լավ արդյունք գրանցեց Հայաստանում, Եվրոպայի առաջնությունից վերադարձել են երեք բրոնզե մեդալով: Այս շրջանում հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել հավաքականի երկրորդ մարզիչ Հապետնակ Կուրղինյանը մինչեւ աշխարհի առաջնությունը, որից հետո արդեն պաշտոնապես կնշանակվի հավաքականի գլխավոր մարզիչ: Իսկ Արմեն Մկրտչյանի համար հավաքականի դռները փակ չեն: Եթե ընտանեկան խնդիրները լուծվեն, նա կարող է վերադառնալ հավաքական»,- ասաց ֆեդերացիայի մամուլի քարտուղարը:

2017 թվականի հունվարի 21-ից ազգային հավաքականը գլխավորած Արմեն Մկրտչյանն այս օրերին Հայաստանում չէ, մեկնել է Բելգիա:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։