Լեւոն Արոնյանը՝ Norway Chess-ի հաղթող

21:35   16 հունիսի, 2017

Լեւոն Արոնյանը նվաճեց Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտված Norway Chess սուպերմրցաշարի հաղթողի կոչումը` շախմատի պատմության մեջ մասնակիցների վարկանիշով ուժեղագույն մրցաշարը:

Վերջին տուրում Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց ամերիկացի Ուեսլի Սոի հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ վաստակելով 6 միավոր։ Առաջին տեղի համար հայ գրոսմայստերի միակ մրցակից, ամերիկացի Հիկարու Նակամուրան վերջին տուրում պարտվեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանային եւ մնաց երկրորդ տեղում՝ 5 միավոր։ Արոնյանը միանձնյա գրավեց առաջին տեղը։

Այս մրցաշարում Լեւոն Արոնյանը հաղթանակներ տարավ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսեն, աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի, աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի նկատմամբ, չկրեց ոչ մի պարտություն։

Նախորդ տարի Norway Chess-ում հաղթել էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, իսկ Լեւոն Արոնյանը գրավել էր երկրորդ տեղը:

Այս տարի մրցաշարի հաղթողի համար նախատեսված էր 70 հազար եվրո պարգեւ, երկրորդ տեղի համար՝ 40 հազար, երրորդ տեղի համար՝ 25 հազար եվրո:

Norway Chess-2017, 9-րդ տուր

Ուեսլի Սո (ԱՄՆ, 2812) - Լեւոն Արոնյան (Հայաստան, 2793)՝ 0,5։0,5

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2808) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2785)՝ 1։0

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2832)՝ 0,5։0,5

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2781) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796)՝ 0,5։0,5 

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2808) - Անիշ Գիրի (Հոլանդիա, 2771)՝ 1։0

Վերջնական մրցաշարային դրությունը. Լեւոն Արոնյան՝ 6, Նակամուրա, Կրամնիկ՝ 5-ական, Կարուանա, Սո, Գիրի՝ 4,5-ական, Վաշյե-Լագրավ, Անանդ, Կարլսեն՝ 4-ական, Կարյակին՝ 3,5։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։